Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ի անդամ Արմեն Բիլյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման


«Սասնա ծռեր»-ի դատավարությունը, արխիվ
«Սասնա ծռեր»-ի դատավարությունը, արխիվ

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մասնակի բավարարեց դատախազության բողոքը և 2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Բիլյանին դատապարտեց 25 տարվա ազատազրկման, նա հենց նիստերի դահլիճում կալանավորվեց:

Բիլյանը մեղադրվում էր ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան համար, առաջին ատյանի դատարանը նրան արդարացրել էր՝ ապացույցների բացակայության հիմքով, վերաքննիչն այսօր բեկանեց այդ որոշումը։ Դատավորը հրապարակեց միայն վճռի եզրափակիչ մասը և չմանրամասնեց՝ արդյոք Բիլյանի մեղքն ապացուցող նոր հանգամանքնե՞ր են ի հայտ եկել, թե՞ ոչ։ Վճիռը դեռ տեղադրված չէ «Դատալեքս» համակարգում։

«Արմեն Րաֆիկի Բիլյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 25 տարի ժամկետով: Արմեն Րաֆիկի Բիլյանին արգելանքի վերցնել դատական նիստերի դահլիճում», - հայտարարեց դատավորը:

Գործի քննության ընթացքում Արմեն Բիլյանը շուրջ 5 տարի կալանավորված էր, ուստի նրա պատժի ժամկետը կկազմի 20 տարի ու 5 ամիս։ Նա այժմ վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորություն ունի։

Դատախազությունը նաև պահանջել էր մյուս երկու ոստիկանների՝ Յուրի Տեփանոսյանի և Արթուր Վանոյանի մահվան համար առաջին ատյանում 25 տարվա ազատազրկման դատապարտված Սմբատ Բարսեղյանի պատիժը խստացնել ու նրան ցմահ ազատազրկել, վերաքննիչը առաջին ատյանի սահմանած պատժաչափը անփոփոխ թողեց։

ՊՊԾ գնդի գրավման համար մի շարք հոդվածներով, այդ թվում՝ շենքեր-շինություններ զավթելու համար առաջին ատյանի վճռով 6-8 տարվա ազատազրկման ենթարկված «Սասնա ծռեր»-ի 8 առանցքային անդամներն էլ իրենց հերթին վերաքննիչ դատարանից պահանջում էին կամ արդարացնել իրենց, կամ էլ գործը նոր քննության ուղարկել։ Դատարանը զինված խմբի անդամների բողոքները մերժեց։

Նրանք շարունակում են ազատության մեջ մնալ, քանի դեռ բողոքների քննությունը չի ավարտվել, վերաքննիչի այսօր հրապարակած վճռից հետո նրանք ևս դեռ վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորություն ունեն։ Ավելի վաղ էլ վերաքննիչը մերժել էր զինված խմբի ղեկավարներից մեկին՝ Վարուժան Ավետիսյանին բուժման նպատակով արտերկիր մեկնելու թույլտվություն տալ։ Պաշտպանական կողմը պնդում է, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի։

«Սասնա ծռեր» զինված խումբը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք էր ներխուժել 2016-ի ամռանը, նրանք պահանջում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Խմբի անդամները երկու շաբաթ իրենց վերահսկողության տակ պահեցին ՊՊԾ գունդը, հետո հանձնվեցին իրավապահներին։ Ոստիկաններից երկուսը զոհվեցին գնդի գրավման ընթացքում, մեկը՝ հիվանդանոցում՝ ստացած հրազենային վնասվածքներից։

XS
SM
MD
LG