Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմությունը քաղաքականապես սնանկ է, պնդում է ՔՊ խմբակցության ղեկավարը


Խորհրդարանական ընդդիմությունը քաղաքականապես սնանկ է, որովհետև «աբսուրդ է, որ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ժողովուրդը իր կամքը ձևակերպել է, 4 ամիս անց խորհրդարանական ընդդիմությունը նորից դուրս է գալիս փողոց, և նույն կրկնվող օրակարգով, որով հանդես էր գալիս մինչև խորհրդարանական ընտրությունները»։ «Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ մեկնաբանելով խորհրդարանական ընդդիմության փողոց դուրս գալը, իշխանություններին հեռացնելու օրակարգով նոյեմբերի 8-ին նշանակված հանրահավաքը և պատասխանելով հարցին՝ «չի՞ նշանակում սա, որ, այնուամենայնիվ, ընտրությունները չլուծեցին ներքաղաքական ճգնաժամը»։

«Մենք հիշում ենք ՝ այդ ընդդիմությունը մինչև ընտրությունները փողոցներում պահանջում էր իշխանությունների հրաժարականը, ընդ որում՝ նրանք պահանջում էին դա ըստ էության հակասահմանադրական ճանապարհով, որպեսզի հեղաշրջում անել Հայաստանում, բայց դա չստացվեց։ Ժողովուրդը իր կամքը ձևակերպեց, Հայաստանի Հանրապետությունում հաստատված է լեգիտիմ իշխանություն, ժողովուրդը մեզ և ընդդիմադիրներին ըստ էության ասել է՝ «գնացեք և աշխատեք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված ինստիտուտների պայմաններում», - ասաց Կոնջորյանը։

«Մենք եկել ենք և պատրաստ ենք այդ աշխատանքն անելու և անելու ենք։ Սակայն այս 4 ամիսների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը խորհրդարանում ևս ապացուցեց իր բովանդակային սնանկությունը՝ այնպես, ինչպես որ դա ապացուցվել էր փողոցում։ Ըստ էության, անմիջապես պատերազմից հետո նրանք ամենախայտառակ ձևակերպումներով և մեղադրանքներով հանդես եկան մեր դեմ՝ ամենախայտառակ, որից այն կողմ այլևս հնարավոր չէ ոչինչ ասել, այն, ինչ հնարավոր էր մեզ ասել՝ տեղին և հատկապես անտեղի, բոլոր հայհոյախոսությունները, բոլոր սպառնալիքները, ատելության խոսքը, սպանության տեսարանները՝ թատերականացված, այն, ինչ որ հնարավոր էր, նրանք արել են, և դրանից հետո նրանք այլևս չեն կարող դոզան ավելացնել, և հայտնվել են իրենց իսկ ստեղծած ծուղակի մեջ, երբ որ նրանք այլևս ասելիք չունեն», - հայտարարեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը։

Ասելիքի այդ բացակայությունը, ըստ Կոնջորյանի, նաև լավագույն կերպով դրսևորվում է խորհրդարանում․ - «Ասելիքի սնանկության ամենաճոռոմ դրսևորումը հենց խորհրդարանում է, երբ որ խորհրդարանական ընդդիմությունը, չունենալով ասելիք, խրամատավորվում է աթոռների վրա և սկսում է շշանետումներով զբաղվել»։

«Հիմա, այն մարդիկ, ովքեր որ ցանկանում են լեգիտիմ ընտրություններից 4 ամիս անց նորից փողոցներում ստեղծել ներքաղաքական անկայունություն, հարց՝ ո՞ւմ են այդ մարդիկ ծառայում։ Ժողովրդին չեն ծառայում, որովհետև ժողովուրդն արդեն ասել է՝ «գնացեք խորհրդարանում աշխատեք»։ Միևնույն ժամանակ, ստանալով խորհրդարանում իրենց աշխատավարձերը և բոլոր այն երաշխիքները, որոնք որ սահմանված են իրենց համար որպես պատգամավորներ, սակայն որպես պատգամավորներ, փաստացի ստացվում է՝ ընդդիմությունը սպառել է իրեն», - պնդեց Հայկ Կոնջորյանը՝ վստահեցնելով․ - «Որևէ մեկին չի հաջողվելու Հայաստանում ներքաղաքական անկայունություն ստեղծել»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG