Մատչելիության հղումներ

ԱԺ ընդդիմությունը մերժում է իշխանության՝ վարչապետ - խորհրդարանականներ փակ հանդիպման առաջարկը


Չնայած երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում տպավորություն ստեղծվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ինչ-որ մի ձևաչափով վարչապետ -խորհրդարանականներ հանդիպում կազմակերպելու հարցով, ավելի ուշ խմբակցությունը հայտարարություն տարածեց, որից տեղեկանում ենք՝ Փաշինյանի հետ չի կարող լինել որևէ փակ քննարկում՝ որևէ ֆորմատով։

Ինչո՞ւ մտափոխվեցին, այսօր հետաքրքրվեցինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանից։ «Մտափոխություն չկա այստեղ, շատ հստակ է՝ այն, ինչ տեղի ունեցավ երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը, խեղաթյուրելով, իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ անելով, փորձում էր հերթական անգամ մանիպուլյացիայի ենթարկել հանրությանը՝ ամեն ինչ բարդելով նախկին ժամանակաշրջանի վրա, նախկինների վրա և այլն: Բուռն արձագանքը մեր շարքերից նպատակ ուներ շատ հստակ, որ այն, ինչ որ ասում է, սուտ է», - պատասխանեց Մինասյանը:

Տեղից ընդդիմադիրների՝ անջատված խոսափողով արված մեկնաբանությունները նիստին հետևողների համար լսելի չէին։ Բայց իշխանության արձագանքն էր այնպիսին, որ հանդիպման մասին փոխըմբռնում կա:

Իշխանությունների նման մեկնաբանությունները կաշկանդեցի՞ն ձեզ ընդունել Փաշինյանի հրավերը, հետաքրքրվեցինք ընդդիմադիրներից։ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորները, որ հենց նիստի ընթացքում հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանի հետ պատրաստ են քննարկել միայն նրա հրաժարականի տեքստը, ասում են՝ իշխանականները գործընթացը անլրջացնելու ճանապարհով գնացին:

«Այն, ինչ փորձեցին ներկայացնել, այդ թվում նաև սուրճի սեղանը, դա անլրջացնել է պրոցեսը, երկրորդը, ակնհայտորեն իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, պատրաստ չէ այդպիսի բանավեճի», - ասաց Տիգրան Աբրահամյանը:

«Խաշ է հասունանում» մեկնաբանությունն արած ԱԺ իշխանական փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքում է. «Եթե խաշը պետք է կաշկանդի այդ ընդդիմությանը, ապա լավ չեն այդ ընդդիմության գործերը»:

Ընդդիմադիրները նախ սեպտեմբերի 13-ին մի քանի գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպում պահանջեցին անվտանգային հարցերի թեմայով պարզաբանումներ ստանալու համար, որն այդպես էլ տեղի չունեցավ։ Ապա նույն պահանջով պաշտպանության հանձնաժողով դիմեցին, դարձյալ մերժում ստացնալուց հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկան։ Իշխող մեծամասնությունը այս շաբաթ այդ նախագծին կողմ քվեարկեց, կառավարությունն էլ խորհրդարան ուղարկեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին ու ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին։

Հանդիպումից դժգոհ մնացած երկու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին՝ իրենց հարցերի պատասխանները չեն ստացել։ Նման հանդիպումներին առաջին դեմքերի ներկայության մասին նույնը օրը խոսեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Այսօր վերջինս հրաժարվեց մեկնաբանությունից։

Իշխանականները մինչ այդ պնդում են՝ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը բաց է, գործընթացը անլրջացնելու մեղադրանքն էլ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը չի ընդունում:

«Առաջարկը՝ հանդիպել, քննարկել հանգիստ միջավայրում, եղել է «Հայաստան» դաշինքի կողմից, ես ենթադրում եմ, որ հետո «Հայաստան» դաշինքի իրական սեփականատեր Քոչարյանը զայրացել է այդ առաջարկի համար, և դրա համար էլ մոտ մեկ ժամ հետո նրանք փոխեցին իրենց կարծիքը», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Աղվան Վարդանյանը մատնանշում է երեկ հարցուպատասխանի ընթացքում իշխանության վարքագիծը։ Ասում է՝ Արցախը չգնալու վերաբերյալ իր ուղիղ հարցին Փաշինյանը խուսափեց պատասխանել։ Պաշտպանության նախարարի պատասխանի հռետորաբանությունն էլ ընդհանրապես անընդունելի է կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրի համար։ Եվ նման մանիպուլյատիվ մթնոլորտում որևէ քննարկում անիմաստ են համարում:

«Նույն մանիպուլյացիաները, որ անում է այդ մարդը դահլիճում, իր ամբողջ սվիտան, հո իրանք չունեն ինքնուրույն խոսք ասելու, ինքնուրույն մտածելու հնարվորություն, համարձակություն, նրանք բառացի կրկնելու են նրա թեզերը, փորձելու են սա բարդել «Հայաստան» դաշինքի վրա: «Հայաստան» դաշինքը երեկոյան հայտարարեց, բացառված է, քեզ հետ խոսելու բան չունենք, քեզ հեռացնելու ենք», - ասաց Վարդանյանը:

Վարչապետ Փաշինյանի գրասենյակից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, թե զեկույցի կամ այլ ձևաչափով խորհրդարանական քննարկում իրենք, այնուամենայնիվ, կնախաձեռնե՞ն, թե՞ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG