Մատչելիության հղումներ

«Ֆիզգորոդոկ»-ում լարված իրավիճակը հանգուցալուծում չի ստանում


Ալիխանյան 6/1 հասցեում, որ երևանցիներին ավելի շատ «Ֆիզգորոդոկ» անունով է հայտնի, լարված իրավիճակը հանգուցալուծում չի ստանում։ Այսօր առավոտից կառուցապատող ընկերությունը շարունակել է շինաշխատանքները՝ մասնավորապես, կառուցապատման համար նախատեսված տարածքն են ցանկապատել։

Տարածքում է եղել նաև կառուցապատող «Ռատկո» ընկերության համասեփականատեր և տնօրեն Արթուր Մնացականյանը, որը ականատեսների խոսքով, մեքենայով հարվածել է տարածքի 18-ամյա բնակիչներից մեկին։ Աղջիկն այժմ լավ է, տեղեկացրեց նրա մայրը։

«Այս պահին լավ է իրեն զգում, մեքենան բավականին կոպիտ ձևով խփեց, երեխան կողք թռավ, բայց կանգնած էր, չի ընկել, ոչ մի բան չի եղել: Ուղղակի այնքան արագ տեղի ունեցավ ամեն ինչ: Հետո արդեն դիմել է հիվանդանոց, սալջարդ է իր մոտ», - ասաց մայրը:

Մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ տարածքում գտնվող ոստիկանները դեպքը նկատել են, բայց չեն արձանագրել, հորդորել են դիմել ոստիկանության տարածքային բաժին և հաղորդում ներկայացնել։ Տեղում մոր և մյուս բնակիչների պահանջով, ոստիկաններից մեկը նստել է Արթուր Մնացականյանի մեքենան և միասին հեռացել են։ Տարել են ոստիկանական բաժանմունք, թե ոչ, բնակիչները տեղեկություն չունեին՝ իսկ ինքը՝ Արթուր Մնացականյանը հրաժարվեց մեզ որևէ մեկնաբանություն տալ, ասաց՝ զբաղված է։

Այսօր առավոտից «Ֆիզգորոդոկ»-ում իրավիճակը լարված է եղել, մեզ հետ զրույցում ասաց տարածքի բնակիչ Սեդա Գրիգորյանը։

«Այսօր մեկ օրվա մեջ հանցագործությունների այնպիսի շարք է տեղի ունեցել «Ֆիզգորոդոկ»-ում, որ ուղղակի նկարագրելու չի, սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ ոտնձգություն, բռնությունների գործադրում, ապօրինի բերման ենթարկում, հանրային տարածքի զավթում՝ մարդկանց թողնելով երթևեկելի գոտում հետիոտնին քայլելով և դրա հետևանքով իրենց կողմից երեխային վրաերթի ենթարկում», - ներկայացրեց Գրիգորյանը:

Տարածքից տարհանել են Գրիգորյանի և մեկ այլ բնակչի ավտոմեքենան, որոնք կայանված են եղել, կառուցապատողի խոսքով, իրենց պատկանող տարածքում։ Երեկ և առաջին օրը Սեդան զանգ ստացել է ոստիկանությունից՝ մեքենան տարհանելու, բայց դրա համար հիմքեր ներկայացնելու պահանջը անարձագանք է մնացել, ու այսօր երկու մեքենա տարհանել են։

«Մեքենաները կայանված էին համայնքային տարածքում, որտեղ հաճախ մեքենաներ կայանում են մեզ մոտ, և մենք ենք կայանել այդտեղ, որևէ խնդիր չկա, ապօրինության հարց չկա: Ոստիկաններին ասում եմ՝ ապօրինություն եք իրականացնում, ես թուլ չեմ տվել իմ գույքին ձեռք տալ, ոստիկանները պատ են շարում, թույլ չէին տալիս ես մոտենամ իմ մեքենային, այդ ընթացքում ապօրինաբար իմ մեքենան տարհանվեց: Կառուցապատող կազմակերպության տնօրենը ինչ-որ թղթեր ձեռքին եկել ասում է՝ ես ունեմ բոլոր հիմքերը, և ես եմ սա տնօրինում ու ղեկավարում», - նշեց նա:

Տարածքի բնակիչներից է իրավաբան Հայկ Հարությունյան, որը արդեն երեք օր է հացադուլ էր հայտարարել, այսօր և՛ ինքնազգացողությունն է վատացել, և՛ բերման է ենթարկվել։

«Ես հենց այն պահին հասա, որ Հայկը մեքենայից դուրս եկավ ու ասում էր՝ ո՞վ հարվածեց իմ մեքենային, և այդ հարցի վրա իրեն շրջապատեցին ոստիկաններով ու բերման ենթարկեցին», - պատմեց Գրիգորյանը;

Հիշեցնենք, որ օրեր առաջ սրվեց ավելի քան 2 տարվա պատմություն ունեցող խնդիրը․ Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքում գտնվող բանավանում, մոտ 200 քմ մակերեսով տարածքում «Ռատկո» ընկերությունը 12 հարկանի շենք կառուցելու շինթույլտվություն է ստացել այս տարվա հուլիսի 29-ին։ Բնակիչները ներկայացնում են իրավական հիմքեր, որ տարածքը դեռ 2000-ականների սեփականաշնորհվել է ապօրինաբար՝ գոյություն չունեցող նկուղի հիմքով, կառուցապատողը նշում է, որ ինքը նման տեղեկություններ չունի և հանդիսանում է բարեխիղճ գնորդ։

Բնակիչները շարունակում են պայքարել կառուցապատման դեմ, կառուցապատողն էլ նշում է, որ ունի բոլոր հիմքերն ու թույլտվությունը և շինարարությունը կարող է կասեցվել միայն դատական ակտով, որը չկա։

Այս օրերին, ըստ բնակիչների, ոստիկանների ու քաղաքացիների ընդհարման հետևանքով կան մոտ 1 տասնյակ բերման ենթարկված քաղաքացիներ և սրտի կաթվածով հոսպիտալացված քաղաքացի, որովայնի հատվածում հարվածով հիվանդանոց տեղափոխված անչափահաս, այսօր նաև սալջարդ ստացած երիտասարդ աղջիկ ու նաև հարուցված քրեական գործեր։

XS
SM
MD
LG