Մատչելիության հղումներ

Հայաստանում պատվաստանյութի երկու դեղաչափ ստացել է բնակչության 14 տոկոսը


Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորանվիրուսի 592 նոր դեպք, որը կատարված թեստերի շուրջ 7,7 տոկոսն է։

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան

Նկատվում է կովիդի տարածման ալիքի նվազում, կառավարության նիստին հայտարարեց վարչապետը. - «Իհարկե դպրոցական արձակուրդները մի շաբաթով երկարացնելը որոշակի դեր խաղաց, բայց մենք ի սկզբանե գիտեինք, որ երբ որ մեր երկու լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը, մոտավոր հաշվարկներով, հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա կունենա ազդեցություն»։

Հայաստանի ողջ բնակչության ավելի քան 26 տոկոսն արդեն մեկ անգամ պատվաստվել է կովիդի դեմ, իսկ մոտ 14 տոկոսը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ և համարվում է ամբողջովին պատվաստված։

Առողջապահության նախարարությունը շուտով կհաստատի նաև կարգը, թե ավելի քան 6 ամիս առաջ 2 դեղաչափ ստացած քաղաքացիները ցանկության դեպքում ինչպես կարող են 3-րդ չափաբաժինը ստանալ։

«Մենք արդեն իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, ովքեր արդեն վեց ամիսը լրացել ա առաջին երկու դեղաչափը ստանալուց հետո։ Եվ մեր քաղաքացիները կարող են ընտրությամբ, իրենց ցանկությամբ ստանալ որ պատվաստանյութը որ կուզեն», - նշեց նախարար Ավանեսյանը։

Չնայած համաճարկային վիճակի բարելավմանը, երեկ ևս կովիդի հետևանքով Հայաստանում կյանքից հեռացել է 40 մարդ։ Ըստ մասնագետների, վարակի ալիքի նվազումից միայն շաբաթներ անց մահվան ցուցանիշները ևս կնվազեն։

Կառավարության նիստին այսօր վարչապետը նաև հայտնեց, որ կա կովիդից մահերի վիճակագրության տարբերություն։ Ազգային վիճակագրական կոմիտեն նույն ժամանակահատվածի վերաբերյալ այլ տվյալներ է հրապարակել։ Այսպես, ըստ ԱՎԿ-ի, այս տարվա հունվարից մինչև սեպտեմբեր ժամանակահատվածում կովիդից մահացել է 2 հազար 961 մարդ, ինչը 700-ով ավելի է Առողջապահության նախարարության ներկայացրած թվից. - «Նշանակված է քննության, որպեսզի մենք պարզենք, թե ինչն է մահերի վիճակագրությունների տարբերությունը»։

Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարն ասում է, թե պատճառն այն է, որ իրենց վիճակագրությունը առայժմ արտացոլում է միայն հիվանդանոցային մահերը, և տարվա վերջին եղած բոլոր տվյալները պետք է ի մի բերվեն. - «Տարվա ավարտին, երբ որ ամփոփվի վիճակագրական ընդհանուր մեր տվյալները, պիտի որ շեղումներ չլինեն»։

Մինչ նախարարությունը կպարզի, թե 2021-ի հունվարից մինչև օրս ի վերջո քանի մարդ է մահացել կորոնավիրուսից, մի բանում վստահ են՝ պատվաստված մարդկանց շրջանում հոսպիտալացման դեպքերը շատ ավելի քիչ է, ցածր է նաև պատվաստվածների շրջանում վարակման ցուցանիշը. - «17 հազար 326 ակտիվ դեպքերի մեջ պատվաստված քաղաքացիների թիվը ընդամենը 1269 է, այսինքն՝ ընդամենը 3,6 տոկոսն է։ Հիվանդանոցային բուժում ստացող 3 հազար124 քաղաքացիներից ընդամենը 114-ն են, որ պատվաստված են։ Սա ևս շատ լավ ցուցանիշ է հանդիսանում»։

Հայաստանում բնակչության մոտ 14 տոկոս պատվաստված հատվածը կամ, որ նույնն է՝ չափահաս բնակչության 20 տոկոսը հիմնականում միջին տարիքային խմբի մարդիկ են։ Պատվաստման ցուցանիշները շատ ցածր են թոշակառուների շրջանում, որոնց նկատմամբ պետությունը չի կարողանում կիրառել վարչական լծակներ։

Համաճակաբան Արման Բադալյանին ամենաշատը այս հարցն է մտահոգում. - «Ցանկության տեսանկյունից մեծահասակների մոտ տեսնում ենք խնդիր։ Միգուցե ինչ-որ խրախուսումների ձևով լինի... Կան երկրներ, որտեղ, օրինակ, ֆինանսական խրախուսումներ են արվում։ Ինչ-որ մեխանիզմներ պետք է մտածել այս առումով։ Ինչքան էլ «դելտան» երիտասարդացավ, այնուամենայնիվ... բոլորը պիտի պատվաստվեն։ Մեծահասակը մնում է ամենառիսկայինը»։

Կան մեծահասակներ, որոնք տեսականում դեմ չեն պատվաստվելուն, բայց չեն էլ գնում պոլիկլինիկա տարբեր պատճառներով։ Նրանց կարելի է ապտվաստել սեփական տներում, նշում է համաճարակաբանը՝ նկատելով, որ ամեն դեպքում փոքր չէ նաև այն խումբը որ դեմ է պատվաստվելուն և վերջ. - «Իմ հարազատ մորաքույրը, երբ որ խոսում եմ էդ թեմայից, ասում ա՝ ամեն ինչից խոսա, մենակ դրանից չխոսաս։ Ասում եմ՝ ինչի՞, ասում ա՝ հենա, հեռուստացույցով միացրեցի, էլի ինչ-որ մի բացասական ինֆորմացիա ստացա»։

Մասնագետը նկատում է, որ աշխարհի տարբեր երկրներ արդեն հաջողության են հասել պատվաստման ցուցանիշները բարելավելու ու մահվան դեպքերի նվազեցնելու գործում, և պետք է հետևել զարգացած աշխարհի օրինակին՝ փորձելով չուշացնել անհրաժեշտ քայլերը։

XS
SM
MD
LG