Մատչելիության հղումներ

Երևանի կոնսերվատորիան նշում է հիմնադրման 100-ամյակը


Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շենքը
Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շենքը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան այս տարի նշում է հիմնադրման 100-ամյա հոբելյանը, որն այսօր երեկոյան կնշանավորվի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր երեկոյան կայանալիք մեծ համերգով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կոնսերվատորիայի ռեկտոր, անվանի խմբավար Սոնա Հովհաննիսյանն ասաց. - «Այսօր մենք շատ կարևոր իրադարձություն ենք նշում, երաժշտական Հայաստանի նախասկզբի տոնն ենք նշում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի100-ամյա ոսկե հոբելյանը։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կլսենք մեր դասախոսներին, շրջանավարտներին և այսօրվա ուսանողներին, գլխավորապես այսօրվա ուսանողներին։ Կոնսերվատորիայի ողջ պատմությունը տարբեր սերունդների մեր երաժիշտ երախտավորների երկարամյա հսկայածավալ աշխատանքի վրա է հիմնված։ Նրանց նվիրման, պատասխանատվության և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն է այսօրվա կոնսերվատորիան»

1921 թվականին մեր երկրի համար բարդ, բախտորոշ մի ժամանակաշրջանում է ստեղծվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան մեր լավագույն կոմպոզիտորներից Ռոմանոս Մելիքյանի կողմից։ Նախ որպես երաժշտական ստուդիա՝ մի շարք մասնագիտական դասարաններով, հետո արդեն դարձել է և ցայսօր մնում է միակ երաժշտական բարձրագույն կրթական հաստատությունը Հայաստանում:

Հիմնադրման ժամանակ, քանի որ Հայաստանում չեն եղել երաժշտական կրթական այլ հաստատություններ, կոնսերվատորիան գործել է երեք բաժիններով ՝ նախնական, միջնակարգ և բարձր՝ ընդհանուր առմամբ 9 տարի տևողությամբ:

«Այն ստեղծվել է Հայաստանի համար դժվարին պայմաններում և բոլոր-բոլոր պատմական իրադարձություններով անցել է և այսօր էլ անցնում է։ Մենք ունեինք վերջին արցախյան պատերազմի մասնակից հիսունից ավելի ուսանողներ, որոնք կամավորագրվեցին, որոնցից յոթը, ցավոք, չվերադարձան մարտի դաշտից, հերոսացան։ Այսօր մենք նրանց նույնպես կանդրադառնանք մեր երեկոյան համերգի ընթացքում։ Ամենից առաջ այսօր մեր սիրելի դասախոսական կազմի տոնն է, որովհետև նրանց պատասխանատու աշխատանքն է, որի շնորհիվ մենք այսօր ունենք երաժիշտների սերունդներ, և մեր բոլոր մշակութային կոլեկտիվների՝ Օպերայի և բալետի ագգային ակադեմիական թատրոնի, բոլոր նվագախմբերի, երգչախմբերի, ազգային երաժշտական համույթների, մենակատարների, Սփյուռքում և արտերկրում աշխատող բոլոր-բոլոր երաժիշտների սկիզբն է կոնսերվատորիան»։

Կոնսերվատորիան հիմնադրել և դասավանդել են, նաև ուսանել այնտեղ վերջին 100 տարիների ընթացքում մեր երաժշտարվեստի լավագույն երախտավորները: Տարբեր տարիներին կոնսերվատորիան ղեկավարել են մեր լավագույն երաժիշտներից Կոնստանդին Սարաջևը, Ղազարոս Սարյանը, Էդգար Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը և այլք, կոնսերվատորիայում ուսանել են 20-րդ դարի լավագույն երաժիշտներ Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Միքայել Թարիվերդիևը, Ավետ Տերտերյանը և տասնյակ ու տասնյակ այլ անվանի երաժիշտներ: 100 տարիների ընթացքում կոնսերվատորիայի շրջանավարտների թիվը անցնում է 7000-ից:

Իսկ արդյո՞ք 21-րդ դարը նույնքան բեղմնավոր կլինի մեր երաժշտարվեստի համար, ի՞նչ սերունդ է գալիս այսօր:

«Եկեք համերգին լսեք և կհասկանաք ինչ սերունդ է գալիս, - հրավիրեց Սոնա Հովհաննիսյանը։ - Իհարկե, ես չեմ կարող ասել բոլորի մասին, բայց մենք ունենք իսկապես հրաշալի, վառ ուսանողներ, ովքեր պիտի դառնան մեր վաղվա երաժշտական Հայաստանի շատ կարևոր մշակները, դեմքերը։ Դրանում համոզված եմ։ Չնայած բոլոր դժվարություններին, կոնսերվատորիան դիմակայել է, պահպանել է իր նկարագիրը, իր դիմագիծը։ Շատ կոպիտ թվացող իրականության մեջ սա մի իր ուրույն միջավայրը ունեցող, նուրբ համակարգ է, որտեղ աշխատում են իսկապես արժեքավոր մարդիկ, երաժիշտներ։ Սա ամենակարևոր արժեքն է կոնսերվատորիայի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG