Մատչելիության հղումներ

Գյումրիի կենտրոնում ապամոնտաժվում է 88-ի երկրաշարժից վթարային դարձած Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքը


Գյումրիի կենտրոնում ապամոնտաժվում է նախկին Տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքը։ 33 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի վերջին՝ տխուր սիմվոլներից մեկը դարձած շենքը վթարային էր ու մաս-մաս փլուզվում էր։

Քանդման ենթական շենքը չէր ապամոնտաժվում, քանի որ բնակիչներ ուներ։ Վերջիններս հրաժարվում էին դուրս գալ տարածքից՝ պահանջելով հենց տեղում՝ քաղաքի կենտրոնում իրենց բնակարան հատկացնել։ Ի վերջո քաղաքային իշխանությանը հաջողվել է տասնամյակներ շարունակ հանրակացարանի շենքում ապրող երկու միայնակ տարեց կանանց հետ համաձայնության գալ, նրանք նորակառույց սոցիալական բնակարաններ են տեղափոխվել։

Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, սակայն, ասում է՝ շենքի մի հատվածում բնակիչների խնդիրը չի լուծվել ու ապամոնտաժումը այդ մասում չի իրականացվում, մինչև դրսում գտնվող տանտերերին գտնեն: Նրանցից շատերը սեփականության իրավունք ունեն։

«Մարդիկ կան էդ երկրորդ մասից, երկրում չեն, տարբեր մարզերից են։ 2018 թվականին իրենց նախազգուշացվել է, որ «վթարային վիճակ է, դուք ձեր սեփականության հետ կապված, օրենքի կետին համապատասխան, պետք է գաք, ուսումնասիրենք», չեն եկել, հիմա փորձում ենք գտնել մեր քաղաքապետարանի ունեցած ռեսուրսով, որ հնարավորինս երկրորդ մասի սեփականատերերի հետ ընդհանուր համաձայնության գա նոր սեփականատերը, որ կարողանանք երկրորդ մասն էլ ապամոնտաժել՝ էդ վթարային, վտանգավոր վիճակից խուսափելու համար։ Հին սեփականատերերն իրենց պահանջներն ունեն, հիմա բանակցային փուլում է, մենք էլ ենք մեր հերթին միջամտում, որ հանկարծ էնպես չստացվի, որ չկարողանան ընդհանուր հայտարարի գալ և տուժվի քաղաքը ու մնա էդ տգեղ վիճակը, որը որ տարիներ շարունակ մնացել է», - ասաց Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ թույլատրելու են, այդտեղ գեղեցիկ, քաղաքի տեսքին համապատասխանող շենք կառուցել։ Թե ինչ է կառուցվելու Գյումրիի հայտնի Տեքստիլ գործարանի աշխատողների համար որպես հանրակացարան ծառայած այս շենքի տեղում, դեռ պարզ չէ, ապամոնտաժվող հատվածի սեփականատերը համայնքապետարանին առայժմ առաջարկ չի ներկայացրել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG