Մատչելիության հղումներ

«Գնի հաշվին որոշակի եկամուտ եղել է». Աճել են կարտոֆիլի արտահանման ծավալները


Դեռ ամիսներ առաջ ոռոգման ջրի պահանջով ճանապարհներ փակող հողագործները զգուշացնում էին, որ այս տարի գյուղամթերքն ավելի թանկ կլինի, քանի որ երաշտի հետևանքով սովորականից քիչ բերք են ստանալու: Այսօր շուկայում, օրինակ, 1 կգ կարտոֆիլը 200-250 դրամ արժե, նախորդ տարվա 100-120-ի փոխարեն: Սրան զուգահեռ, աճել են կարտոֆիլի արտահանման ծավալները: Հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է:

Ախուրյանցի ֆերմեր Արա Սերգոյանը, որ 20 հեկտար կարտոֆիլ էր ցանել, այս ամսվա սկզբին հենց դաշտից բերքի մեծ մասն իրացրել է։

«Գնորդները տարել են, ով որ գործով զբաղվում է, մեզանից գնել է, տարել է իրացրել է հիմնականը Ռուսաստան և Մեյմանդարի շուկա», - ասաց Սերգոյանը։

Ռուսաստան գրեթե միշտ են արտահանել, պարզապես այս տարի կարտոֆիլի որակին ու չափերին մեծ ուշադրություն չեն դարձրել: Գինն էլ գյուղացու համար բավականին շահավետ է. - «Հենց բերքահավաքի սկզբում 130-ից սկսվել է, մեր մոտ էլ մինչև 160, հիմա պահեստավորված որոշակի քանակ ունենք, տեսակավորված չէ, չգիտենք ինչ գնի է։ Գինը մենք չենք որոշում, գինը շուկան է որոշում»։

Ախուրյանցի ֆերմերն ընդունում է՝ կարտոֆիլի բարձր գինն իրենց կրած վնասը ահագին թեթևացրեց. - «Գնի հաշվին ծածկեց ինքնարժեքը, եթե մնար անցյալ տարվա գինը՝ 80-90 դրամը, բոլոր ֆերմերները տուժված էին, իսկ գնի հաշվին որոշակի թեթևացավ, որոշակի եկամուտ եղել է»։

Երկար տարիներ հողագործությամբ զբաղվող Սերգոյանը սեփական փորձը հիմք ընդունելով հաշվարկ է արել ու գտել միջին բանաձևը՝ երբ է եկամուտը լավ լինում. - «Տարիներ եղել է, որ տուժվել ենք, մինուս, վարկով, պարտքով։ Մեկ տարի եկամուտը շատ բարձր է, երեք տարի մինուս է, բանաձևը կա, այդպես է»։

Երկարամյա ֆերմերն ասում է՝ մեկ էլ խորհրդային կոլտնտեսության տարիներին էր այսպիսի երաշտ ու սակավաջրություն տեսել։ Երաշտից տուժած Շիրակի մարզի համայնքներում այս տարի այդպես էլ վնասի գնահատում չիրականացվեց, փոխհատուցում չտրամադրվեց, բայց շատերը օգտվել էին կառավարության սուբսիադավորած 0 տոկոս վարկից, Արա Սերգոյանը՝ ևս: Նա կառավարությունից մի ակնկալիք ունի. «Կառավարության աջակցությունն այն կլինի, որ գլոբալ հարցով մեզ աջակցի, ոռոգման ջրի հարցը լուծի, պաշարներ ստեղծի»։

Ախուրյանի տարածաշրջանի հողատարածքների ոռոգման հիմնական աղբյուրը Կառնուտի ջրամբարն է: Անցած տարի ջրամբարում այդպես էլ պահանջվող ծավալի ջուր չկուտակվեց, ինչը տևական բողոքի ակցիաների պատճառ դարձավ։ Ախուրյանցի ֆերմերը հույս ունի, որ վերևներում որոշում ընդունողները դասեր կքաղեն, բավարար ոռոգման ջուր կկուտակեն, եղածն էլ առաջին հերթին գյուղերին կտրամադրեն, ոչ թե մոտակա ՀԷԿ-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG