Մատչելիության հղումներ

Պատերազմից մեկ տարի անց հետազոտություններ չեն արվել ապացուցելու՝ Արցախում կիրառվե՞լ են քիմիական արգելված նյութեր, թե՞ ոչ


Լուսանկարը՝ Արցախի ՊԲ հրապարակած տեսանյութից, 31-ը հոկտեմբերի, 2020 թ:
Լուսանկարը՝ Արցախի ՊԲ հրապարակած տեսանյութից, 31-ը հոկտեմբերի, 2020 թ:

Պատերազմից մեկ տարի անց Հունան Հակոբյանը ցույց է տալիս խորը այրվածքների սպիները, արդեն 10-ից ավելի վիրահատության է ենթարկվել։

«Ինքը տենց սովորական այրվածք չի, քիմիկատներ կան էդ զենքի մեջ, կոնկրետ իմ մոտ ձեռքերն այրվել խորը, ուսը, մեջքը ու ոտքերը», - ասաց Հակոբյանը:

Անցյալ տարի դեկտեմբերին «Ազատությունը» զինվորին նկարահանել էր հիվանդանոցում, դեռ այն ժամանակ բժիշկներին արդեն տարօրինակ էին թվացել Հունանի վերքերի խորությունն ու այլ հատկությունները. ենթադրել էին` բուժումը բարդ ու երկարաժամկետ էր լինելու։ Երիտասարդին առջևում առնվազն ևս մի քանի վիրահատություն է սպասվում։

«Քիթը աջ կողմից պլաստիկա պիտի անեն, աչքերն էլ վիրահատած ա, երևի մինչև ձմեռ պիտի բացեն, տեսողությունս լավ ա, ոնց կա մնացել ա, բերանն էլ այրվածքից սպի ա, պլաստիկայով պիտի դզեն: Լրիվ ոնց եղել ա չի կարա լինի, բայց բավականին հիմիկվա համեմատ պիտի որ դզվի», - հույս հայտնեց Հակոբյանը:

Հունանը, ինչպես տասնյակ այլ երիտասարդներ, դեռ բուժման համար շարունակում է այցելել Այրվածքաբանության կենտրոն, որտեղ պատերազմի ընթացքում ու դրանից հետո ապաքինվել են նման` ոչ ստանդարտ այրվածքներով պատերազմի մոտ 150 մասնակցիներ, տասնյակ այլ հիվանդներ էլ բուժվել են բժշկական մյուս կենտրոններում՝ ստանալով նաև այրվածքաբան նեղ մասնագետների ցուցումները։

Այրվածքաբանության կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը շուրջ մեկ տարի` հետևում է նման հիվանդների առողջացման դինամիկային: «Սա այրվածքի նման չի, անընդհատ մեզ թվում է, թե ինչ-որ հրազեն է կամ` մետաղական ինչ-որ բան, բայց փորում-փորում ենք, տեսնում ենք, որ չէ, հեղուկացված հյուսվածք է ուղղակի»:

Կենտրոնում եզրահանգել են, որ նման այրվածքներ հնարավոր էր ստանալ քիմիական նյութերից: Այդ վարկածը հիմնավորվել է անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին, երբ հրապարկվեց Արցախի անտառների վրա թափվող ֆոսֆորային անձրևի տեսանյութը, իսկ հաջորդող ամիսներին արդեն կասկածները վերացել են մասնագիտական դիտարկումների, աննախադեպ բարդացող ընթացքով՝ մաշկի վերականգման վիրահատությունների և հետազոտությունների արդյունքում։

«Եթե քիմիական նյութեր են լինում, դրանք ավելի դժվար են ենթարկվում այրվածքների կլասիկ բուժմանը, հետևապես մեզ դա էլ հուշեց», - ասաց կենտրոնի փոխտնօրենը:

Կենտրոնում բուժվող հիվանդների շրջանում հարցումները ցույց են տվել, որ նրանք վիրավորումներ են ստացել տարբեր պայմաններում՝ անօդաչու թռչող սարքի պայթյունից մինչև ինքնաթիռից նետված արկի պայթյուն, ընդհանրությունը՝ առաջացած ուժեղ հրդեհն ու ստացած այրվածքների առանձնահատկություններն են։

Թե ինչ նյութեր է կիրառել Ադրբեջանը տարբեր զինատեսակներում՝ արգելվա՞ծ, թե ոչ, հնարավոր է պարզել միայն վերջնական հյուսվածքաբանական քննությունից հետո՝ արևմտյան երկրների հատուկ լաբորատորիաներում, որը մինչ օրս, ըստ էության չի արվել: Համենայնդեպս, որևէ պետական մարմին Այրվածքաբանական կենտրոնին չի դիմել այս հարցով, իսկ Կենտրոնը սեփական միջոցներով նման թանկարժեք հետազոտություններ չէր կարող պատվիրել։

«Դրա համար մենք հյուսվածքներ ենք պահել, մտածելով, որ եթե մեզանից հյուսվածք ցանկանան, ունենանք, որ կարողանանք տալ», - նշեց Բաբայանը:

Անցյալ տարի` պատերազմի ընթացքում, Հայաստանի տարբեր պաշտոնյաներ մեկը մյուս հետևից բարձրաձայնեցին Արցախի դեմ կիրառված անթույլատրելի քիմիական նյութերի մասին, Պաշտպանության բանակը, Հայաստանի արտգործնախարարը պնդեցին, որ կիրառվել է հենց սպիտակ ֆոսֆոր, սակայն 44-օրյա պատերազմից 1 տարի անց քայլեր, պաշտոնական ապացույցներ դեռ չկան։

Կատարվե՞լ են, թե՞ ոչ հյուսվածքաբանական քննություններ. պատկան մարմիններին հարցումներ ուղարկած EVN Report-ին վարչապետի աշխատակազմից և Առողջապահության նախարարությունից ուղղորդել են դիմել պատերազմական հանցագործություններ քննող Քննչական կոմիտե, որտեղից էլ պատասխանել են՝ նախաքննական գաղտնիք է։

Մինչ այդ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը հիշեցնում է՝ Արցախի օմբուդսմենի գրասենյակի հետ այս թեմայով անցյալ տարի համատեղ զեկույց են հրապարակել՝ կենտրոնանալով հատկապես Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ հրկիզող, քիմիական ծագման զինատեսակների կիրառման վրա , սակայն օմբուդսմենի գրասենյակին ևս այժմ հայտնի չէ՝ որևէ մարմին փորձե՞ց ստանալ պաշտոնական ապացույցներ արգելված նյութերի կիրառման վերաբերյալ։

«Նմուշառումը պետք է իրականացվի թե՛ այն անձանց մարմիններից, ում նկատմամբ զենքը կիրառվել է, և թե՛ այն տեղանքներում, որտեղ դա կիրառվել է: Այսինքն, օրինակ, հողից պետք է վերցվեն նմուշներ, բայց մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները սրա վրա չեն տարածվում և նման գործիքակազմ մենք չունենք», - ասաց մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը:

Եթե, այնուամենայնիվ, ի վերջո Հայաստանն ունենա ապացույցներ քիմիական տարրեր պարունակող զինատեսակ կիրառելու վերաբերյալ, դրանք օգտակար կլինեն Եվրոպական դատարան ներկայացված գանգատը հիմնավորելիս, նկատում է Սերգեյ Ղազինյանը։

Կան սպիտակ ֆոսֆորի կիրառումն արգելող 2 միջազգային կոնվենցիաներ, որոնց ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չի միացել, ասում է միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կարող է գործել հումանիտար իրավունքի դաշտում։

«Մենք թեկուզ հանրային դիվանագիտության իմաստով, ինչպես նաև պաշտոնական, կարող էինք այս սպիտակ ֆոսֆոր պարունակող նյութի կիրառումը շատ ավելի բարձրաձայնել տարբեր ֆորումներում, հատկապես մարդու իրավունքներով և միջազգային հումանիտար իրավունքով զբաղվող կազմակերպություններում», - նշեց Թաթիկյանը:

«Ազատությունը» հարցում էր ուղարկել Արտգործնախարարություն՝ հետաքրքրվելով սպիտակ ֆոսֆորի հնարավոր կիրառման վերաբերյալ վերջին մեկ տարում իրականացված աշխատանքների մասին։ Պատասխանել են, որ «Հայաստանն այս մասին բարձրաձայնել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) ղեկավար օղակներում՝ դիմելով, որ փաստը քննելու նպատակով ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն գործուղվի Արցախ: Իսկ ապրիլին ՔԶԱԿ 25-րդ համաժողովին ՀԱՊԿ անդամ պետությունները հանդես են եկել հայաստանյան կողմի ակտիվ ներգրավվածությամբ համաձայնեցված հայտարարությամբ, որը անդրադարձել է նաև վտանգավոր քիմիական նյութերի կիրառմանը: Հայտարարությունում նշվել է, որ «զարմանք է առաջացնում ՔԶԱԿ քարտուղարության կողմից անտեսումը այն փաստի, որ վերջերս տարածաշրջանային հակամարտության ընթացքում կիրառվել է քիմիական նյութ, որի հասցրած վնասը մարդկանց և շրջակա միջավայրին համարժեք է քիմիական զենքի կիրառման վնասին»։

Նշենք, սակայն, որ սպիտակ ֆոսֆորը Քիմիական զենքի արգելման կազմակերպության ցուցակում չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG