Մատչելիության հղումներ

Լոնդոնում տեղի է ունեցել «Բազմավեպի» շեքսպիրագիտական հատորի շնորհանդեսը


Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնի ազգագիրը։
Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնի ազգագիրը։

Դեռ նախորդ դարի կեսերին Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտում անվանի շեքսպիրագետ Ռուբեն Զարյանի նախաձեռնությամբ բացվեց շեքսպիրագիտական կենտրոնը, որը հետագա տասնամյակներում շատ մեծ դեր խաղաց Հայաստանում շեքսպիրագիտության զարգացման համար։

Եվ ահա կես դար անց 2016 թվականին թատերագետ, արվեստաբան Հասմիկ Սայմուրի նախաձեռնությամբ և ջանքերով Շեքսպիրի հայրենիքում՝ Մեծ Բրիտանիայում բացվեց Հայ շեքսպիրյան միությունը, որի նպատակներից մեկն է նաև եվրոպացիներին ներկայացնել Շեքսպիրի 200-ամյա ներկայությունը հայ իրականության մեջ՝ թե' թարգմանաբար, թե' թատերական ասպարեզում։

Հասմիկ Սայմուրը վերջերս Հայաստանում էր՝ մասնակցելու Շեքսպիրյան ամենամյա միջազգային թատերական փառատոնին։ «Ազատության» հետ զրույցում նա գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը Շեքսպիրյան եվրոպական փառատոների ցանցի անդամ է, իսկ այդ ցանցին մասնակից երկրների թիվը մեծ չէ. - «Ես հպարտորեն պիտի ասեմ, որ Հայաստանը ոչ միայն տարածաշրջանի միակ երկիրն է, որ այդ համացանցի անդամ է, այլև ողջ նախկին Խորհրդային Միության մեջ ոչ մի այլ երկիր չկա, որ անդամ է Եվրոպական շեքսպիրյան համացանցի։ Հայ ժողովուրդը, հայ մշակույթը ունի մեծ տրադիցիա ոչ միայն շեքսպիրյան թարգմանությունների, այլև բեմադրությունների»։

Ինչ վերաբերում է Հասմիկ Սայմուրի ջանքերով ճիշտ 5 տարի առաջ Լոնդոնում հիմնադրված Հայ շեքսպիրյան միության գործառույթներին, ապա դրանք միայն գիտական են և նպատակ ունեն ներկայացնելու միջազգային հանրությանը հայկական շեքսպիրագիտական ձեռքբերումները. - «Մենք կազմակերպում ենք միջազգային գիտաժողովներ, հրավիրում ենք շեքսպիրագետներին Հայաստան։ Դա լինում է ամեն տարի, բայց, ցավոք սրտի, վերջին երկու տարիներին քովիդի պատճառով մենք ի վիճակի չէինք կազմակերպել այստեղ։ Առաջինը եղել է 2016 թվականին Երևանում, 2018 թվականին՝ կրկին Երևանում, և 2019 թվականին՝ Վենետիկի Սամուել-Մուրադ վարժարանում։ Ի դեպ, մեր նպատակներից է գրքեր հրատարակելը։ Այս տարի ես հրատարակել եմ երկու գիրք։ Մեկը լույս է տեսել Անգլիայում, դա միայն շեքսպիրագիտական հոդվածներ են, կոչվում է «Ճամփորդող Շեքսպիրը»։ Տարբեր երկրների գիտնականներ, հիմնականում եվրոպացիներ ունեն հոդվածների իրենց ազգային շեքսպիրյան ներկայացումների և թարգմանությունների մասին։ Իմ մասը ներկայացնում է Շեքսպիրի մուտքը հայերեն լեզվով, առաջին թարգմանությունները, առաջին բեմադրությունները, 19-րդ դար։ Դա նույնիսկ մինչև Պետրոս Ադամյան չի հասնում։ Հնդկաստանի թարգմանությունները, Թիֆլիսի բեմադրությունը։ Որովհետև ուզում էի, որ պատկերացնեն, թե ինչ հին են մեր ավանդները։ 1822 թվականից հայերը սկսել են Շեքսպիր թարգմանել, նաև բեմադրել»։

Այս տարի լույս տեսած շեքսպիրագիտական երկրորդ գիրքն էլ, ինչպես ներկայացնում է Հասմիկ Սայմուրը, Վենետիկում հրատարակվող «Բազմավեպի» շեքսպիրագիտական հատորն է. - «Մի ամբողջ հատոր է նվիրել Հայ շեքսպիրյան միության Վենետիկի գիտաժողովին, որտեղ կան բոլոր մասնակիցներից ընտրյալ հոդվածներ։ Իմ հոդվածը նվիրված է Վահրամ Փափազյանի իտալական ազդեցություններին և ակունքներին։ Քանի որ Վենետիկում էր գիտաժողովը, այդ թեման էր հիմնականը, և Վենետիկում է նա սովորել՝ Սամուել-Մուրադ վարժարանում։ Նրա ամբողջ խաղարվեստը շատ ազդված է հիմնականում իտալական վարպետների, իտալական ողբերգակների... կոմեդիա դել արտեի ազդեցությունն է նրա արվեստում։ Արդեն բոլոր գրադարաններում Մխիթարյանները բաժանել են այդ գիրքը, որը անգլերեն է։ Որովհետև մենք փորձում ենք աշխարհով մեկ խոսել, բարձրաձայնել մեր մշակույթի և հայ թատրոնի, հայ շեքսպիրյան ավանդույթների մասին»։

Հավելենք, որ երկու օր առաջ՝ նոյեմբերի 28-ին Լոնդոնում, Հայ շեքսպիրյան միությունում բրիտանացի և ամերիկացի շեքսպիրագետների մասնակցությամբ տեղի ունեցավ «Բազմավեպի» շեքսպիրագիտական ծավալուն այս հատորի շնորհանդեսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG