Մատչելիության հղումներ

Գերմանիայում, Բելգիայում, Չեխիայում և Շվեդիայում հակահամաճարակային միջոցառումները խստացվում են


Գերմանիա - Կորոնավիրուսի դեմ պատվաստման շարժական կետ Դույսբուրգում, նոյեմբեր, 2021թ․
Գերմանիա - Կորոնավիրուսի դեմ պատվաստման շարժական կետ Դույսբուրգում, նոյեմբեր, 2021թ․

Գերմանիայի 16 նահանգների ղեկավարները և դաշնային առաջնորդները այսօր պետք է բանակցություններ վարեն կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ, քանի որ երկրում օրական գրանցվող նոր վարակակիրների թիվը շարունակում է աճել: Նրանք միասնական մոտեցում կփնտրեն նոր կանոննների և սահմանափակումների հետ կապված:

Ակնկալվում է նաև, որ կքննարկվի, թե ով կարող է օգտվել հանրային ծառայություններից և ինչպես բարձրացնել Գերմանիայի պատվաստումների մակարդակը, որը ներկայումս մոտ 68 տոկոս է կազմում:

Վարակի ընթացիկ՝ չորրորդ ալիքը լարվածության տակ է դրել երկրի որոշ հիվանդանոցներ՝ ստիպելով ոմանց օգնության փնտրել Եվրամիության այլ երկրներում:

Բելգիայում սահմանափակումները խստացվում են՝ կապված վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված կորոնավիրուսի դեպքերի թվի կտրուկ աճի հետ, չնայած այն հանգամանքին, որ երկրի բնակիչների 76 տոկոսը պատվաստված է։ Հասարակական վայրերում այսուհետ անհրաժեշտ կլինի դիմակ կրել 10 տարեկանից բարձր երեխաներին, իսկ յուրաքանչյուր ոք, ով հնարավորություն ունի, 5 օրից 4-ը պետք է աշխատի տնից՝ առնվազն մինչև դեկտեմբերի 12-ը։

Շվեդիայում առաջին անգամ իշխանությունները հայտարարել են COVID անձնագրերի ներդրման մասին, որոնք դեկտեմբերի 1-ից անհրաժեշտ կլինի ներկայացնել 100-ից ավելի մասնակից ունեցող և փակ տարածքներում անցկացվող միջոցառումների ժամանակ։

«Եվրոպայում հիվանդության տարածումը կրկին նկատելի է, և շատ երկրներ ստիպված են եղել նոր սահմանափակումներ մտցնել», - ասել է Շվեդիայի առողջապահության նախարար Լենա Հալենգրենը՝ շարունակելով․ - «Շվեդիայում նման աճ դեռ չի նկատվել, բայց մենք մեկուսացած չենք արտաքին աշխարհից և պետք է պատրաստ լինենք, որ դա կազդի մեզ վրա»։

Վերջին օրերին Չեխիայում գրանցվել է հիվանդացության զգալի աճ։ Երեքշաբթի օրը հայտնաբերվել է գրեթե 22,5 հազար նոր դեպք՝ սա առավելագույնն է համաճարակի սկզբից ի վեր։ Այդ կապակցությամբ երկրում նոր սահմանափակումներ են մտցվում չպատվաստվածների և կորոնավիրուսով չվարակվածների համար։ Իշխանությունները դա բացատրում են նրանով, որ ավելի վաղ ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել վարակի տարածումը կանխելու համար։

XS
SM
MD
LG