Մատչելիության հղումներ

Նորաբակի սահմանային հատվածում փոխհրաձգության արդյունքում հակառակորդը դիրքային առավելություն չի ստացել. Անդրանիկ Քոչարյան


ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանի զինուժը երեկ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի սահմանային հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում դիրքային որևէ առավելություն չի ունեցել, վստահեցնում է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Միջդիրքային ընդհարումները բացառելու համար Քոչարյանը կարևոր է համարում երկկողմ կապը հրամանատարական կազմի մակարդակով. - «Դիրքային առավելություն, բնականաբար, որևէ ձև արձանագրված չի։ Խնդիրը կայանում ա հետևյալում. այդ կրակոցները, դիրքային կռիվները ինչի՞ արդյունքում են լինում։ Դա պլանավորված գործողությո՞ւն է հեռահար քաղաքական նպատակներով, թե՞ միջդիրքային խնդիրների առնչությամբ են տեղի ունենում։ Պետք է բացառել նաև դա։ Որպեսզի դա բացառենք, պետք ա կոմունիկացված լինեն դիրքերում տեղակայված հրամանատարական կազմերը»։

Պաշտոնական Բաքուն հերքում է փոխհրաձգության մասին լուրը։

Կեսօրի դրությամբ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է եղել, «Ազատությանը» հայտնեցին Պաշտպանության նախարարությունից։ Երեկվա բախումների մոտ գտնվող Նորաբակում նույնպես այսօր խաղաղ է եղել, ասում է բնակիչներից Ադրինե Ավետյանը։

Մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը Նորաբակի ամենաբարձր սարի գլխին են, գյուղից մի քանի կիլոմետրի վրա. - «Դա եղել ա էն մի կոմի ձորի բերանին, էդքան շատ ձայներ չի լսվել ,ու երկար կրակոցներ չի էղել։ Էսօր հանգիստ ա, ոչ մի կրակոց, ոչ մի ձայն չկա»։

Երեկ Նորաբակի դիրքերում Ադրբեջանի զինուժի կրակոցից 19-ամյա ժամկետային է մահացել։ Սուրեն Սաֆարյանն Արագածոնտի մարզի՝ հիմնականում եզդիաբնակ Սադունց գյուղից էր։

Սուրենի ազգականներից է գյուղի վարչական ղեկավարը։ Մովսես Շամոյանը պատմում է՝ Սուրենին գյուղում գրեթե բոլորը գիտեն. խելոք ու աշխատասեր տղա էր. - «Հունվարին էր գնացել ծառայության։ Մոտավորապես մի ամիս ա, ինչ էկել ա տուն, գնացել ա, արձակուրդ էր։ Խելոք էրեխա, աշխատող էրեխա ա էղել»։

Սուրենը երկու քույր ու երկու եղբայր ունի, տան կրտսերն էր։ Անասնապահությամբ էր զբաղվում, ընտանիքին օգնում։ Նաև այլ աշխատանքեր էր անում, եթե սեզոնային աշխատանքն ավարտվում էր, ասում է գյուղի վարչական ղեկավարը. - «Ինչ հիշում եմ աշխատել ա։ Փոքր ժամանակվանից մինչև հիմա ընտանիքը պահեն իրենց... մի եղբայրը մի տեղ էր աշխատում, հայրը՝ մի ուրիշ տեղ, ինքը գյուղում էր աշխատում»։

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվել է անցած շաբաթասկզբից։ Մեկ շաբաթ առաջ Հայաստանի արևելյան սահմանագոտու Սյունիքի հատվածում տեղի ունեցած բախումը ամենաարյունալին էր 44-օրյա պատերազմից ի վեր։ Այն դադարեց նույն օրը երեկոյան՝ ռուսական կողմի միջնորդությամբ։

Հայկական կողմը վերջին տվյալներով հաստատված 6 զոհ ունի, 13 գերի, ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր 24 զինվորի հետ կապը կորցնելու մասին։

Մարտական գործողություններից մեկ շաբաթ անց պաշտոնապես որևէ բան չի հաղորդվում անհետ կորածների մասին։

Բաքուն 7 զոհի և10 վիրավորի մասին էր հայտնել։

XS
SM
MD
LG