Մատչելիության հղումներ

Անվտանգության խորհուրդը քննարկել է ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածք ներխուժման փաստը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահում է Անվտանգության խորհրդի նիստը, Երևան, 15-ը նոյեմբերի, 2021թ․
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահում է Անվտանգության խորհրդի նիստը, Երևան, 15-ը նոյեմբերի, 2021թ․

Ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք՝ արևելյան տեղամասերից մեկում, այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության Խորհրդի նիստում։

Այլ մանրամասներ վարչապետը չի հայտնել, չի հստակեցրել՝ երբ, որտեղ և ինչ հանգամանքներում է եղել առաջխաղացումը։ Միայն նշել է, որ այդ հարցը Անվտանգության խորհրդում քննարկվում է դեռ երեկվանից։

«Երեկվանից մենք այս կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի անգամ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել: Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: Այսօր նիստի նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է պաշտպանության նախարարի պաշտոնից Արշակ Կարապետյանին հեռացնելու և այդ պաշտոնում Սուրեն Պապիկյանին նշանակելու մասին, ընդգծելով, որ այդ որոշումը կայացրել է «երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»:

Երկրորդ օրն է՝ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող բախումների մասին, որոշ աղբյուրներ պնդում էին, թե ադրբեջանական զորքը առաջխաղացում է ունեցել, պաշտոնական Երևանը, սակայն, մինչև այսօր այս փաստը չէր հաստատում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Արշակ Կարապետյանին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, միաժամանակ ընդգծել, որ « այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա»:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Անվտանգության խորհուրդը լսել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին, ինչից հետո, ըստ Փաշինյանի, ԱԽ անդամները պետք է վերլուծեին իրավիճակը և փորձեին «մի քանի ուղղություններով որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»:

Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ

Այսօր ավելի ուշ Հայաստանի ԱԽ-ն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ երեկ ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ, ըստ ԱԽ-ի, բանակցությունների արդյունքում ադրբեջանական զինտեխնիկան և զորքը դուրս են եկել Հայաստանի տարածքից։

ԱԽ նաև տեղեկացրեց, որ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները ևս դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից, սակայն նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

Անվտանգության խորհուրդը հերքեց շրջանառվող լուրերը, թե ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել։ «Լուրերն իրականությանը չեն համապատասխանում», - նշում է ԱԽ-ն՝ տեղեկացնելով, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է միջադեպի պատշաճ քննություն իրականացնել:

ԱԽ-ն Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա

Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի, Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) կազմակերպության և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա և ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

ԱԽ-ն վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում և միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ, նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:

XS
SM
MD
LG