Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն այսօր ոչ թե իշխանություն, այլ Հայաստանի ինքնիշխանություն է ուզում. Սերժ Սարգսյան


Հանրապետական կուսակցությունն այսօր ոչ թե իշխանություն, այլ Հայաստանի ինքնիշխանություն է ուզում, ՀՀԿ 17-րդ համագումարի ընթացքում հայտարարեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

2018-ի հեղափոխության արդյունքում իշխանությունից հեռացած Սարգսյանն իր ավելի քան 1 ժամ տևողությամբ ելույթի ընթացքում խիստ քննադատության ենթարկեց գործող իշխանություններին, Փաշինյանի կառավարությանը մեղադրեց սոցիալական, առողջապահական, դիվանագիտական ոլորտների ձախողումների, պատերազմի պարտության ու հասարակությանը քարոզչությամբ մոլորության մեջ գցելու համար։

Պաշտոնաթող նախագահն այսօր նաև անուղղակի կերպով արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին ուղղված մեղադրանքներին, թե ձախողված բանակցային գործընթաց է ժառանգություն թողել, պատերազմն էլ անխուսափելի էր։

«Ես թողել եմ բանակցային այնպիսի փաթեթ, որտեղ հայ ժողովրդի կենսական շահերը պաշտպանված էին, որտեղ Արցախի հայկական մնալը երաշխավորված էր, այն ընդունելի էր միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար: Դիվանագիտական ճակատում մեր լեզուն երկար էր, իսկ մեր դիրքերն ամուր էին ոչ միայն բանակցային հմտությունների, Արցախի խնդիրը խորությամբ պատկերացնելու, աշխարհի հզորների հետ ճիշտ աշխատանքի, այլև մեր փառապանծ բանակի շնորհիվ», - ընդգծեց Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը համոզված է՝ 44-օրյա պատերազմը հնարավոր էր կանխել։ Եթե անգամ ռազմական գործողությունները սկսվեին, հնարավոր էր խուսափել ծանր կորուստներից, նաև չեզոքացնել նոյեմբերի 9-ից հետո նոր սպառնալիքները:

«Օրինակ, բանավոր պայմանավորվածություններով տարածքային զիջումները թուլամորթություն էին, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ գերիների հետ կապված 8-րդ կետի կատարմանը չհասնելը և պատասխանատվությունից խուսափելու նպատակով նրանց բոլորին դասալիք անվանելը՝ տմարդություն, իսկ զինադադարի պայմաններում ութսունից ավելի նոր գերիների դեպքերը՝ անճարակության արդյունք», - հայտարարեց ՀՀԿ նախագահը:

2008-2018 թվականներին Հայաստանը ղեկավարած Սարգսյանը նաև իր կառավարման տարիներին անդրադարձավ, հայտարարեց, որ իրենք բազմաթիվ սխալներ ու բացթողումներ են թույլ տվել։ Որ երկրում կար անարդարության և կոռուպցիայի բարձր ընկալում. - «Որ բավարար կոշտություն չեմ ցուցաբերել իշխանության ներսում ծվարած և մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ: Որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ մինչև վերջ բաց ու հասկանալի լեզվով չեմ խոսել»:

Երրորդ նախագահը նաև Հանրապետական կուսակցության շարքերում տեղի ունեցած առնետավազքից խոսեց, ՀՀԿ-ն լքողներին անվանելով «պատեհապաշտ ժուլիկներ»։ Կուսակցության 17-րդ համագումարը 67-ամյա Սարգսյանը յուրօրինակ ջրբաժան է համարում: Հայտարարեց՝ այսօր և այստեղ, որպես քաղաքական ուժ, Հանրապետականը ինքնամաքրման գործընթացի այս փուլի ավարտն է ազդարարում։

17-րդ համագումարին լրագրողները Սարգսյանին հարցեր ուղղելու հնարավորություն չունեցան: Լրագրողների մուտքը միջոցառման սրահ արգելված էր, նրանց համար հատուկ սրահ էր առանձնացված։

17-րդ համագումարին Սերժ Սարգսյանը 14 տարվա ընթացքում արդեն 6-րդ անգամ գաղտնի քվեարկությամբ վերընտրվեց ՀՀԿ նախագահի պաշտոնում։ Համագումարին նաև կուսակցության գործադիր մարմնի կազմը փոխվեց։

Նոր անդամներ ընտրվեցին՝ Տիգրան Աբրահամյանը, Արմեն Աշոտյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Վահրամ Բաղդասարյանը, Մարգարիտ Եսայանը, Արտակ Զաքարյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մուշեղ Լալայան, Դավիթ Հարությունյանը, Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը, Գագիկ Մինասյանը, Աննա Մկրտչյանը, Սամվել Նիկոյանը, էդուարդ Շարմազանովը և Գալուստ Սահակյանը:

XS
SM
MD
LG