Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտել է այսօր նախատեսված ավագանու հերթական նիստը


Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարում է, որ չի մասնակցի այսօր նախատեսված ավագանու հերթական նիստին՝ «հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը»։

Տարածած հայտարարությունում Երևանի ավագանու իշխող խմբակցությունը տեղեկացնում է, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, հետևաբար «դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»։

Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, հիշեցնենք, քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ Հարցը պետք է քննարկվի վաղը՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու արտահերթ նիստում։ Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում շեշտելով, որ Մարությանը իր երեք տարվա աշխատանքի շնորհիվ բավական մեծ, բավական բարձր հանրային վարկանիշ ունի՝ ասել էր, որ «այս ամբողջ պրոցեսի պատճառների բանալին պետք է փնտրել այդ փաստի հետևում»։

Երևանի քաղաքապետի պաշտոնում «Իմ քայլն» առաջադրելու է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը: Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված նոր թեկնածուն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը` ըստ օրենքի:

Գործող ավագանին 65 անդամ ունի, հետևաբար անհրաժեշտ է 33 ձայն, իշխող խմբակցությունն ավելին ունի։ Որոշման ընդունման դեպքում գործող քաղաքապետը վայր է դնում իր լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում:
XS
SM
MD
LG