Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները ոստիկանների որոշ գործողություններ ոչ իրավաչափ են համարում


«Ֆիզգորոդոկում» ցույցերը
«Ֆիզգորոդոկում» ցույցերը

Ոստիկանությունը հայտարարում է՝ քաղաքացիներին բերման ենթարկելիս, տարբեր ակցիաների ընթացքում ուժային գործողություններ իրականացնելիս իրավապահները շատ ավելի մեղմ են գործում, քան տարբեր զարգացած երկրներում:

«Ոստիկանության ծառայողները, ըստ էության, կատարում են օրենքով իրենց վերապահված գործառույթները», - ԱԺ-ում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Խորհրդարանական ընդդիմությունն ու քաղհասարակությունը մինչդեռ ոստիկանների գործողությունները շատ դեպքերում ոչ իրավաչափ են համարում:

«Երբ քաղաքացուն փռում են ասֆալտին, ինչպես հայտնի ձևակերպումն է, դա դաժանություն չէ, բա ի՞նչ է», - հարցրեց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:

Այս տարի բողոքի ակցիաների ընթացքում կամ այլ իրավիճակներում ոստիկանական բիրտ գործողությունների մասին հրապարակումներ հաճախ էին հայտնվում լրահոսում. հայտնի «Ֆիզգորոդոկի» ցույցերի ընթացքում ոստիկանները ֆիզիկական ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, տուժածներ կային: Այս ամիս էլ ահազանգ ստացվեց, որ իրավապահները երեխաների ներկայությամբ քաղաքացու նկատմամբ բռնություն են գործադրել։

Փոխոստիկանապետը Արծվիկ Մինասյանի հարցին ի պատասխան` ոստիկանների գործողությունների առնչությամբ ծառայողական քննությունների վերաբերյալ վիճակագրություն ներկայացրեց. այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում այդպիսի 1407 քննություն է իրականացվել, ինչը պաշտոնյան բարձր ցուցանիշ համարեց, նրանցից 412-ը կարգապահական տույժի են ենթարկվել, 383-ը` նկատողություն ստացել, 28-ն ազատվել են աշխատանքից:

Ոստիկանները բերման են ենթարկում Վազգեն Ռաֆայելյանին
Ոստիկանները բերման են ենթարկում Վազգեն Ռաֆայելյանին

«Ազատվածների և նկատողությունների մեջ կան նաև այնպիսիք, որոնք որ երբեմն իրենց լիազորությունների միգուցե որոշակի անցումն է արձանագրվե», - ասաց Ֆիդանյանը` հավելելով, որ երեխաների ներկայությամբ քաղաքացու նկատմամբ ուժ կիրառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, այլ մանրամասներ չհայտնեց։

«Ֆիզգորոդոկի» բնակիչներն էլ երկու ամիս առաջ բողոքի ակցիաներ էին անցկացնում ու պահանջում այդ տարածքում բարձրահարկ չկառուցել, ոստիկանական գործողությունների ընթացքում բախումներ եղան, անչափահասներ էին տուժել։ Այդ ցույցերի ակտիվ մասնակից Վահրամ Ասատրյանը ֆիզիկական վնասվածք չէր ստացել, սակայն ինքնազգացողությունն էր կտրուկ վատթարացել: Նրա պնդմամբ` «Ֆիզգորոդոկում» ոստիկանների գործողությունները նախկին իշխանությունների օրոք կիրառվող պրակտիկայի շարքից էին և որևէ առնչություն չունեին 2018-ի թավշյա հեղափոխության հետ:

«Այդ գործողությունների արդյունքում, քանի որ երկու տարի առաջ ես վատառողջ էի և ինսուլտ էի ստացել, ոստիկանական ուժի կիրառմամբ ճնշումս բարձրացավ, վախ առաջացավ, որ նորից կարող էի ես ինսուլտ ստանամ», - շեշտեց նա:

Սաքունցը ևս ոչ իրավաչափ է համարում ոստիկանական գործողությունները

Վերը նշված դեպքերում ոստիկանական գործողությունները ոչ իրավաչափ է համարում իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Հատկապես 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի կանխման նպատակով ընդունվեց արտակարգ դրության ռեժիմի մասին այդ որոշումը, ոստիկանության գործողություններից բողոքները, և հատկապես վատ վերաբերմունքի դեպքերի մասին է խոսքս, շատացան, իսկ ինչ մնում է վարքագծային այլ փոփոխություններին, պետք է, ցավոք սրտի, նշեմ, որ 2021 թվականի ընթացքում դրանք էլ ավելի դրսևորվեցին վատ ձևով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը:

Գո՞հ են արդյոք քաղաքացիները ոստիկանների գործողություններից, «Ազատության» հարցերին պատասխանած մարդկանց կարծիքները տարբեր էին, ասում են` այլ երկրներում «նույնիսկ ասֆալտին են փռում», մյուսները համակարգի հետ կապված խնդիրներ տեսնում են:

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով ոստիկանությանը նախատեսվում է ավելի քան 66.5 միլիարդ դրամ հատկացնել` շուրջ 3 տոկոսով ավելի այս տարվանից, գումարի շուրջ 73 տոկոսը կուղղվի աշխատավարձային ֆոնդին։

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր նաև այլ վիճակագրական տվյալներ ներկայացրեց. դրանց համաձայն` հունվար- սեպտեմբեր ամիսներին հանցագործությունների թիվն աճել է ավելի քան 6 տոկոսով, ինչը նա պայմանավորեց խարդախությունների, գողությունների ու երթևեկության կանոնների խախտումների ավելացմամբ։ Իսկ թե ինչո՞ւ են դրանք շատացել, փոխոստիկանապետը չմանրամասնեց։

Համակարգում բարեփոխումների մասին խոսելիս փոխոստիկանապետը հուլիսից Երևանում գործող պարեկային ծառայությունը հիշատակեց ու նշեց՝ նախատեսում են մինչև 2024 թվականը պարեկային ծառայության անցնել ամբողջ Հայաստանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG