Մատչելիության հղումներ

Նախկին նախագահի վերադարձի թեման Վրաստանում հրատապ է դարձել


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Արդյո՞ք հայրենիք կվերադառնա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին․ արդեն մի քանի օր է ինչ Վրաստանում հնչում է այս հարցը՝ ստվերելով անգամ հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության թեման։

Նախկին նախագահի վերադարձի թեման հրատապ դարձավ, երբ Սաակաշվիլին երկուշաբթի օրը Ֆեյսբուքի իր էջում հեռարձակված ուղերձում խոստացավ Վրաստան վերադառնալ՝ պաշտպանելու ընտրություններում ընդդիմության ստացած քվեները։ Վրացական լրատվամիջոցների մի մասը․ սակայն, հիշեցնում է, որ սա նախկին նախագահի հայրենիք վերադառնալու մասին 17-րդ խոստումն է։ Ինքը Սաակաշվիլին, այդուհանդերձ, պնդում է՝ իր վերադարձը երկիրը փրկելու վերջին շանսն է։

«Այսօր որոշվում է Վրաստանի ճակատագիրը, Վրաստանի գոյությունն է դրված խաղասեղանին։ Այդ իսկ պատճառով ես հոկտեմբերի 2-ի չվերթի տոմս եմ գնել և կլինեմ ձեզ հետ, ձեր կողքին, որպեսզի մասնակցեմ Վրաստանի փրկության գործողություններին», - հայտարարում էր Միխեիլ Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահը Ֆեյսբուքում հրապարակել էր նաև Կիև-Թբիլիսի տոմսի պատճենը՝ չթաքցնելով դրա համարն ու կոդը։ Որպես հետևանք՝ Սաակաշվիլիի ուղերձից անմիջապես հետո հարյուրավոր օգտատետեր սկսեցին մուտք գործել «Ուկրաինական ավիաուղիներ»-ի կայք՝ փորձելով փոփոխության ենթարկել տոմսը։ Վրացական Տելեգրամ ալիքներից մեկի տվյալներով՝ համացանցային խուլիգաններին մի պահ անգամ հաջողվել էր փոխել Սաակաշվիլիի մեկնման ժամկետը՝ այն հետաձգելով մինչ դեկտեմբերի 31-ը։ Բացի այդ, փոփոխության էր ենթարկվել նախկին նախագահի տեղը օդանավի սրահում՝ 4-րդ շարքի փոխարեն նա հայտնվել էր ամենավերջում՝ զուգարանների հարևանությամբ։

Սաակաշվիլիի կողմնակիցներից ոմանք, սակայն, վստահ են՝ տոմսի տվյալների ամբողջական հրապարակումը նախկին նախագահի հերթական խորամանկ հնարքն էր, և նա կարող է Վրաստանի տարածք մուտք գործել ցամաքով, ասենք՝ Թուրքիայի տարածքից։

Վրաստանի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ Սաակաշվիլին վերադարձի դեպքում կձերբակալվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա դեմ հեռակա կարգով կայացված և ուժի մեջ մտած մի շարք դատավճիռներ կան։

Վրացական լրատվամիջոցները, այդուհանդերձ, չեն բացառում, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սաակաշվիլիի՝ հայրենիք վերադարձի դեպքում կարող է նրան ներում շնորհել։ Այս մասին հայտարարել է նախկին նախագահի թիմակիցներից մեկը՝ Նիկա Մելիան՝ նշելով, որ այդ դեպքում իշխող «Վրացական երազանք»-ը կարող է Միխեիլ Սաակաշվիլիի դեմ նոր քրեական գործեր հարուցել։

XS
SM
MD
LG