Մատչելիության հղումներ

Օլաֆ Շոլցը՝ Գերմանիայի նոր կանցլեր


Օլաֆ Շոլցը ստացել է Գերմանիայի կանցլերի վկայականը, 8-ը դեկտեմբերի, 2021թ.
Օլաֆ Շոլցը ստացել է Գերմանիայի կանցլերի վկայականը, 8-ը դեկտեմբերի, 2021թ.

Գերմանիան նոր կանցլեր ունի։ Բունդեսթագի այսօրվա նիստում սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Օլաֆ Շոլցն ընտրվեց կանցլեր։

«Նախագահը (Ֆրանկ Վալտեր Շտայմայերը) ինձ տեղեկացրել է, որ Գերմանիայի Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Գերմանիայի խորհրդարանին առաջարկում եմ պարոն Օլաֆ Շոլցին ընտրել կանցլեր», - ասաց Բունդեսթագի խոսնակ Բարբել Բասը, իսկ քվեարկությունից հետո ամփոփելով արդյունքները հայտարարեց, - «պարոն Շոլցը հավաքել է անհրաժեշտ մեծամասնություն, առնվազն 369 ձայն։ Հիմնվելով Գերմանիայի Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ կետի վրա նա ընտրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր»։

Շոլցն ավելի շատ ձայն ստացավ, քան անհրաժեշտ էր ընտրվելու համար. կողմ քվեարկեցին 395 պատգամավոր, դեմ՝ 303-ը։

Բուդեսթագում կայացած ընտրությունից հետո երկրի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նրան հանձնեց կանցլերի վկայագիրը, որից հետո Բուդեսթագում կայացավ նոր կանցլերի և կառավարության անդամների երդմնակալության արարողությունը։

Նախկին կանցլեր Անգելա Մերկելը 16 տարվա իշխանությունից հետո հեռացավ ծափահարությունների ներքո։

Հետպատերազմյան Գերմանիայի 9-րդ կանցլեր, 63-ամյա Օլաֆ Շոլցը Մերկելի կառավարությունում 2007-2009 թվականներին զբաղեցրել է աշխատանքի նախարարի պաշտոնը, 2011-2018-ը Համբուրգի քաղաքապետն էր, իսկ 2018-ից վերադառնալով կառվարություն՝ Գերմանիայի փոխկանցլերն էր ու ֆինանսների նախարարը։

Անցած սեպետեմբերին Օլաֆ Շոլցի գլխավորած սոցիալ- դեմոկրատները հաղթեցին ընտրություններում։ Մերկելը չմասնակցեց ընտրություններին ու նրա Քրստոնեա- դեմոկրատների միությունը պատմության ընթացքում գրանցեց վատագույն ցուցանիշը՝ 24 տոկոսից քիչ ավելի։

Սոցիալ- դեմոկրատների առավելությունը մեծ չէր, նրանք հաղթեցին 1,5 տոկոսի տարբերությամբ և ստացած ձայները բավարար չէին կառավարությունը միայնակ կազմելու համար։ Ընտրություններից հետո մեկնարկած բանակցությունների արդյունքում սոցիալ- դեմոկրատները և Բունդեսթագ անցած մյուս ուժերը՝ «Ազատ դեմոկրատներն» ու «Կանաչները» երեկ համաձայնագիր էին ստորագրել կոալիցիա կազմելու և կառավարություն ձևավորելու մասին։

Գերմանիայի նոր կառավարությունը 17 նախարար ունի, մեկով ավելի, քան Մերկելի կառավարությունը։

Նոր կառավարությունը անմիջապես անցնում է գործի։ ԱԳՆ նախարար, «Կանաչների» ներկայացուցիչ Անալենա Բերբոկը այսօր երեկոյան մեկնելու է Փարիզ։ Հինգշաբթի առավոտյան նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ։ Փարիզից նա մեկնելու է Բրյուսել՝ հանդիպելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ու Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատարին, իսկ ուրբաթ օրը Վարշավայում նա բանակցելու է Լեհաստանի իր գործընկերոջ հետ։

Գերմանիայի նոր ԱԳՆ նախարարի այսօրվանից մեկնարկող արտասահմանյան առաջին այցի ու նախատեսված հանդիպումների մասին տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

XS
SM
MD
LG