Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 1-ից պարտադիր է հանրային բաց տարածքներում դիմակների կրումը


Դիմակ դնելը նոյեմբերի 1-ից պարտադիր կդառնա ոչ միայն փակ, այլև՝ բաց հանրային վայրերում։ Պատճառը Հայաստանում ստեղծված խիստ ծանր համաճարակային վիճակն է, միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում քովիդը 638 մարդու կյանք է խլել։

Այսօր Երևանում մեզ հանդիպած քաղաքացիները հիմնականում կողմ էին բաց տարածքներում դիմակ կրելու որոշմանը, կային մարդիկ, որ չհերքեցին՝ դիմակ կդնեն միայն 10 հազար դրամ տուգանքից խուսափելու համար։

Թեև փողոցում և հատկապես հանրային տրանսպորտում նախորդ մի քանի օրերի համեմատ դիմակ դնող քաղաքացիների թիվն ավելացել է, բայց նրանք հիմնականում դիմակը ոչ պատշաճ էին կրում:

Կառավարության նախորդ նիստում վարչապետ Փաշինյանը նշել էր, որ բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը նաև կբարձրացնի վերահսկողության արդյունավետությունը։ Արդյոք այս խստացումը կփոխի՞ համաճարակային ծանր վիճակը, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետ Ռոմելլա Աբովյանն անցած տարվա օրինակն է բերում, երբ հունիսի 6-ից դրսում դիմակ դնելը կրկին պարտադիր դարձավ։

«Ուղիղ երկու գաղտնի շրջան անց մենք ունեցանք կտրուկ դեպքերի նվազում, շուրջ 2,6 անգամ, իսկ օգոստոսին արդեն մոտավորապես կրկնակի անգամ նվազեցին դեպքերը», - նշեց Աբովյանը:

Ըստ նախարարության պաշտոնյայի, դելտա շտամի դեպքում դիմակ դնելն ավելի արդյունավետ է։ Համաճարակաբանները հիշեցնում են՝ եթե նախկինում 1 մարդը երկու հոգու էր վարակում, ապա դելտա շտամի դեպքում՝ մեկ վարակակիրը միջինը 11-12 հոգու է վարակում։

ՀՎԿԱԿ-ից տեղեկացնում են՝ վերջին 14 օրվա ընթացքում 72 տոկոսով դեպքերի աճ է արձանագրվել, և եթե խիստ միջոցառումներ չկիրառվեն ապա մահերի թիվը կարող է աճել։ Միայն վերջին մեկ օրում Հայաստանում 52 մարդ է քովիդից մահացել։

«Մոտակա 7 օրերի ընթացքում, եթե խիստ միջոցառումներ չձեռնարկվեն, 11 հազարից ավելի լրացուցիչ դեպք կարող ենք ունենալ», - ընդգծեց Ռոմելլա Աբովյանը.

Ըստ նախարարի հրամանի՝ դրսում դիմակ դնելու պարտադրանքից ազատվում են մինչև 5 տարեկան երեխաները, շնչառական քրոնիկ հիվանդություն ունեցողները, նրանց մոտ, ի դեպ, միշտ պետք է բժշկական փաստաթուղթ լինի: Դրսում կարող են դիմակ չդնել նաև այն մարդիկ, որոնք ֆիզիկական վարժություններ են անում կամ հեծանիվ վարում, հանգստի համար առանձնացված գոտիներում՝ լողափերում, սարերում, անտառներում և այդպիսի բացօթյա տարածքներում գտնվողները։ Տաղավարում միայնակ գտնվող հաղորդավարները նույնպես ազատվում են դիմակ կրելու պարտադրանքից, խլություն ունեցող մարդիկ ևս կարող են դիմակ չդնել, որոնք շուրթերի շարժումներին հետևելով են խոսքն ընկալում։ Հոգեկան և վարքային խանգարումներ, դեմքի վնասվածք, դիմածնոտային միջամտություն ունեցողները նույնպես կարող են դրսում դիմակ չդնել։ Ծխելիս, խմելիս ու սնվելիս էլ դիմակ դնելու պարտադրանքը չի գործում։

Մեզ հանդիպած քաղաքացիներից մի քանիսի համար անընդունելի է հատկապես նախարարի որոշման այն կետը, որով վարչապետի, նախագահի, կաթողիկոսի, ԱԺ և ՍԴ նախագահների, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներն ու միջոցառման անմիջական մասնակիցները կարող են դիմակ չդնել:

ՀՎԿԱԿ պաշտոնյա Ռոմելլա Աբովյանը հիշեցրեց՝ դպրոցում աշակերտների համար դիմակ դնելու որոշումն ուժի մեջ է. «6 տարեկանից բարձր երեխաների դիմակի կրման պահանջը միշտ եղել է ու մնացել մինչ օրս»:

Մասնագետը բացատրում է՝ Եվրամիության չափանիշներով՝ երկրները վտանգավոր կարմիր գոտի են մտնում, եթե վարակվածության բարձր ցուցանիշը 500 է, Հայաստանի դեպքում սակայն այս թիվն արդեն 888 է։ Այսինքն՝ Եվրամիությունը համարում է, որ Հայաստանը վտանգավոր կարմիր գոտուց արդեն հասել է առավել վտանգավոր՝ մուգ կարմիր գոտի։

Ի դեպ, այսօր Առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ արդեն Հայաստան է առաքվել ամերիկյան «Մոդերնա» պատվաստանյութի 620 հազար դեղաչափ, որը կարող է ստանալ 310 հազար մարդու համար։ Ըստ Առողջապահության փոխնախարարի, Նորվեգիայի և Եվրամիության նվիրած այս պատվաստանյութի խմբաքանակի արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG