Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 5-ին Աշոցքում ևս ՏԻՄ ընտրություններ են, համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն ՔՊ-ն ու ԲՀԿ-ն


Հայաստանի ամենացուրտ հատվածներից մեկում՝ Աշոցքում, ևս շուրջ 10 օրից ավագանու ընտրություններ են։ Մեկ անգամ խոշարացված Աշոցքը կրկին խոշարացվելու է՝ ընդգրկելով 25 համայնք ու 11 հազար բնակիչ:

Դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում համայնքապետի պաշտոնի համար մրցելու են միայն երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Բարգավաճ Հայաստանը»։

Իշխող ուժի թեկանածուն գործող համայնքապետ Կարեն Մանուկյանն է: Վերջինս ասում է՝ դեռ 2 տարի ուներ պաշտոնավարելու և կիսատ ծրագրեր կան իրականացնելու։

Բնակիչների խոսքով՝ Հայաստանի հյուսիսում գտնվող այս բնակավայրն անտեսված է բոլոր իշխանությունների օրոք, կլիմայական պայմանները թույլ են տալիս միայն անասնապահությամբ զբաղվել։

Հարցին, թե ինչպե՞ս է բարելավելու ցածր կենսամակարդակ ունեցող տարածաշրջանի սոցիալական վիճակը, իշխանության թեկնածուն պատասխանեց․ - «Սոցիալական խնդիրն ավելի շատ կախված է մասնավորից, ով պատրաստակամ է ներդրում իրականացնել, թե չէ։ Էս տարի մենք ունենք պայմանավորվածություն թեթև արտադրություն ստեղծելու։ Ըստ պայմանավորվածության մենք տրամադրելու ենք համայնքային շենք, իսկ մասնավորը խոստացել է մինչև 300 աշխատատեղ։ Կոնկրետ էս պահին աշխատանքներ են տարվում շենքում։ Բանակցությունների միջոցով կամ անձնական կապերի միջոցով փորձել գտնել ներդրողների։ Կոնկրետ էս շենքում փորձում են ստեղծել արտադրություն»։

ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարուժան Հարությունյանին երեկ չկարողացանք հանդիպել, ասաց շտապ հանդիպման է մեկնում:

Չնայած համայնքում 10 օրից ընտրություններ են, այդուհանդերձ նախընտրական աշխուժություն չէր նկատվում: Ցրտի պատճառով փոքրաթիվ քաղաքացիների կարելի էր դրսում հանդիպել: Անասնապահությունից քիչ, հողից՝ ավելի քիչ, եկամուտ ստանալն էլ հիմանական պատճառն է, որ արտագանա աշխատանքի մեկնողները համայնքից շատ են:

«Աշոցքը յայլա է դարձել արդեն՝ ինչ-որ անապատի մեջ ապրող մարդիկ։ Մեղք են էս ժողովուրդը սարի գլուխը կապեն, թե արդեն ձյունը կգա, 8-9 ամիս կտառապի արդեն ժողովուրդը, ինչ կա որ, մեղք են, էս կողմերին բացարձակ նայող չկա, հետաքրքրվող չկա։ Ռուսաստաններ գնալու տեղը մի ցեխ բացեին, մի գործարան դնեին, մարդիկ աշխատեին դրա վրա մնան իրանց ընտանիքների հետ։ Էս ինչ վիճակ է», - ասաց գյուղացիներից մեկը՝ նշելով՝ ամենամեծ խնդիրն աշխատատեղի բացակայությունն է։

Հեռավոր Աշոցքում էլ մարդիկ հետևում են, թե ինչ է կատարվում սահմանին ու խորհրդարանում: «Մի քիչ ընդդիմությունն է, էս մեկն է, էն մեկն է, խելքները գլուխները հավաքեն ու ժողովրդին էս վիճակից հանեն։ Չի կարելի, էս ի՞նչ է, միասնական լինեն մի քիչ էս ժողովրդին հա ու չէ անեն», - ասաց «Ազատության» զրուցակիցներից։

Դեկտեմբերի 5-ին ավագանու ընտրություններ են սպասվում Շիրակի մարզի 4 խոշարացվող համայնքներում: Ամենաթեժ պայքարն Արթիկում է, որտեղ մրցում են 6 քաղաքական ուժեր, Ախուրյանում ու Ամասիայում պայքարի մեջ են 3-ական, իսկ Աշոցքում միայն երկու ուժեր:

XS
SM
MD
LG