Մատչելիության հղումներ

Սիլվա Համբարձումյան․ Քանի որ Բաղրամյան 26-ը տեղյակ չէր գործարքի մասին, ինձ անմիջապես զրկեցին լիցենզիայից


Գործարար Սիլվա Համբարձումյան
Գործարար Սիլվա Համբարձումյան

Գործարար Սիլվա Համբարձումյանը հիմա էլ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, հանգուցյալ Արմեն Մովսիսյանի անուններն է հնչեցրել հանքերի գնման ու դրանց լիցենզիաներից իրեն զրկելու թեմայով:

«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ուղիղ եթերում Համբարձումյանը հայտարարեց, որ 2009-ի հունվարի 1-ին ինքը ոսկու հանք է գնել Մեղրիում, բայց ամիսներ անց զրկվել է օրինական գնված այդ հանքի լիցենզիայից: Թեև դատարանով վերականգնել է իր սեփականության իրավունքը, բայց անգամ դա հիմք չի դարձել, որ հանքն իրեն մնա:

«Քանի որ Բաղրամյան 26-ը տեղյակ չէր գործարքի մասին, անմիջապես ինձ զրկեցին լիցենզիայից», - Համբարձումյանն այսպես է մեկնաբանում իր հետ տեղի ունեցածը: - «Շահեցինք դատը՝ Վճռաբեկ դատարանի որոշումը վերջնական, և ստացվեց այնպես, որ մեր շահելուց հետո Բաղրամյան 26 են կանչում չգիտեմ ում, ասում են՝ նույն հիմքերով պետք է զրկեք: Եվ Արմեն Մովսիսյանը 2010 թվականի հոկտեմբերի 3-ին դիմում է դատարան նույն հիմքերով, և զրկում են: 2012 թվականի Վճռաբեկի որոշումը կա, որ ինձ զրկել են: Բայց 2009 թվականի դեկտեմբերի 3-ին, երբ դեռ դատական պրոցեսում էր, աճուրդ կայացրեցին, վաճառեցին 164 միլիոն դրամով․․․ Զրկեցին, տվեցին էն մանկապիղծ Սերոբին, ինքն էլ վաճառեց ռուսներին: Տիգրան Սարգսյանն էր վարչապետը, Սերոբը իրեն երևի գործընկերն էր․․․ տենց զրկեցին»:

Հարցին, թե ով էր կանչվել Բաղրամյան 26, Համբարձումյանը պատասխանեց․ - «Կանչել էին Արմեն Մովսիսյանին, երևի դատարանի նախագահին էին կանչել»:

Հենց այս նույն՝ «Լիճքվազ-թեյ» ոսկու հանքի թեմայի շրջանակներում է Սիլվա Համբարձումյանը Սուրիկ Խաչատրյանից բացի, նաև Սերժ Սարգսյանի անունը շոշափում և ընդգծում, որ շուտով նրա մասով նույնպես հայտարարություն կանի:

Օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք անձամբ կաշառք տվել է Սերժ Սարգսյանին, Համբարձումյանն արձագանքեց․ - «Ես անձամբ չեմ տվել Սերժ Սարգսյանին կաշառք, ոչ էլ ճանաչել եմ․․․ Սերժ Սարգսյանի համար ի՞նչ էր, որ Սուրիկին [Խաչատրյան] ասեր, որ էդ կնոջ կա՛մ գումարը վերադարձրու, կա՛մ սարքավորումը: Քննիչը դրել էր արգելանք, որ պետք է չվաճառվի, ինքը վաճառեց Մաքսիմին Հակոբյան: Բայց ես էդ հարցը 2018 թվականի հունիսին մուտք եմ արել դատախազություն, մինչև էսօր պատասխան չեմ ստանում»:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ տեղյակ են այս հայտարարություններին, բայց չեն մեկնաբանում, կմեկնաբանեն ավելի ուշ:

Մինչ Սիլվա Համբարձումյանն դժգոհում է, որ 2018-ի հունիսնին այս գործի նոր քննության պահանջով դիմել է դատախազություն ու առայսօր պատասխան չի ստացել, Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Սիլվա Համբարձումյանից մեկ գրություն են ստացել, որն անպատասխան չեն թողել․ - «Դեռևս 2009 թվականին Սիլվա Համբարձումյանը հաղորդում էր ներկայացրել «Սիփան 1» ՍՊ ընկերության գույքի հափշտակության վերաբերյալ, և հաղորդման հիման վրա հարուցվել էր քրեական գործ: Այնուհետև 2018 թվականի հունիսի 6-ին Սիլվա Համբարձումյանը դիմել էր Գլխավոր դատախազություն, ինչին ի պատասխան 2018 թվականի հունիսի 21-ին Սիլվա Համբարձումյանին տեղյակ ենք պահել, որ քրեական գործի վարույթը 2012 թվականի փետրվարի 13-ին Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի առաջին մասի հինգերորդ կետով կասեցվել է՝ գործով հետագա վարույթին ժամանակավորապես խոչընդոտող անհաղթահարելի ուժի առկայության հիմքով»:

Սուրիկ Խաչատրյանի ու նրա կնոջ՝ Լորետա Բարսեղյանի հեռախոսահամարները ողջ օրվա ընթացքում անհասանելի էին: Մեզ չհաջողվեց կապ հաստատել նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ընտանիքի անդամների հետ:

Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Բաղրամյան 26 է կանչվել Արմեն Մովսիսյանը, ինչից հետո էլ ինքը զրկվել է հանքի լիցենզիայից․ «Ազատության» այս դիտարկումն անգամ ամբողջությամբ չլսեց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ ասելով, թե ծանոթ չէ Համբարձումյանի հայտարարությանը, չի էլ ուզում ծանոթանալ ու մեկնաբանել:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին օրերս ավելացել է ևս մեկը՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը: Քոչարյանի փաստաբանների պնդմամբ՝ առաջադրված այս մեղադրանքի հիմքում ընկած է Սիլվա Համբարձումյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը 2008-ին գործարար Սամվել Մայրապետյանին գումար է տվել՝ երկրի ղեկավարությանը փոխանցելու նպատակով, որպեսզի իշխանությունները չխոչընդոտեն իր բիզնեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG