Մատչելիության հղումներ

«Դաժանաբար ծեծել, հետո սպանել են». Ճամբարակի զորամասում վիրավորված, ապա մահացած Գևորգ Ավետյանի եղբայր


«Ինչպե՞ս կարող է մարդն ինքն իրեն ծեծել՝ մարմնին բռնության հետքեր թողնելով, հետո երեք անգամ ինքն իրեն կրակել»,- տարակուսած է Ճամբարակի զորամասում օրերս վիրավորված, հետո հիվանդանոցում մահացած 29-ամյա պայմանագրային զինծառայող Գևորգ Ավետյանի եղբայրը։ Պաշտպանության նախարարության պարզաբանումը, թե նախնական տվյալներով` զինծառայողը մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, մահացած զինծառայողի եղբայրը՝ Գուրգեն Ավետյանը, անտրամաբանական է համարում։

«Ես հիվանդանոցի ընդունարանում եմ տեսել երեք կրակած տեղերը, արյունաքամ ինքը, կապտուկները, իրեն խփած էր ինչ-որ ծանր բանով` ձախ աչքի վերևից, աչքի, ականջի մեջտեղի հատվածում, գլխի վրա, վզին կապտուկներ կային, թևին, արմունկին, ոտքին, մեջքին: Դիտավորյալ սպանություն է, դաժանաբար ծեծել, հետո սպանել են:

Ու շատ բարդակ է եղել` իր դիրքի ավագը տեղում չի եղել, դիրքը ավագը տեղում լիներ` այդքան բանը չէր լինի, դիրքի ավագին էն վախտ ա տեղում եղել, սկոռին հետևից բարձրացել է պոստ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ավետյանների ընտանիքն ապրում է Ճամբարակում, մահացած զինծառայողի եղբայրը տաքսու վարորդ է, քաղաքի կենտրոնում հաջորդ պատվերին սպասելիս նկատել է դեպի հիվանդանոց սլացող շտապ օգնության մեքենան՝ զինվորական մեքենայի ուղեկցությամբ։ Արագ հասել է հիվանդանոց ու տեսել, որ շտապ օգնության մեքենայից պատգարակով իր արյունոտ եղբորն են դուրս բերում։ Ասաց՝ դեռ ողջ էր, միայն ցավերից էր բղավում։

Ճամբարակի հիվանդանոցում վիրահատել են, հետո տեղափոխել Երևան՝ Մուրացանի զինվորական հոսպիտալ, կեսգիշերին լուր են ստացել՝ Գևորգը մահացավ։

«Ազատության» հետ զրույցում Գուրգենն ասում է՝ դեպքին նախորդած օրերին եղբայրը պատմել է, որ զորամասում երկու զինծառայակիցների հետ խնդիրներ ունի, նվաստացումների է ենթարկվել։ Պատմեց՝ տևական ժամանակ եղբայրն աշխատավարձ չի ստացել։

«Պնդում եմ, որ ինքն այդ փողը չի ստացել, ուրիշներն են ստացել, կամ ինքն ստացել է, ստիպել են, ձեռքից տարել են, էդ փողը մենք չենք տեսել: Ինքը պովր է եղել, քնից հանել, ստիպել են, որ զարթնի, մեզ հաց տուր, մենք ուտենք, որ ճաշի ժամը չի: Պոստում եղել է բարդակ, քաղաքացիական անձինք հաճախակի բարձրացել են պոստ, կերել-խմել, իրեն հաց չեն տվել, որ ուտի, իրա փայ ճաշը շներն ու կատուներն են կերել, հանել, թափել են` Աղասի Սարիբեկյան, Արտակ Ապրեսյան, էդ երկուսի մասին է ասել, որ իրենց հետ է կոնֆլիկտը եղել, զրուցել ենք, հարթվել է, գնացել: Փաստորեն, չի հարթվել: Ինձ ասել է` ես էդ պոստից ընդհանրապես դժգոհ եմ, էս մի պոստին էլ բարձրանում եմ դիրքեր ու իջնեմ, տեղափոխվեմ ուրիշ դիրքեր, ես իրենց հետ չեմ ուզում ծառայել», - պատմում է եղբայրը:

Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, մեղադրանք է առաջադրվել երկու զինծառայողի, երկուսն էլ ձերբակալվել են։

Գուրգեն Ավետյանն ասում է՝ մեղադրյալները եղբոր նշած տղաներն են, կոմիտեից, սակայն, անուններ չեն նշում։ Մեղադրյալներից մեկն, ըստ Քննչական կոմիտեի, պարբերաբար նվաստացրել է զինվորին, քննությամբ պարզվել է, որ մյուս ձերբակալվածն էլ պայմանագրային այլ զինծառայողի է ծեծի ենթարկել։

Գուրգեն Ավետյանը վստահ է՝ եղբայրն ինքնասպան չի եղել, այլ սպանել են։

Այս տարի ԶՈւ-ում մահվան 60 դեպք է գրանցվել, որից 17-ը սպանության և ինքնասպանության հետևանք են

Բանակում տեղի ունեցող դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է՝ ինքնասպանություն է, թե սպանություն, փաստը զինծառայողի մահն է ծառայության ընթացքում, պատասխանատուներն էլ այդ զորամասի զինվորական ղեկավարներն են:

Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ միայն այս տարի զինված ուժերում մահվան 60 դեպք է գրանցվել, որից միայն 17-ն են հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով եղել, իսկ այլ պատճառներով մահացած 43-ից 17-ը սպանության և ինքնասպանության հետևանք են։

«Սա նշանակում է` զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի, զինվորական կարգապահության ապահովման հետ կապված բավականին լուրջ խնդիրներ, որովհետև ծանր հանցագործության հետևանքով են մարդիկ սպանվում, և ինքնասպանություն, բնականաբար այսպես ես որակում, բայց դա հետևանք է հենց նույն այդ բարոյական մթնոլորտի և ընդհանրապես մթնոլորտի հետևանք է», - նշեց իրավապաշտպանը:

Արթուր Սաքունցն, անդրադառնալով Պաշտպանության նախարարության նախնական պարզաբանմանն, ասում է՝ պետք է դատապարտող տեքստ լիներ և ընդգծվեր, որ ՊՆ-ն աջակցելու էր քննության ողջ ընթացքին՝ մեղավորներին հայտնաբերելու, պատժելու և այդպիսի դեպքերն արմատախիլ անելու համար։

«Շատ եմ ցավում, որ այս պատերազմը ոչ մի հետք չթողեց, որ մեր զինվորին սիրեինք»

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ափսոսանք է հայտնում, որ բանակում տարիներով կրկնվող այսօրինակ դեպքերն այսօր էլ շարունակվում են. «Շատ եմ ցավում, որ այս պատերազմը ոչ մի հետք չթողեց, որ մեր զինվորին սիրեինք, այսքան զոհեր տեսած երկիրը մեկ է` չի խնայում զինվորին` ո՛չ իշխանությունները, ո՛չ բանակի ղեկավարությունը պատասխանատվության զգացում չունեն, որովհետև ոչ մեկը չի պատժվում»:

Մինչ իրավապահները գործն են քննում, իրավապաշտպանները գնահատականներ տալիս դրանց ու տեղի ունեցածին, Ճամբարակում բնակվող Ավետյանների ընտանիքն արդեն 7 օր է` տղայի գերեզմաններից տուն չի գնում։ Գևորգին հողին հանձնելու 7-րդ օրն է, բայց եղբայրն ասում է՝ մինչև այսօր զորամասի ղեկավարներից ոչ մի ցավակցություն չեն ստացել, շարքային զինծառայողներից բացի, ղեկավարներից ոչ ոք հուղարկավորությանը ներկա չի եղել. «Զորամասի վերադասից ես մարդ չեմ տեսել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG