Մատչելիության հղումներ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը համերգներով ևս մեկ անգամ կնշի Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի հոբելյանները


Էդվարդ Միրզոյան
Էդվարդ Միրզոյան

Նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» արդեն ավանդական դարձած համերգաշարի շրջանակներում տեղի կունենա հոբելյանական երեկո՝ նվիրված մեր լավագույն կոմպոզիտորներից Էդվարդ Միրզոյանի ծննդյան 100-ամյակին։

Իսկ նոյեմբերի 18-ին կայանալիք հոբելյանական երեկոն նվիրված է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։

Ինչպես այսօր «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, անվանի դաշնակահարուհի, «Խաչատրյան տրիոյի» հիմնադիր Արմինե Գրիգորյանը, իրենք չէին կարող չնշանավորել մեծավաստակ կոմպոզիտորների հոբելյանները. - «Պետք է ասեմ, որ այս հոբելյանները մենք սկսել ենք նշել դեռ 2020 թվականից, փետրվար ամսից։ «Խաչատրյան տրիոն» շրջագայության մեջ էր Ռուսաստանում և մերձբալթյան երկրներում, և համերգներից մեկը, որը կայացավ Սոչի քաղաքում և ընդգրկված էր Յուրի Բաշմետի միջազգային փառատոնի շրջանակներում, նույնպես նվիրված էր մեր մեծանուն կոմպոզիտորների հոբելյանին։ Ասեմ ավելին, այդ ամբողջ օրը հայկական երաժշտության օր էր, քանի որ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի կողմից կազմակերպվեց ցուցահանդես, որը կրկին նվիրված էր Արամ Խաչատրյանին և մեր Մեծ հնգյակին։ Այնուհետև տեղի ունեցավ կոնֆերանս, որին մասնակցում էին Ռուսաստանից և Հայաստանից բանախոսներ, մեր թանգարանից նույնպես, և երեկոյան համերգներ, որոնց ընթացքում հնչեցին թե' Արամ Խաչատրյանի, թե' իր հետնորդների, որոնց թվում են նաև Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը, Ղազարոս Սարյանը, Արամ Խուդոյանը»։

Առաջիկա հոբելյանական համերգների ընթացքում կհնչեն մեր մեծանուն կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի կամերային ստեղծագործությունները՝ անվանի մենակատարներ Նարեկ Հախնազարյանի, Կարեն Շահգելդյանի, Արմինե Գրիգորյանի, Սիրանույշ Գասպարյանի և այլոց կատարումներով։ Հոբելյանական երեկոները կուղեկցվեն նորաբաց լուսանկաչական ցուցադրություններով։

«Որտեղ մենք ցույց ենք տալիս փաստեր այն ջերմ և շատ հաստատուն կապերի մասին, որոնք ամբողջ կյանքի ընթացքում եղել են Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի միջև», - ասաց Արմինե Գրիգորյանը՝ շարունակելով. - «Արամ Խաչատրյանը կարելի է ասել իրենց մեծ ուսուցիչն է եղել թե' մասնագիտության մեջ, թե' կյանքի ընթացքում։ Կան բազմաթիվ փաստեր, պատմություններ, որոնք վկայում են այդ մասին։ Նաև մեր տուն-թանգարանի հավաքածուում մենք ունենք բազմաթիվ փաստեր։ Եվ պետք է ասել, որ Էդվարդ Միրզոյանը մեծ ներդրումն է այն հարցում, որ մենք հիմա ունենք նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Երևանում։ Մինչև իր կյանքի ավարտը Էդվարդ Միրզոյանը թե' տուն-թանգարանի, թե' որպես երաժիշտ ամենամեծ բարեկամներից է եղել, նա մասնակից է եղել բոլոր մեր նախաձեռնություններին, մեր բոլոր միջոցառումներին։ Եվ ոչ միայն մասնակից է եղել, նաև քաջալերել է և իր խորհուրդներով միշտ մեր կողքին է եղել»։

Անդրադառնալով Առնո Բաբաջանյանին՝ Գրիգորյանն ասաց. - «Կան շատ հետաքրքիր պատմություններ, որոնք վկայում են Արամ Խաչատրյանի հետ իրենց շատ ջերմ հարաբերությունների մասին։ Ընդհանրապես պետք է ասել, որ Առնո Բաբաջանյանի դեպքում Արամ Խաչատրյանին համարում ենք իր կնքահայրը երաժշտության մեջ, քանզի նա առաջինն է, որ նկատել է հնգամյա մանուկի՝ Առնոյի մեծ երաժշտական ունակությունները և խորհուրդ է տվել զբաղվել այդ երեխայով, որովհետև, իր կարծիքով, այդ հրաշամանուկին սպասում է մեծ ապագա երաժշտության մեջ։ Տարիներ շարունակ Էդվարդ Միխայլովիչը եղել է մեր Կոմպոզիտորների միության նախագահը, բացի նրանից, որ մտերիմ էր շատ Արամ Խաչատրյանի հետ, նաև մեր կառավարության բոլոր անդամների։ Երբ Արամ Խաչատրյանը իր ցանկությունը հայտնեց, որ հենց իր երևանյան տունը դառնա իր տուն-թանգարանը, դեռ իր կյանքի օրոք կայացվել էր այդ որոշումը 1976-ին, 1978-ին հիմնադրվեց տուն-թանգարանը։ Իհարկե, Արամ Խաչատրյանը հասցրել էր ծանոթանալ իր ապագա տուն-թանգարանի նախագծին, բայց, ցավոք սրտի, 78 թվականի մայիսին նա մեզ հրաժեշտ տվեց, և այնուհետև, երբ արդեն շինարարությունն էր սկսվել, ձևավորվել էր մի աշխատանքային խումբը, որը շաբաթվա մեջ մեկ-երկու անգամ այստեղ էր։ Խումբը ղեկավարում էր երկրի ղեկավարը՝ Կարեն Սերոբովիչ Դեմիրճյանը։ Այդ խմբում իր կարևոր տեղը զբաղեցնում է Էդվարդ Միրզոյանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG