Մատչելիության հղումներ

Չարենցի ընտանիքը նրա ձեռագրերն այսօր հանձնում է տուն-թանգարանին


Այսօր մեր մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցի մահվան օրն է։ 1937-ին ստալինյան բռնապետությանը զոհ դարձած 40-ամյա բանաստեղծի դառը ճակատագիրը բաժին ընկավ նաև նրա ստեղծագործությանն ու ձեռագրերին։ Շուրջ երկու տասնամյակ նրա անունը տալն անգամ արգելված էր, իսկ նրա հանճարեղ պոեզիան՝ արգելափակված։

Այսօր բարդ է այդ ամենն անգամ պատկերացնել, հատկապես մեր օրերում, երբ նրա պոեզիան արդեն մի քանի տասնամյակ անբաժան է մեր ժողովրդից, և նա ամենափնտրվածն պոետն է, իսկ հաջորդ տարի մարտի 13-ին լրանում է Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանը, որին էլ նախապատրաստվում է նրա տուն-թանգարանը։

«Ինչպես ամեն տարի, միշտ նշվել է Չարենցի հիշատակի օրը, և այս տարի առանձնանում է նրանով, որ այն նվիրվում է Չարենցի հոբելյանական 125-ամյակին, և այդ շրջանակում այսօր պիտի Չարենց ընտանիքը հանձնի ձեռագրեր տուն-թանգարանին, քանի որ հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվում է բանաստեղծի Երկերի լիակատար ժողովածուի ակադեմիական 10 հատորի առաջին հատորի տպագրությունը: Մեզ համար շատ կարևոր է, որ այն մարդկանց մոտ, որ կան Չարենցի ձեռագրերից պահպանված, նվիրեն թանգարանին, որովհետև թանգարանն է իրականում այն վայրը, որտեղ պիտի մեծանուն բանաստեղծի ձեռագրերը պահպանվեն, հետագայում ուսումնասիրվեն և հրատարակվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը:

Եղիշե Չարենցի թոռնուհին, տուն-թանգարանի ավագ գիտաշխատող, անվանի չարենցագետ Անահիտ Չարենցի դուստր` Գոհար Չարենցն էլ, անդրադառնալով նրա ձեռագրերի դառը ճակատագրին, շեշտում է. «Գիտեք` ինչպիսի ճակատագիր ունեցան Չարենցի ձեռագրերը: Նրանք ցրվեցին կարծես աշխարհով մեկ, և հաճախ չգիտենք` որտեղ են դրանք հանգրվանել: Իհարկե, 1200 տող մոտավորապես ... 17 տարի, և դրանց մի մասը փոշիացել էր, և ով գիտի` ինչ գործեր անհայտ կորան, իսկ այս ձեռագրերը մորս հանձնել էր Ռեգինա Ղազարյանը տարիներ առաջ, և իհարկե, մայրս վերծանել էր, և կազմվեց 1983 թվականի ժողովածուն, որը նրա վերջին տարիների գործերն էին ամբողջությամբ:

Այսօր մեր ընտանիքը որոշեց նվիրել թանգարանին, այսինքն` ոչ թե նվիրել, այլ նրանք տուն վերադարձնել, և 15 ձեռագիր էր թվով: Նրանք անտիպ ժառանգությունից, իհարկե կան նրանց մեջ մեզ ծանոթ տարբերակներ: Բայց կան նաև նոր գործեր, օրինակ` կա մի շատ հետաքրքիր պատառիկ, որը երբ որ Չարենցն այցելել է Վենետիկ, դրանից հետո գրել էր և թղթին էր հանձնել, որ ինչ սքանչելի քաղաք է Վենետիկը, և այսօր ես մեկնում եմ այս սքանչելի քաղաքից: Իր մտորումներն են որոշ ձեռագրերում նաև, իհարկե կան նոր ձեռագրեր էլ: Որոշեցինք, որ պետք է ամեն ինչ վերադառնա տուն»:

Գոհար Չարենցը ցավով ընդգծեց, որ այս օրը ճիշտ մեկ տարի առաջ հեռացավ նաև իր ավագ քույրը՝ բանաստեծուհի Հասմիկ Չարենցը. «Գուցե զուգադիպություն է, գուցե` ոչ: Կարծում եմ, որ այստեղ ինչ-որ մի խորհուրդ կա, որովհետև պատահական ոչինչ չի լինում, գուցե ընտանիքից մեր բոլորի մեջից, թոռներից մանավանդ ամենաշատ նա էր իր մեջ կրում Չարենցի գենը: Նա հրաշալի բանաստեղծ էր, այնպիսի մտքեր էր երբեմն արտահայտում, որ ասում էի` կարծես Չարենցն է քո մեջ խոսում»:

Իսկ ինչ վերաբերում է առաջիկայում չարենցյան հոբելյանական ծրագրերին, ապա տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը մանրամասնեց. «Երկու նախագիծ արդեն սկսել է մեկնարկը, մեկը` Չարենցի ստեղծագործությունների ֆրանսերեն թարգմանությունն է, որը կազմակերպում ենք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Այս պահին իրականանում են թարգմանության աշխատանքները, և ենթադրվում է, որ հաջորդ տարվա արդեն առաջին կիսամյակում գիրքը տպագրված կլինի և կներկայացվի ինչպես հայալեզու, այնպես էլ ֆրանսալեզու ընթերցողի սեղանին:

Մյուսը «Իմ Չարենցը» նախագիծն է, որը սկսվել է արդեն նոյեմբերի 1-ից, այն կազմակերպում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, Ժողովրդական արվեստների թանգարանի և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն ՀԿ հետ համագործակցությամբ: ՀՀ այն մարզերում, որտեղ գործում են այդ կենտրոնները` 6 մարզերի 22 համայնքներում, պիտի երեխաները, պատանիները, նրանց ուսուցիչներն ընթերցեն չարենցյան ստեղծագործություններ և վերարտադրեն իրենց ստեղծագործական ոճով` կարպետագործությամբ, խաչքարագործության միջոցով, երգ-երաժշտության, պարի և այլն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG