Մատչելիության հղումներ

Եղեգնուտը 36 տարի ղեկավարած համայնքապետը հիմա էլ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում է


Եղեգնուտցիների բողոքի ցույցը 2018 թվականին՝ համայնքապետի հրաժարականի պահանջով։
Եղեգնուտցիների բողոքի ցույցը 2018 թվականին՝ համայնքապետի հրաժարականի պահանջով։

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ի 36 տարվա համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը հիմա էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ապագա կա» խորագրով նախընտրական պաստառի վրա է։

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ի 36 տարվա համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը հիմա էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Ապագա կա» խորագրով նախընտրական պաստառի վրա է։

«Ով առաջադրեր, նրա հետ էլ կմասնակցեի ընտրություններին։ Խի՞ չէ որ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Մարգարյանը շեշտեց, որ գյուղապետի պաշտոնը տասնամյակներով պահպանում է ոչ այն պատճառով, որ հարմար պահի հարում է հարմար կուսակցությանը. - «Ես ընդհանրապես ոչ մի կուսակցության չեմ հարել։ Ես աշխատել եմ խորհրդային ժամանակներից, խորհրդային ծագում ունեմ, կոմունիստական կուսակցական տոմս եմ ունեցել, կոմունիստ եմ էղել»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արխիվներն այլ բան են արձանագրել։ Օրինակ, 5 տարի առաջ նա հանրապետական էր, հանրապետականն էլ առաջադրել էր համայնքապետի թեկնածու։

Մարգարյանը երկարակեցության այլ հիմքեր է նշում, բազմաթիվ այլ հիմքեր. - «Գազաֆիկացումը, հուշարձանը, զոհվածի գերեզմանը, մանկապարտեզը, գրասենյակի շենքը, բուժկետը»...

Իրեն համարում է տնտեսական գործիչ՝ անկախ փոփոխվող պաստառներից. - «Քաղաքականությունը ընդհանրապես իրա էությամբ, բովանդակությամբ... մի սրիկա բառ կա, ասում են, խուլիգանական բառ կա, ասում են... քաղաքականությունը դա է։ Իրա կոչումը ճիշտ տված ա... չգիտեմ, դա ժողովո՞ւրդն ա տվել, թե՞ փիլիսոփա մարդիկ են տվել։ Մեր ամբողջ երկիրը քաղաքականությամբ ա զբաղված»...

«Ազատության» հակադարձմանը, թե ինքն էլ նրանց շարքում է, տարակուսեց. - «Բայց մի՞թե համայքնի ղեկավարը քաղաքական գործիչ ա... Այ քեզ նորությո՜ւն»։

Եղեգնուտը 30 այլ գյուղերի հետ խոշորացվում է Մեծամորի կազմում, այս կիրակի ընտրություններ են։ Մեծամորի ավագանու թեկնածու է Ռազմիկ Մարգարյանը՝ Եղեգնուտում վարչական ղեկավար նշանակվելու հեռանկարով։

Այս գյուղը հեղափոխությունից հետո լրահոսի ամենաթեժ հոսքն էր ապահովում։ Հենց հեղափոխությունից հետո էր, որ գյուղը սկսեց պահանջել Մարգարյանը հրաժարական՝ թե 34 տարի համայնքը թալանել է։ Գյուղում և կառավարության շենքի մոտ անդադար ցույցեր էին՝ «Նոր Հայաստան, Նոր Եղեգնուտ» կարգախոսով։

Մարգարյանը կարճ ժամանակով հեռացավ, հետո վերականգնվեց՝ տևական շրջան գյուղում դրոշների ու գյուղապետարանների խառնաշփոթ էր, մի քանի գյուղապետ ու ըստ այդմ էլ՝ մի քանի գյուղապետարաններ կային։

Իսկ հիմա հեղափոխության հեռացրած համայնքապետը հեղափոխական ուժի պաստառի վրա է։ Նրա հեռացումը պահանջողների շարքում Ռազմիկ Աբրահամյանն էր, ով հիմա Հայ հեղափոխական դաշնակցության պաստառի վրա է։

Երկուսն էլ Մեծամորի ավագանու թեկնածուների ցանկում են, մեկը «Քաղաքացիական պայմանագրի», մյուսը՝ Հայ հեղափոխական դաշնակցության։ Մեծամորի ընտրություններում հենց այս երկու ուժերն են մասնակցում։

Ռազմիկ Աբրահամյանն ասում է՝ մրցակցի քաղաքական կուրսի փոփոխությունը իրեն չի զարմացնում. - «Ամեն կուսակցության հետ էլ քայլել ա։ Չգիտեմ իրա նվիրվածությունը ոնց ա էղել... քայլել ա։ Մենք նկատել ենք, որ ընդհուպ դաշնակ էլ ա էղել ինքը, Դաշնակցության հետ էլ ա քայլել»։

Աբրահամյանը շեշտեղ, որ ինքը 90-ականներից է Դաշնակցության հետ. - «90-ականներից, երդում կերած՝ իմ մոտ անփոփոխ ա եղել։ Միանշանակ»։

2018 -ին որպես դաշնակցական է պահանջել գործողի հրաժարականը, մոլորված չէր. - «Դե, ես իմ կուսակցության հետ քայլել եմ 18 թվականին, քանի որ մեր կուսակցությունը քայլում էր հեղափոխության քայլերթով։ Որ երկրին փոփոխություն լինի»։

Եղեգնուտցիները վերջին մի քանի տարում այնքան սկանդալներ տեսան... Գյուղապետարանի շենքը մինչև հիմա փակ է ՝ բանալին չգիտեն ուր է։ Ռազմիկ Մարգարյանի եղբոր դեղատան գլխին դրոշ է ծածանվում, որովհետև գյուղապետարանն այդտեղ է գործում։ Գյուղը ավագանի չունի, երեք տարի է Եղեգնուտի տեղական ինքնակառավարումը քաոսի է վերածվել։

Եղեգնուտցիները հույս ունեն, որ ավագանու այս ընտրություններով հարցը կփակվի, Մեծամորի նորընտիր ավագանին կընտրի համայնքանպետին, նա էլ Եղեգնուտում կնշանակի վարչական ղեկավար։

Եղեգնուտի փողոցներում ընտրություններից մի քանի օր առաջ նախընտրական որևէ եռուզեռ չկա. մեկ պաստառ ՀՅԴ թեկնածուն ունի, մի քանիսը՝ «Քաաղաքացիական պայմանագրի» թեկնածուն։ Գյուղացիներն ասացին ՝ պաստառները ավելի շատ էին, բայց անձրևները ջրեցին-ջնջեցին դրանք։

XS
SM
MD
LG