Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման, խաղաղության հաստատման համար պայմանները բարենպաստ են ավելի, քան երբևէ. Էրդողան


Ներկայումս Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման համար պայմանները բարենպաստ են ավելի, քան երբևէ, այսօր Ֆիզուլիում հայտարարել է Թուրքիայի նախագահը: Ընդ որում, հայ-թուրքական հարաբերությունների կագավորումը Ռեջեփ Էրդողանը շաղկապել է Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրների հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնք կհամապատասխանեն տարածաշրջանում ստեղծված նոր իրադրությանը: Մենք կողմ ենք կայուն խաղաղությանն ու բազմակողմ հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է որոշել պետական սահմանները և փոխադարձաբար դրանք ճանաչել:

Հենց դրա վրա էլ պետք է հիմնվեն լավ հարաբերությունները: Այդօրինակ հարցերում Հայաստանին քաղաքական կամք է պետք` Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար: Եվ եթե Հայաստանը անկեղծ կամք ցուցաբերի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար ոչ մի խոչընդոտ չի մնա»,- ասել է Էրդողանն Ադրբեջանի նախագահի հետ այսօր Զանգելանում կազմակերպված համատեղ ասուլիսի ժամանակ:

Էրդողանը նշել է` այդ տարածքով անցնող ավտոմոբիլային ճանապարհներն ու երկաթգծերը տնտեսական ու առևտրային հարաբերություններ կստեղծեն ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար:

«Կամրապնդվեն նաև տարածաշրջանի դիրքերը` որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն: Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում` Իրանը, Վրաստանը և Հայաստանն այդ զարգացումներից կշահեն», - հավելել է նա:

XS
SM
MD
LG