Մատչելիության հղումներ

ԵՄ-Բելառուս սահմաններին միգրացիոն ճգնաժամից կարող են տուժել նաև Ռուսաստանն ու Թուրքիան


Բելառուս, Գրոդնոյի շրջան - Միգրանտները Լեհաստանի հետ սահմանին, 10-ը նոյեմբերի, 2021թ․
Բելառուս, Գրոդնոյի շրջան - Միգրանտները Լեհաստանի հետ սահմանին, 10-ը նոյեմբերի, 2021թ․

Լիտվայի, Լեհաստանի և Բելառուսի սահմաններին օր-օրի խորացող միգրացիոն ճգնաժամից կարող են տուժել նաև Ռուսաստանն ու Թուրքիան։ Արևմտյան աղբյուրները գրում են, որ հազարավոր ներգաղթյալներին, որոնք փորձում են փշալարերն անցնելով Բելառուսից մտնել Եվրամիության տարածք, Մինսկ են հասցրել ռուսական և թուրքական ավիաընկերությունները։

Պաշտոնական Անկարան սա հերքում է։

Ռուսաստանի նախագահի խոսնակն այսօր հայտարարել է, թե Մոսկվան գործադրում Է բոլոր ջանքերը Բելառուսի և Լեհաստանի սահմանին ճգնաժամը կարգավորելու համար։ Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է իր բելառուսցի գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչպես նաև նախօրեին քննարկել է ստեղծված ճգնաժամը Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի հետ։

Դմիտրի Պեսկովը նաև հույս է հայտնել, որ «Աէրոֆլոտ»-ի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին խելահեղ գաղափարը իրական չէ։ Ընդ որում, Պեսկովը չի հերքել, որ «Աէրոֆլոտ»-ը միգրանտների է տեղափոխել Մինսկ։ Կրեմլի խոսնակի խոսքով՝ միջազգային նորմերին չի հակասում, որ ինչ-որ ավիաընկերություններ Բելառուս մարդկանց են տեղափոխում, որոնց թվում կարող են լինել նաև ներգաղթյալներ։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել է` Եվրամիությունը քննարկում է ռուսական «Աէրոֆլոտ» ավիափոխադրողի դեմ Բելառուսի և Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։

Turkish Airlines-ի օդանավ, արխիվ
Turkish Airlines-ի օդանավ, արխիվ

Պատժամիջոցների տակ կարող է հայտնվել նաև Turkish Airlines ավիաընկերությունը։ Հրատարակության տվյալներով՝ նոր սահմանափակումների մասին Եվրամիությունը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հետ միասին կարող են հայտարարել դեկտեմբերի սկզբին: Սահմանափակումների տակ կարող են հայտնվել ֆիզիկական անձինք և ընկերություններ, որոնք ներգրավված են բելառուսական տարածքով Եվրամիության սահմանին միգրանտներին տեղ հասցնելու գործում:

Ռուսաստանցի սենատոր Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, թե «Աէրոֆլոտ»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու դեպքում Մոսկվան որպես համարժեք պատասխան կարող է քննարկել Ռուսաստանի օդային տարածքով արևմտյան ավիաընկերությունների թռիչքն արգելելու հարցը:

Ավելի վաղ միգրացիոն ճգնաժամի պատճառով «Աէրոֆլոտ»-ի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին գրել էր ամերիկյան Politico պարբերականը, շեշտելով, թե առաջին հերթին պատժամիջոցները կսահմանվեն բելառուսական «Բելավիա» ազգային փոխադրողի դեմ: Պարբերականը նաեւ թվարկել է այն ավիաընկերությունները, որոնք թռիչքներ են իրականացնում դեպի Մինսկ, դրանք են՝ ռուսական «Աէրոֆլոտ», «ՅուՏէյր» և Nordwind Airlines, ինչպես նաեւ Turkish Airlines և FlyDubai ավիաընկերությունները: Գերմանական Bild պարբերականը, վկայակոչելով Գերմանիայի անվտանգության մարմիններում իր աղբյուրները, հայտնել է, որ դեպի Բելառուս միգրանտներով չվերթներն իրականացնում են «Աէրոֆլոտ»-ը և Turkish Airlines-ը:

Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահն առանձնապես չի թաքցնում, որ Բելառուսի իշխանություններն են կազմակերպել այս միգրացիոն ճգնաժամը․ - «Դուք, սրիկաներ, կազմակերպել էիք հիբրիդային պատերազմ Բելառուսի դեմ, պատժամիջոցներ եք սահմանել, ամեն ձևով հարձակում եք սկսել, դե ուրեմն ստացեք։ Բելառուսը չի խոչընդոտի միգրանտների տեղաշարժը դեպի Եվրամիություն»։

Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր նաև սպառնացել է փակել «Յամալ-Եվրոպա» խողովակաշարը և Եվրամիությունը թողնել առանց գազի, եթե Լեհաստանը փակի Բելառուսի հետ սահմանը։

Լիտվայի և Լեհաստանի սահմաններին այս օրերին տեղի ունեցող աննախադեպ միգրացիոն ճգնաժամում իր մասնակցությունը հերքել է նաև Թուրքիան։ Այդ երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ հեռախոսազրույցում ասել է, թե անհիմն է համարում Անկարայի և Turkish Airlines ավիաընկերության հասցեին հնչող մեղադրանքները։ Նա Լեհաստանին առաջարկել է Թուրքիա ուղարկել տեխնիկական հանձնաժողով՝ միգրանտների հետ կապված ճգնաժամի շրջանակում ստուգումներ անցկացնելու համար:

Իրավիճակը բելառուսա-լեհական սահմանին կտրուկ սրվել է երկուշաբթի օրը, երբ մի քանի հազար ներգաղթյալներ խմբվել էին սահմանին և փորձել մետաղալարերը հաղթահարելով՝ մտնել Եվրամիության տարածք։ Լեհ սահմանապահներին և զինծառայողներին հաջողվել է կանգնեցնել անօրինական ներգաղթյալների հոսքը, միգրանտները վրաններ են տեղադրել Դարբնիցա բնակավայրի շրջանում: Դեպի Եվրամիություն անցնելու փորձերը, սակայն, շարունակվում են։ «Գիշերը 150-հոգանոց մի մեծ խումբ ուժով փորձել է անցնել լեհ-բելառուսական սահմանը», - այսօր առավոտյան պատմել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Բարտոշ Գրոդեցկին:

ԵՄ իշխանությունները հայտարարում են, որ միգրանտների տեղափոխմանն ուղղակիորեն մասնակից են բելառուսական իրավապահներն ու Լուկաշենկոյի հարազատները, և տեղի ունեցածը որակում են որպես հիբրիդային պատերազմ։ Նրանց պնդմամբ՝ միգրանտները, որոնք հիմնականում Մերձավոր Արևելքից են, Մինսկ են հասնում բելառուսական պետական տուրիստական ընկերության օգնությամբ, ապա սահման տեղափոխվում ուժայինների ուղեկցությամբ։

Համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որոնցում սահմանին հայտնված սիրիացիները, իրաքցի քրդերը պատմում են՝ ինչպես են բելառուսցի զինվորականներն իրենց ուղեկցել․ - «Մենք մոտ 100-հոգանոց խումբ էինք, գուցե ավելի, բելառուսցի սահմանապահը կտրեց փշալարը և ասաց՝ այնտեղ է Լեհաստանը, գնացեք»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG