Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ը Լոռու 10 հարկադիր կատարողների ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններ է բացահայտել


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) Լոռու մարզային վարչության աշխատակիցները բացահայտել են Արդարադատության նախարարության (ԱՆ) հարկադիր կատարումն ապահովող ծառայության մեկ տասնյակից ավելի աշխատակիցների կոռուպցիոն ներգրավվածության բազմադրվագ դեպքեր, հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։ Գործով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 10 անձի, 3-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են հարուցվել դատարան, որոնք բավարարվել են:

Հաղորդագրության համաձայն՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարողները մի շարք քաղաքացիների բանկային հաշիվների վրա դրված արգելանքները վերացնելու, կատարողական վարույթների շրջանակներում հաշվարկվող կատարողական ծախսերը չգանձելու կամ դրանց չափը նվազեցնելու և այդ կերպ իրենց լիազորությունների շրջանակներում նրանց օգտին գործողություններ կատարելու համար 2020-2021 թվականների ընթացքում մեկ տասնյակից ավելի պարտապաններից պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Բացի այդ, պարզվել է նաև, որ հարկադիր կատարողներից մեկը, տեղյակ լինելով երկու քաղաքացիների կողմից մի շարք բանկերում և վարկային կազմակերպություններում ունեցած 6 միլիոն դրամ և 3,9 միլիոն դրամ վարկային պարտավորությունների մասին, նրանց դրդել է կեղծ սնանկության, մասնավորապես՝ պարտատերերին մոլորեցնելու և կուտակված պարտքերը չվճարելու նպատակով հորդորել է սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացնել դատարան, ինչպես նաև սեփական սնանկությունը ճանաչելու պահանջը բավարարելու նպատակով կազմել և քաղաքացիական գործով դատարան ներկայացնել բովանդակությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ապացույցներ: Հարկադիր կատարողն այդ քաղաքացիներից մեկից 2021-ի մարտ և ապրիլ ամիսներին պահանջել և առձեռն ստացել է ընդհանուր խոշոր չափերի՝ 500 հազար դրամ գումար կաշառք, իսկ մյուսից՝ 350 հազար դրամ գումար կաշառք: Նշվում է, որ դատարանը բավարարել է քաղաքացու՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջը, իսկ պարտատերերին պատճառվել է խոշոր չափերի՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս:

Քննության ներկա փուլի համատեքստում ազգային անվտանգության մարմինները շարունակում են ձեռնարկել ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG