Մատչելիության հղումներ

Կանադան կոչ է անում թուլացնել լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով


Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլի

Կանադան կոչ է անում թուլացնել լարվածությունը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում։ Այս մասին այսօր Twitter-ում գրել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին։

«Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած և հայ զինծառայողների մահվան հանգեցրած վերջին բախումների առթիվ։ Մտովի զոհերի, նրանց հարազատների և հանրության հետ ենք», - գրել է կանադական դիվանագիտության ղեկավարը՝ հավելելով․ - «Կոչ ենք անում՝ թուլացնել լարվածությունը, որպեսզի հնարավոր լինի հասնել խնդրի խաղաղ լուծման»։

Հայաստանի արևելյան սահմանագոտում երեկ ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ, կողմերը կորուստներ ունեն։

Պաշտոնական Երևանը շեշտում է, որ ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Բաքուն պնդում է, թե հայկական կողմն է «սադրանքի դիմել»։

Հայաստանը հայտարարեց, որ դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով՝ 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն։ Երեկոյան Ռուսաստանի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Նոյեմբերի 16-ին ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի 7, վիրավորվել 10 զինծառայող։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

XS
SM
MD
LG