Մատչելիության հղումներ

Ժամկետանց անձնագրով քաղաքացիները հանվել են ընտրացուցակներից, բայց քվեարկել կկարողանան


Խորհրդարանի վերջին ընտրությունների համեմատ Վանաձորի ընտրական ցուցակներում ընդգրկվածների թիվը 2500-ով նվազել է, չնայած Լոռու մարզկենտրոնը խոշորացվել է, նրան են միացել շրջակա 3 գյուղեր։ ԱԺ ընտրություններին այս գյուղերի ընտրողների ընդհանուր թիվը 3400 էր։ Այսինքն, պետք է որ այդքանով ավելանար ընտրության իրավունք ունեցողների թիվը, բայց 2500-ով նվազել է։

Բանն այն է, որ ՏԻՄ ընտրություններից առաջ ուժի մեջ է մտել ընտրական փոփոխված օրենսգրքի այն կետը, ըստ որի ընտրական ցուցակներում չեն ընդգրկվում առնվազն 6 ամսվա ժամկետանց անձնագրեր ունեցողները։ Վանաձորում ԱԺ ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 96 հազար 300 ընտրող։ Սա գրեթե 19 հազարով ավելին է, քան մարզկենտրոնի մշտական բնակիչներն են` ըստ 2019 թվականի պաշտոնական տվյալների։

Թիվ 23 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանն «Ազատությանն» ասաց՝ այն քաղաքացիները, որոնք իրենց բնակության վայրում են ժամկետանց անձնագրով ու չեն ընդգրկվել ընտրացուցակներում, չեն զրկվի ընտրական իրավունքից. «Օրենքի այդ մասն էլ է ուժի մեջ մտել` եթե մեր քաղաքացու անձնագրի ժամկետը 6 ամսից ավելի անցել է, ուրեմն նա ցուցակում չի լինելու, բայց սա չի նշանակում, որ ինքը կզրկվի ընտրելու իրավունքից, այդ օրը կմոտենա անձնագրային սեղան, տեղեկանք կվերցնի, և լրացուցիչ ցուցակով նրան հնարավորություն կընձեռվի իր ընտրությունը կատարել»:

Այս փոփոխությունը նախաձեռնողներից մեկը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փորձագետ Վարդինե Գրիգորյանը նշում է՝ եթե քաղաքացին 6 ամսից ավելի ձեռք չի բերել վավեր փաստաթուղթ, ենթադրվում է, որ նա Հայաստանում չէ։ Հետևաբար, փորձագետի գնահատմամբ, սա ուռճացված ընտրական ցուցակները մաքրելու լավագույն եղանակներից մեկն է:

«Մենք հստակ գիտենք, որ Վանաձորում օրինակի համար, երբ նայում ենք վիճակագրական տվյալները մշտական բնակչության ու ընտրացուցակների, հաստատ մի քանի տարի առաջ եմ ստուգել, որ այդ ժամանակ 117 տոկոս էր: Ստացվում է, որ Վանաձորի բնակչության 117 տոկոսը ընտրող է, ինչը, բնականաբար, աբսուրդ է: Չի կարող ընտրողների թիվը ավելի բարձր լինել, քան բնակիչների թիվը: Սա հնարավորություն է տալիս, որ մի քիչ ավելի իրատեսական լինեն թե ցուցակները, թե համապատասխան մասնակցության տոկոսը», - նշեց Գրիգորյանը:

Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Վարդինե Գրիգորյանն ասում է՝ օրինակ` Գյումրիում այս մեխանիզմով ընտրական ցուցակներից մի քանի տասնյակ անուն էր հանվել։ Դիտարկել են ու պարզել, որ անվավեր անձնագրերով ընտրական տեղամասեր գնացողները չափազանց քիչ են եղել։ Նրանք ընտրությանը մասնակցել են լրացուցիչ կազմված ցուցակներով։ Այսինքն` սա ևս մեկ անգամ փաստում է, որ ժամկետանց փաստաթուղթ ունեցողները հիմնականում Հայաստանից դուրս են։

«Ոստիկանության անձնագրային բաժինը համոզված էր ու այն ժամանակ էլ որ ներկայացնում էր, միակ միջոցն էր սա` օրինական կերպով ընտրացուցակները մաքրելու, որովհետև ուրիշ մեխանիզմ հնարավոր չի, այսինքն` եթե կան ՀՀ քաղաքացիներ, ովքեր քաղաքացիությունից նույնիսկ հրաժարվել են, շատ վաղուց Հայաստանում չեն կամ մնացել են արտերկրում, դրա մասին պետությունը տեղյակ չի, պետությունն իրավունք չունի իրենց անունը հեռացնելու ցուցակներից: Փաստացի մենք միշտ որ խոսում ենք ուռճացված ցուցակների մասին, շատերն են խոսում, որ մարդիկ 20 տարի Հայաստանում չեն, բայց ցուցակներում կան, խնդիրը հենց այն էր, որ օրինական ոչ մի իրավունք չկար` այդ մարդկանց անունը հանելու այդ ցուցակից:

Տարբեր հաշվարկներ էին ասում {թե քանի տոկոսով են մաքրվել ցուցակները}, բայց մինչև 10-15 տոկոս»:

4 օրից Վանաձորում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են։ Այսօր արդեն թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողով էին հասել բոլոր քվեաթերթիկներն ու քվեատուփերը։ Վաղն արդեն դրանք կտեղափոխվեն ձևավորված 63 տեղամասային կենտրոններ։

XS
SM
MD
LG