Մատչելիության հղումներ

Դեսպանների նոր հայտարարությունը Անկարան դիվանագիտական հաղթանակ է որակում․ Վաշինգտոնում համաձայն չեն


ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, արխիվ

«Գոյություն ունեն բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ հետաքրքրություն են ցուցաբերում թե՛ Անկարան և թե՛ Վաշինգտոնը», - երկուշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դրանից մի քանի ժամ առաջ ունեցած ելույթը, որում Թուրքական հանրապետության ղեկավարը պնդում էր, թե արևմտյան դեսպանները տեղի են տվել Անկարայից եկող դիվանագիտական ճնշմանը՝ հրաժարվելով նախկինում արված վիճահարույց հայտարարություններից։

«Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Էրդողանի վերջին հայտարարությունները։ Բայդենի վարչակազմը ցանկանում է, ընդհանուր առաջնահերթությունների վրա հիմնվելով, համագործակցել Թուրքիայի հետ։ Ինչպես և ՆԱՏՕ-ում մեր ցանկացած այլ դաշնակցի հետ, Թուրքիայի հետ ևս, մենք շարունակելու ենք տարակարծություններին վերաբերող երկխոսություն վարել։ Մենք վստահ ենք՝ առաջ շարժվելու լավագույն ձևը փոխադարձ շահ ներկայացնող խնդիրների շուրջ համագործակցելն է։ Իսկ Թուրքիայի հետ մենք բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ունենք», - հայտարարում էր Պետդեպարտամենտի խոսնակը։

Նեդ Փրայսի այս հայտարարությունը հնչեց անցած շաբաթավերջին ծագած դիվանագիտական սկանդալի փաստացի հանգուցալուծման ֆոնին։

Հիշեցնենք՝ այն ծագել էր Թուրքիայում հավատարմագրված 10 արևմտյան դեսպանների՝ հոկտեմբերի 18-ի հայտարարությունից հետո, որով դիվանագետները պահանջում էին ազատ արձակել 2016 թվականից հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով բանտում գտնվող հայտնի գործարար և հասարակական գործիչ Օսման Քավալային։ Դիվանագետների դեմարշին ի պատասխան, Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ հրահանգել է երկրի Արտգործնախարարությանը սկսել հայտարարությունը ստորագրած դեսպանների արտաքսման պրոցեսը։

Երեկ, սակայն, Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը, Twitter-ի իր էջում մի կարճ հայտարարություն տարածեց, որին միացան նաև հոկտեմբերի 18-ի հայտարարությունը ստորագրված մյուս ինը երկրների դիվանագետները։ Արևմտյան պետությունների դեսպանները խոստանում էին՝ «հետևել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին՝ հարգելով ընդունող երկրի օրենքները և չխառնվելով դրա ներքին գործերին»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն դեսպանների այս հայտարարությունը Անկարայի միանշանակ դիվանագիտական հաղթանակ որակեց։

«Այսօր,այդ նույն դեսպանատները, նոր հայտարարությամբ հրաժարվեցին այն զրպարտանքից, որ հնչեցրել էին մեր երկրի և մեր ժողովրդի հասցեին», - կառավարության նիստի ավարտին հայտարարում էր Էրդողանը։

Վաշինգտոնում, սակայն, հակառակն են պնդում՝ հայտարարելով, թե տասը դեսպանատների նոր՝ թվիթերյան հայտարարությունը բացարձակապես չի նշանակում, թե դիվանագետները հրաժարվում են նախկինում արտահայտած իրենց տեսակետից։

«Հոկտեմբերի 18-ին հրապարակված հայտարարությունը համապատասխանում էր [Վիեննայի] կոնվենցիայի 41-րդ հոդվածի դրույթներին։ Մենք հավատարիմ ենք ողջ աշխարհում օրենքի գերակայության հաստատման և մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին։ Թուրքիայի հետ մեր դիվանագիտական շփումները շարունակվելու են 41-րդ հոդվածի դրույթներին համապատասխան», - նշում էր Նեդ Փրայսը։

Թուրքիայի նախագահը, սակայն, երեկ չէր էլ թաքցնում՝ իր սպառնալիքները տեղ են հասել և արևմտյան դեսպանները հետագայում պետք է հիշեն դրանց մասին։

«Կարծում եմ, որ Վիեննայի կոնվենցիայի 41-րդ կետին իրենց հավատարմության մասին հայտարարած դեսպաններն այսուհետ ավելի զգույշ կլինեն Թուրքիայի ինքնիշխան իրավունքներին վերաբերող հայտարարություններում։ Կուզեմ նաև հատուկ ընդգծել, որ ցանկացած անձ, անկախ զբաղեցրած դիրքից, որ չի հարգի մեր երկրի անկախությունը կամ բավարար նրբանկատությամբ չի վերաբերվի Թուրքիայի համար զգայուն թեմաներին, այս երկրում մնալու իրավունք չի ունենա», - հայտարարում էր Էրդողանը։

Արևմտյան որոշ լրատվամիջոցներ, ի դեպ, չեն բացառում, որ Անկարան ցանկացած պահի կրկին կարող է վերադառնալ դեսպանների արտաքսման թեմային։ Դրա յուրատեսակ վկայությունը դարձավ Էրդողանի թիմակիցներից մեկի՝ նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի՝ երկուշաբթի երեկոյան Twitter-ում արված գրառումը։

«Մեր կառավարությունը երբեք չի խուսափի այնպիսի քայլերից, որոնք միտված կլինեն ցույց տալու՝ մենք երբեք որևէ փոխզիջման չենք գնա մեր ազգային ինքնիշխանության հաշվին», - նշել էր Ալթունը։

Reuters գործակալությունը նկատում է, որ Ֆահրեթթին Ալթունի այս գրառումը հրապարակվել էր դիվանագիտական ճգնաժամի փաստացի հանգուցալուծումից հետո։

XS
SM
MD
LG