Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը նախատեսում է հին նմուշի անձնագրերից անցում կատարել նոր կենսաչափական անձնագրերի


Ոստիկանության նախաձեռնած փոփոխությունների համաձայն, առաջիկայում հին նմուշի անձնագրերը տասը տարվա վավերականության փոխարեն կտրվեն երկու տարով․ պաշտոնական պարզաբանմամբ, այս քայլն արվում է ամբողջությամբ նոր կենսաչափական անձնագրերի անցնելու համար։

Եթե որոշման նախագիծն ընդունվի կառավարության նիստում, քաղաքացիները ստիպված կլինեն կա՛մ երկու տարին մեկ անձնագիր փոխել, կա՛մ 25 հազար դրամ վճարել կենսաչափականի համար, որը կտրվի տասը տարի ժամկետով։

Անձնագրային և վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետ Իրինա Մկրտչյանը պնդում է՝ կենսաչափականի անցնելու միակ պատճառը Եվրամիության պահանջն է։

«Այսինքն այս փոփոխությունը նախատեսվում է միայն նոր համակարգին անցնելու համար, ինչը չի ընդհատելու անձնագրերի տրամադրումը և չի առաջացնելու անձանց իրավունքների սահմանափակում։ Նշեմ նաև, որ կենսաչափական տվյալներ պարունակող ճամփորդական փաստաթղթերի տրամադրումը բխում է Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համապարփակ գործընկերության համաձայնագրի պահանջներից», - ասաց Մկրտչյանը։

Պաշտոնական պարզաբանումը, սակայն, առայժմ քչերին է համոզում․ «Ազատության» հետ զրույցում երևանցիներից շատերն էին ասում՝ ծառայությունը թանկ է և անհասանելի իրենց գրպանի համար։

Կենսաչափական անձնագիր ստանալու համար ավելի քան 15 հազար կենսաթոշակառու, ստիպված կլինի ողջ ամիսը ապրել հինգ հարյուր դրամով․ նրանք ստանում են նվազագույն կենսաթոշակ, որը կազմում է ընդամենը 25 հազար 500 դրամ։ Նվազագույն սպառողական զամբյուղը, ըստ պաշտոնական աղբյուրների, կազմում է ամսական 66 հազար դրամ․ այս դեպքում էլ կենսաչափական անձնագիր ստանալու համար քաղաքացին ստիպված կլինի ծախսել գումարը, որով կարող էր առաջին անհրաժեշտության սննդամթերք գնել՝ մոտ երկու շաբաթվա համար։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը տարակուսած է՝ երկու տարվա վավերականությամբ անձնագրերով ինչպես կարող է ստանալ այլ երկրների վիզա, երբ դրանք, սովորաբար ավելի երկար ժամկետով են տրվում։

«Անձնագրի վավերության ժամկետը երկու տարի սահմանելու դեպքում այդ երկարաժամկետ վիզաների կիրառման կամ դրանց օգտագործման, օգտվելու հնարավորությունը ինչպե՞ս է կարգավորվելու։ Այսինքն՝ մարդը գտնվելու է արտասահմանում, ենթադրենք, 3-4 տարով, հիմա ինչպե՞ս է իր նոր անձնագրի այդ հարցերը լուծելու, կամ դրա համար պետք է լրացուցիչ վճարնե՞ր կատարի քաղաքացին, կամ էլ պետությունը երկու տարին մեկ անձնագիր է փոխելո՞ւ, այսինքն այս հարցերը թե՛ ֆինանսական, թե՛ իրավական կարգավորումների առումով պետասխաններ չունեն այդ որոշման հիմքում, դրա համար անորոշություն է առաջանում», - նշեց իրավապաշտպանը։

Փորձագետների խոսքով, առաջարկվող նախագիծը է՛լ ավելի մեծ բեռ կդառնա արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիների համար։ Կա՛մ պետք է երկու տարին մեկ Հայաստան գան՝ անձնագրի ժամկետը երկարացնելու համար, կա՛մ դիմեն դեսպանատուն կամ հյուպատոսարան՝ հազար դրամի փոխարեն վճարելով 60 հազար դրամ։

Դրսում այդ գինն է, ասում է Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Հովհաննես Քոչարյանը։

«Հասկանալի է, որ պետությունը կարծես թե ֆինանսական մուտքերի, ծախսերի մասով բյուջեի փոփոխություններ տեղի չեն ունենում, որքան ես հասկանում եմ նախագծի մեջ առկա գրառումներից։ Բա քաղաքացիները, քաղաքացիների բեռն է շատանում, եթե դու երկու տարին մեկ փոխելու ես անձնագիր, մեր քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը դրսում է, և նրանք ստիպված են լինելու անձնագիր փոխելու համար դիմել հյուպատոսական ծառայություններ, որտեղ անձնագրային գործողությունների արժեքը շատ բարձր է», - ընդգծեց Քոչարյանը։

Նախագծերը հանրային քննարկման են դրվել մինչև հոկտեմբերի վերջ, դրանից հետո փաստաթղթերը կամ հետ կուղարկվեն ոստիկանություն՝ փոփոխությունների կամ էլ ներկայացվեն կառավարության հաստատմանը։ Հանրային քննարկման ընդամենը երեք օրվա ընթացքում օգտատերերի 95 տոկոսից ավելին դրանց դեմ է արտահայտվել։

XS
SM
MD
LG