Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված նոր՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքը չի ընդունում


Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված նոր՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքը: Երրորդ նախագահն այն որակում է անհեթեթություն, այսօր «Ազատությանը» փոխանցեց նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։

Քննչական մարմնից հաղորդում են, որ երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը հարցաքննության է ներկայացել Հակակոռուպցիոն կոմիտե, նրան մեղադրանք է առաջադրվել, նախկին նախագահը ստորագրություն է տվել չհեռանալու մասին։ Պաշտոնական աղբյուրները քննվող գործի մասին մանրամասներ առայժմ չեն հայտնում։

Այս հոդվածով նախատեսված հանցանքը պատժվում է 5-ից մինչև 10 տարվա ազատազրկմամբ:

Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը երեկ ասել էր, որ գործն առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքին, որով դեռ երեք տարի առաջ կաշառք ստանալու մեղադրանք էր առաջադրվել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա աշխատակազմի ղեկավար, այժմ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանին, իսկ Քոչարյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանին՝ կաշառք ստանալն օժանդակելու համար։

Քոչարյանի և Գևորգյանի գործն արդեն դատարանում է, Մայրապետյանինը՝ նախաքննության փուլում, քանի որ նա բուժման նպատակով մեկնել էր Գերմանիա և այդպես էլ չէր վերադարձել։

«Հանրահայտ Սիլվայի գործն է, այսպես ասած, ոչ մի նոր բան չկա այդ գործում», - նշեց Մակինյանը:

Սա երրորդ նախագահին առաջադրված արդեն երկրորդ մեղադրանքն է, նախորդը վառելանյութի՝ ավելի քան մեկ միլիոն դոլարի վատնման ու հափշտակության գործն է, որը քննվում է արդեն երկու տարի, դատավճիռ դեռ չի կայացվել։ Սերժ Սարգսյանը չի ընդունում նաև այդ մեղադրանքը:

Փաստաբանը չի մանրամասնում, թե այս նոր գործով, Սարգսյանին մեղսագրվող կաշառքի չափը որքան է կազմում։ Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն ևս մանրամասներ չի հաղորդում։ Մակինյանը շեշտեց միայն, որ երրորդ նախագահը Սիլվա Համբարձումյանի հետ երբեք չի հանդիպել, այդուամենայնիվ, հեղափոխությունից հետո հարցաքննվել է այս գործով որպես վկա, և դեռ այն ժամանակ պնդել իր անմեղության մասին։ Անցած երեք տարիների ընթացքում, ըստ փաստաբանի, Սարգսյանի հետ որևէ այլ քննչական գործողություն այս գործով չի արվել։ «Տևական լռությունից հետո՝ միայն երեկ այս մասին հայտարարելը նպատակ ունի հանրությանը շեղել կարևոր քաղաքական հարցերից», - կարծում է Սարգսյանի փաստաբանը։

«Պարոն նախագահը երբևէ Սիլվա Համբարձումյանի հետ առնչություն չի ունեցել, սա անհեթեթություն է: 3,5 տարի այդ թղթերն իրանց մոտ դրած էին, էդ ինչի՞ նոր հիշեցին», - նշեց Մակինյանը:

Ինքը՝ գործարար Սիլվա Համբարձումյանը, որ պնդել էր, թե 2008-ին հանքարդյունաբերության ոլորտում խոչընդոտներ չունենալու համար որպես շնորհակալություն միլիոնավոր դոլարներ է փոխանցել նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին, այժմ հարցազրույցներից հրաժարվում է և չի ուզում մանրամասներ հրապարակել։ Հեղափոխությունից հետո էր նա բարձրաձայնել կաշառք տալու մասին՝ ընդգծելով՝ այդ գումարները փոխանցել է գործարար Սամվել Մայրապետյանի միջոցով։ Երկու տարի առաջ «Ազատության» հետ զրույցներում Համբարձումյանը նաև Սերժ Սարգսյանի անունն էր հնչեցրել։

«Սերժ Սարգսյանին, այո, ես շնորհակալություն եմ հայտնել Մայրապետյան Սամվելի միջոցով: Ես ավելորդ մարդկանց չեմ հանդիպել, նա պետք է լուծեր բոլոր հացերը, լուծել ա, թե չի լուծել, դա իմ գործը չի, քանի ես այլևս խոչընդոտություն չեմ զգացել: Բավականին մեծ գործարք էի անում արաբների հետ, որպեսզի չխոչընդոտվեր, և ես կարողանայի իմ գործարքն ավարտել, Մայրապետյանի հետ կապի մեջ մտա ու փոխանցեցի այդ գումարը», - ասել է Համբարձումյանը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ենթակա Արմեն Գևորգյանն արդեն այս գործով կանգնած են դատարանի առաջ: Նրանց փաստաբանները չեն մանրամասնում՝ արդյոք իրենք ձեռքի տակ եղած նյութերում կա՞ն ցուցմունքներ Սերժ Սարգսյանի դեմ։ Դատական գործընթացը դեռևս չի հասել մեղադրական եզրակացության հրապարակման փուլ, դատախազները դեռ չեն հրապարակել գործի մանրամասները, ինչից կարող էր պարզ դառնալ նաև Սերժ Սարգսյանի հնարավոր առնչությունն ու մասնակցությունը այս գործում։

Անցած ամիս էլ քրեական գործ էր հարուցվել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Բադեն-Բադեն կատարած թռիչքների գործով։ Պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով քրեական գործով Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի։

«Փաստերի ստուգման հարթակի» հետաքննությունն էր դրվել այս քրեական գործի հիմքում, ըստ որի նախագահական ինքնաթիռը 2008-2017 թվականների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կազմակերպմամբ շահագործվել և առանց ծառայողական անհրաժեշտության պետական միջոցների հաշվին կատարել է տասնյակից ավելի չվերթներ դեպի գերմանական թանկարժեք կուրորտային Բադեն-Բադեն։

XS
SM
MD
LG