Մատչելիության հղումներ

Բայանդուրի և Երազգավորսի բնակիչները կողմ են, որ հայ-թուրքական սահմանը բացվի


Հայ-թուրքական սահմանին գտնվող Բայանդուրում ուշի-ուշով հետևում են երկու երկրների միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացին։ Կողմ են, որ սահմանը բացվի, կարծում են՝ գյուղերը կշահեն։

«Բացվի մեզ շատ լավ կլինի: Առաջ բաց էր, ամեն ապրանքը գալիս էր Գյումրի, էժան ամեն ինչը», - ասաց բայանդուրցիներց մեկը:

Գյուղացիները հայ-թուրքական կարգավորմանը կողմ են, բայց նաև հիշում են երկու երկրների պատմական բարդ հարաբերություններն ու ասում՝ զգուշավորություն ամեն դեպքում պետք է. «Քարը ջեբդ պահի, բայց հարևանություն արա»:

Երևանն ու Անկարան օրերս հայտարարեցին, թե պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։

Այս զարգացումներից քաջատեղյակ սահմանամերձ Երազգավորսում ևս դեմ չեն, որ ճանապարհները բացվեն: Գրիգոր Գրիգորյանի պապերը Մուշից են գաղթել, եթե սահմանը բացվի՝ նախնիների գյուղ կգնա։ Բայց թերահավատ է, թե արդեն երեք տասնամյակ փակ սահմանը կբացվի:

«Եթե բացվի, մեր նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշ գավառից, կարող ենք մենք ազատ գնալ-գալ, հանգիստ, առանց որևէ խոչընդոտի, լավ կլինի: Բայց ես կարծում եմ, որ թուրքերը կհամաձայնեն, հետո չեն կատարի իրենց խոստումները», - ասաց Գրիգորյանը:

Երազգավորսցի Գրիգորյանը համոզված է՝ հարևանի հետ հարևանություն պետք է անել, անկախ նրանից լավն է, թե վատը. - «Բացվելը ձեռնտու է մեզ համար, ուշ թե շուտ թուրքերը մեր հարևաններն են, անկախ այն բանից լավ հարևաններ են, թե վատ հարևան են, բայց հարևանություն պետք է անենք, էլի»:

70-ամյա Պարգև Գասպարյանը հիշում է՝ երբ գյուղը Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով դեռ չէր տեղափոխվել, ավելի մոտ էին ապրում թուրքերին: Ղարախան գետն էր բաժանում հայ-թուրքական սահմանը, կողք-կողքի աշխատում էին, բայց շատ չէին շփվում։

Հին գյուղը երկաթգծին մոտ է եղել, հետևել են, թե ինչ են բերում ու տանում դեռ խորհրդային տարիներից: «Գալիս կանգնում էին գծի վրա, տեսնում էինք, մեկ էլ անասունները բարձած բերում էին, մեկը մյուսի խաթրին կպնող չկար: Տամոժնի կար, ըտեղ ստուգում բաց էին թողնում, ստուգում էս կողմն էին բաց թողնում», - ասաց Գասպարյանը:

Հայ-թուրքական սահմանի գյուղերում այժմ սպասում են քաղաքական գործիչների որոշումներին. առայժմ հարևանների մասին հիշեցնում է միայն փշալարից այն կողմ թուրքական գյուղի մզկիթից լսվող նամազի ձայնը, երազգավորսցիների համար սա սովորական է, հյուրերն են զարմանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG