Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի Քարաբերդում խմելու ջրի խնդիրը ձմռանն է'լ ավելի է սրվել


Քարաբերդցիները դարձյալ բողոքում են համայնքի ջրամատակարարումից։
Քարաբերդցիները դարձյալ բողոքում են համայնքի ջրամատակարարումից։

Ամիսներ շարունակ տարբեր դռներ թակելն անօգուտ է մնացել. գյուղում ջուրը լավագույն դեպքում տասն օրը մեկ է գալիս, այն էլ ՝մի քանի ժամով։ Երբեմն ընդհատումը քսան օր է տևում։

Ամիսներ շարունակ տարբեր դռներ թակելն անօգուտ է մնացել. գյուղում ջուրը լավագույն դեպքում տասն օրը մեկ է գալիս, այն էլ ՝ մի քանի ժամով։ Երբեմն ընդհատումը քսան օր է տևում։

Հուսահատ քարաբերդցիները արդեն չգիտեն ինչ անեն, որ վերևներում մի պարզ բան հասկանան՝ առանց ջուր ապրելն անհնար է, չեն կարող անընդհատ հարևան համայնքներից բերել։ Գյուղի կենտրոնում հավաքված գյուղացիները իրար հերթ չտալով իրենց դժգոհությունն էին հայտնում:

«Գեղի վաթսուն տոկոսը մի ամիս ջուր չունի, մնացած քառասուն տոկոսը քսան օր ջուր չունի»։ «Փաշինյանն էս գեղի տեղը կհիշե՞»...

Գյուղ մտնող ավտոմեքենաները ջրով լի տարաներով են բեռնված։ Դրա համար մոտակա Մարալիկ են հասնում, երբեմն օրական մի քանի անգամ:

Մարալիկի աղբյուրի մոտ ջրի հերթ էր. քարաբերդցիները բան ու գործ թողած ջուր կրելով են օրն անցնում: «Էսի գոյատևելու է, էսի կյանք չէ։ Իրեք հատ անչափահաս փոքր էրեխա ունենք տանը։ Էդ երգի՞ր է, որ մենք կապրինք», - ասում է մի տղամարդ՝ հավելելով, որ օրը մի քանի անգամ ջրի համար հասնում է Մարալիկ։

Իշխանություններից հույսը կտրած քարաբերդցիներին օգնության են հասել ձյան տեղումները. տարաները շարել են, որ հալոցքի ջուրը անասուններին տան և նույնիսկ կենցաղային գործերն անեն, և սա, ասում են՝ 21-րդ դարում։

Քարաբերդցիները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Ջրի սակավության պատճառով կովերի և' կաթնատվությունը, և' մսատվությունն է ընկել, ոմանք ստիպված հարկադիր մորթել են կենդանիներին։

Ավելի քան հազար բնակիչ ունեցող Քարաբերդի վարչական ղեկավար Կոլյա Ասատրյանն ասում է, թե ջրի հարցով տարբեր իրավասու կառույցների են դիմել, բայց անօգուտ։ Վարչական ղեկավարին ասել են՝ պատճառը սակավաջրությունն է։

Խոշորացված համայնքի ավագանին որոշում է կայացարել, որ գյուղի ջրի ցանցը սպասարկի «Վեոլիա ջուրը», սակայն ընկերությունը հրաժարվել է: «Որոշում էլ կա ավագանու, մոտ երկու տարի առաջ ենք հանել, որ գյուղի ներքին ցանցը հանձնենք «Վեոլիային», գա ինքը սպասարկե գյուղը մանրածախով, գյուղին ապահովե շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Բայց ինքը հրաժարվել է՝ պատճառաբանելով արտաքին ցանցը։ Որոշ խնդիրներ կա, բայց հիմնական պատճառը ջրի երևի սակավ էղնելն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասատրյանը։

Շիրակի մարզի համայնքների ջրի հարցը ամեն դեպքում «Վեոլիա ջուր» ընկերությունն է լուծում, բայց հարևան Արագածոտի մարզի Թալինի տեղամասը:

Ամիսներ առաջ, երբ անդրադարձել էինք այս նույն խնդրին, ընկերության Թալինի տեղամասի պետ Նարեկ Ավետիսյանն «Ազատությանն» ասել էր, թե սակավաջրությունն է Քարաբերդի ջրի խնդրի պատճառը:

Այնինչ գյուղացիները այլ կարծիքի են. - «Պատճառը մեր ջուր տվողներն են։ Թալինի ջուրն է, Փալինից է գալիս, էդ ջուրբաժանը... մարդկային գործոն է։ Էն մեկը իրա գյուղին կբացե, էն մյուսը իրա գյուղին կբացե, մեզի ներկայացուցիչ չկա ընտեղ, մենք էլ կմնանք առանց ջրի»։

Քարաբերդցիները խնդրի լուծման համար պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել՝ ճանապարհ փակել, բայց դեռ մի քանի օր էլ կսպասեն իշխանությունների արձագանքին։

XS
SM
MD
LG