Մատչելիության հղումներ

Մի խումբ եղեգնուտցիներ պահանջում են գյուղապետի հրաժարականը, նրան մեղադրելով «թալանի» մեջ


Եղեգնուտցիները պահանջում են գյուղապետի հրաժարականը, 2-ը հուլիսի, 2018 թ․
Եղեգնուտցիները պահանջում են գյուղապետի հրաժարականը, 2-ը հուլիսի, 2018 թ․

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը գյուղը ղեկավարում է դեռ խորհրդային տարիներից՝ արդեն 34 տարի: Այսօր գյուղապետարանի առջև հավաքված մի խումբ գյուղացիներ պնդում էին՝ նա 34 տարի «թալանել է» գյուղն ու ահուսարսափի մթնոլորտ ստեղծել: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին գյուղապետի հրաժարականը:

Բողոքի ակցիայի ընթացքում համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը գյուղապետարանում չէր, աշխատակիցներն ասացին՝ մարզպետարան է գնացել: Եղեգնուտցիներն «Ազատության» հետ զրույցում նշեցին՝ Մարգարյանն իր պաշտոնավարման տարիներին հիմնականում իր բարեկամների ու մերձավորների ընտանիքներին է, որպես անապահովների, գյուղի բյուջեից դրամական օգնություն հատկացրել: Գյուղացիները նաև բողոքեցին՝ գյուղում խմելու և ոռոգման ջուր չկա․ երբ շուրջօրյա ջրամատակարարում են ունենում՝ նշանակում է, որ գյուղում մարդ է մահացել:

«Գյուղի 80 միլիոն բյուջեն թալանվել ա: Օգնություն ա ստացել Մարգարյան Վարդանը, իր եղբայրը, 30 հազարից մինչև 100 հազար օգննություն, որպես սոցիալապես անապահով: Գևորգյան Լևիկը, խնդրեմ՝ երկու հարկանի տուն ունի, մեքենաներն էլ բակում կանգնած, որպես անապահով ըանտանիք՝ օգնությոն ա ստացել: Մարգարյան Քերոբ՝ դպրոցի տնօրենի հայրը: Նրանք բոլորից առավել ապահովված են»,- «Ազատությանն» ասաց եղեգնուտցիներից մեկը:

27 տարեկանից գյուղը ղեկավարող Ռազմիկ Մարգարյանն արդեն 61 տարեկան է: «Ազատության» հետ հեռախոսզույցում նա ասաց, թե 30-40 հոգու պահանջով հրաժարական չի տա: Ավելին՝ մտադիր է նորից առաջադրել իր թեկնածությունը: Հերքեց իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները․ «Իմ ազգի մեջ անապահով ընտանիք գոյություն չունի, էդ թեման փակենք: Էդ ամեն ինչը ցուցակներով ա գնում: Եթե ես ահուսարսափ տարածող լինեի, չէի ընտրվի: Սովորական աշխատող մարդ եմ»:

Ռազմիկ Մարգարյանն ասաց նաև, թե բողոքողների «95 տոկոսը» ունեն հսկայածավալ պարտքեր ու ոչ մի լումա չեն մուծել: «Հավանաբար, որպեսզի էդ պարտքերից ազատվեն, որոշել են, որ էս ճանապարհով կազատվեն»,- ասաց գյուղապետը: Ինչ վերաբերում է ջրին, ապա, նրա խոսքով, մերձակա բոլոր գյուղերին էլ «ընդամենը 2 ժամով են ջուր տալիս», բացի այդ՝ «բոլորն էլ իրենց բակերում ջուր ունեն»:

Մեկ ժամից ավելի գյուղապետարանի շենքի առջև համայքնի ղեկավարի հրաժարականը պահանջող եղեգնուտցիները հայտարարեցին, թե չեն հեռանա մինչև նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը չգա ու չլսի իրենց: Հենց տեղում կապվեցինք մարզպետի հետ: Վերջինս ասաց, թե տեղյակ չէ , որ գյուղացիներն իրեն են սպասում: Հայտնեց նաև, որ այս պահին գյուղերում շրջայցի է, երեկոյան պատրաստ է ընդունել ու լսել եղեգնուտիցների դժգոհությունները:

Եղեգնուտ համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող գյուղացիները բողոքի ակցիան դադարեցրին, որպեսզի երեկոյան գնան մարզպետի հետ հանդիպման: Ասացին՝ եթե պատասխանն իրենց չբավարարի՝ բողոքի ակցիաները շարունակելու են արդեն Երևանում՝ կառավարության շենքի առջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG