Մատչելիության հղումներ

Բելառուսական բանկերը միացել են ֆինանսական փոխանցումների ռուսական համակարգին


Միջազգային SWIFT համակարգից հնարավոր անջատման պատճառով բելառուսական բոլոր բանկերը միացել են ֆինանսական փոխանցումների ռուսական համակարգին, հայտնում է Ռուսաստանի կենտրոնական բանկը։

Ավելի վաղ ամերիկյան Bloomberg գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը քննարկում են Ռուսաստանի դեմ նոր «արմատական» պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ Ուկրաինա հնարավոր ռազմական ներխուժման դեպքում, դրանց թվում՝ նաև SWIFT համակարգից անջատումը։

SWIFT-ից Ռուսաստանի հնարավոր անջատման մասին տեղեկատվությունը բազմիցս հայտնվել է լրատվամիջոցներում 2014 թվականի գարնանից ի վեր, երբ արևմտյան երկրները սահմանեցին առաջին պատժամիջոցները՝ ի պատասխան Ղրիմի բռնակցման։ Կրեմլն այդ սցենարն անվանել է «քիչ հավանական», այնուհանդերձ, Ռուսաստանի իշխանություններն «անվտանգության նկատառումներով» ստեղծել են ֆինանսական փոխանցումների սեփական համակարգը և ազգային վճարային քարտերի համակարգը:

Անցյալ տարվա օգոստոսից՝ Բելառուսում նախագահական ընտրություններից և դրանց արդյունքներից բողոքող ցուցարարների դեմ զանգվածային բռնաճնշումներից հետո, Արևմուտքը պարբերաբար ընդլայնում է պատժամիջոցները պաշտոնական Մինսկի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG