Մատչելիության հղումներ

11 միլիոն եվրո՝ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի գյուղական համայնքների զարգացմանը


Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, արխիվ
Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, արխիվ

Եվրամիությունը և Ավստրիայի զարգացման գործակալությունը 11 միլիոն եվրո կտրամադրեն Հայաստանի երեք մարզերի գյուղական համայնքների զարգացման համար, որից 4,5 մլն եվրոյի ծրագիր Շիրակի մարզում է իրականցվելու։ Leader ծրագիրը կսկսի գործել հաջորդ տարվանից։

Այժմ Շիրակի, Լոռու և Տավուշի համայնքներում առաջնորդող խմբերն են ձևավորվում, որոնք ոչ թե արդեն մշակված ծրագրեր կիրականացնեն, այլ գյուղերի զարգացման ու խնդիրների լուծման համար իրենց սեփական առաջարկները կներկայացնեն։ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, ծրագիրը ներկայացնելիս, կարևորեց հենց տեղերում ապրող մարդկանց դերակատարությունը ծրագրերի մշակման գործում:

«Եվրամիությունը կարևորում է համայնքների համաչափ զարգացումը, և մենք նորարարական մոտեցումներ ենք կիրառում՝ Հայաստանին աջակցելու համար։ Ինչո՞ւ որոշեցինք կենտրոնանալ «Լիդեր» մեթոդոլոգիայի վրա, առաջին հերթին այն Եվրամիության գյուղական համայնքների զարգացման քաղաքականության կիրառվող գործիքներից մեկն է և վերջին 30 տարիների ընթացքում այս մեթոդը հաջողությամբ կիրառվել է Եվրամիության երկրներում, իսկ վերջին տասնամյակում հաջողությամբ ներկայացվել է նաև արևելյան գործընկերության երկրներում։ Այս ծրագրի շնորհիվ մարդիկ են դառնում տեղական զարգացման առանցքը: Այն միավորում է համայնքի ակտիվ անհատներին, տեղական իշխանություններին, բիզնեսին, քաղհասարակությանը, որպեսզի նրանք միասին որոշեն սեփական համայնքի զարգացման ուղղությունը», - հայտարարեց Անդրեա Վիկտորինը։

Բավրայից Կորյուն Սումբուլյանը «Լիդեր խմբի» անդամներից է և արդեն գյուղատնտեսության ոլորտում ծրագիր իրականացնելու առաջարկ ունի: «Կփորձեմ գյուղատնտեսության նոր մոդելավորման սխեմա առաջարկել և այդ նոր տեխնոլոգիաների կիրառումով ստեղծել նոր գյուղատնտեսական ուղղվածություն», - ասաց Սումբուլյանը:

Մեծ Սեպասարից Նորայր Պողոսյանն ասում է՝ գյուղում ոչ ակտիվության, ոչ էլ գաղափարների պակաս չկա։ Ծրագիրը հատկապես լավ հնարավորություն է համարում սկսնակների համար. - «Այն գաղափարը, որը 0-ից պետք է սկսվեր, չուներ հնարավորություն, հիմա այս ծրագրով կա այդ հնարավորությունը, եթե խելացի ու իրոք աշխատող գաղափար է»:

Լոռիում ու Տավուշում ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սահմանամերձ գյուղերն առաջնահերթություն ունե՞ն ծրագրին մասնակցելու հարցում: «Չնայած մենք չունենք հատուկ առաջնահերթություն սահմանամերձ կամ հատուկ կարիք ունեցող որոշակի համայնքների, բայց, բնականաբար, շատ-շատ դեպքերում մենք նաև այդ էլ ենք հաշվի առնում, որովհետև «Լիդեր»-ը ներառական ծրագիր է, լիդեր մոտեցումը մասնակցայնություն և ներառականության է իր մեջ ենթադրում: Հատկապես փոքր համայնքները, որոնք իրականում չունեն որոշակի ենթակառուցվածքներ, հնարավորություններ տնտեսական հնարավորություններ, այս «Լիդեր» ծրագրի միջոցով են սկսելու զարգանալ և ընդհանուր տարածքով զարգանալ ավելի շատ», - պատասխանեց Տիրատուրյանցը:

Մեկ միլիոն եվրո մասնաբաժնով ծրագրին մասնակցող Ավստրիական զարգացման գործակալության փոխտնօրեն Նորա Ալանակյանն ասում է, որ հիմա լիդեր խմբերը համայնքներում ծրագրերի ռազմավարություններն են մշակում. - «Այս ծրագրով նախատեսվում է Շիրակում մինչև 70 նմանատիպ նախաձեռնություն ֆինանսավորել»:

LEAD4Shirak ծրագրի ղեկավարի տեղակալ Հուսիկ Սարգսյանի փոխանցմամբ՝ մինչ այս պահը խմբերի հետ աշխատանքի արդյունքում որոշակի հստակություն կա, թե որ ոլորտներն են լինելու գերակա, բայց դեռ վերջնական ռազմավարությունը հաստատված չէ:

«Դա կրթության ոլորտն է, փոքր բիզնեսի զարգացումը, գյուղատնտեսության զարգացումը, բայց արդեն մենք սկսում ենք աշխատել փորձագետների ու համայնքի բնակիչների, տեղական իշխանությունների ու մարզային իշխանությունների հետ, հասկանալու համար, թե կոնկրետ այդ գերակայություններն ինչպես զարգացնել: Օրինակի համար, եթե գյուղատնտեսություն է, կաթի արժեշղթան ավելի բարձրացնենք, թե ավանդականից դեպի ավելի բարձրարժեք կուլտուրաների մշակություն, կախված իրավիճակից արդեն այդ լուծումները կփորձենք տալ», - ասաց Սարգսյանը:

Չորս տարի տևողությամբ ծրագրի արդյունքում ակնկալվում է բարձրացնել Հայաստանի հյուսիսային երեք մարզերի գյուղերում ապրողների կենսամակարդակը՝ տեղի բնակիչների ակտիվ մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG