Մատչելիության հղումներ

Բաքուն Հաագայի դատարանում հերքում է Երևանի մեղադրանքները` մեջբերելով Ալիևի խոսքերը «էթնիկ բազմազանության» մասին


ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային ատարանի շենքը Հաագայում, արխիվ
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային ատարանի շենքը Հաագայում, արխիվ

Ադրբեջանը հերքում է ռասայական խտրականության մասին Հայաստանի մեղադրանքները։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում երեկ մեկնարկած լսումների ժամանակ իր պատասխան ելույթում Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը պնդել է՝ հայկական կողմի փաստարկները ճշգրիտ չեն:

Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի շուրջ լսումները Հաագայի դատարանում մեկնարկել են երեկ։ Հայկական կողմը միջազգային այս կառույցից պահանջում է մինչև բուն դատաքննությունը միջոցներ ձեռնարկել, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի գերիներին, քաղաքացիական անձանց, փակի Բաքվի կենտրոնում բացված «ռազմավարի պուրակը»։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը ադրբեջանական կողմին մեղադրել է նաև էթնիկ զտումների, ազգային ատելություն հրահրելու մեջ:


«Այս պահանջները դատարանը պետք է մերժի», - երեկ դիմելով հեղինակավոր ատյանին՝ հայտարարել է Ադրբեջանի ներկայացուցիչը, մեջբերելով Իլհամ Ալիևի խոսքերը, թե էթնիկ և մշակութային բազմազանության ապահովումը, մշակույթների համատեղելիությունը Ադրբեջանի քաղաքականության առաջնահերթություններից է։

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է հաստատել Ադրբեջանի հավատարմությունը հավասարության հիմնարար արժեքներին, բազմազանությունն ու մարդկային արժանապատվությունը հարգելուն»,- ասել է Ադրբեջանի ներկայացուցիչը՝ վկայակոչելով Ալիևին, որը միևնույն ժամանակ սպառնում էր «հայերին շների պես քշել Ղարաբաղից»։

Հակադարձելով հայկական կողմի մեղադրանքներին՝ Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարել է նաև, թե Հայաստանն է մոնոէթնիկ երկիր, որն աջակցում է ազգայնական գաղափարախոսությանը։ «Հայաստանն իր կառուցվածքով մոնոէթնիկ երկիր է, հիմնականում ընդդեմ ադրբեջանցիների տասնամյակներով շարունակվող էթնիկ զտման քաղաքականության հաշվին», - պնդել է Մամեդովը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ռազմավարի պուրակում», ապրիլ, 2021թ.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ռազմավարի պուրակում», ապրիլ, 2021թ.

Հպանցիկ անդրադառնալով միջազգային կոշտ քննադատություն հարուցած Բաքվի այսպես կոչված «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինուժից գրավված զինտեխնիկան, նվաստացուցիչ վիճակում պատկերված են հայ զինծառայողներ՝ շղթայված բանտախցում, Ադրբեջանի ներկայացուցիչը հավաստիացրել է, թե այդ պուրակի որոշ ցուցանմուշներ հեռացվել են։

Էլնուր Մամեդովը միջազգային դատարանում նաև հայտարարել է, թե իբր Բաքուն հետաքննություն է սկսել և մեղադրանքներ առաջադրել ադրբեջանցի զինծառայողների դեմ, որոնք կասկածվում են 44-օրյա պատերազմի ընթացքում հայերի դեմ իրականացրած հանցագործությունների համար։ Թե քանի զինծառայող է ներգրավված այդ գործում, որ հանցագործությունների մասին է խոսքը, ադրբեջանցի ներկայացուցիչը չի պարզաբանել։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում միմյանց դեմ Հայաստանի և Ադրբեջանի հայցերով լսումները կշարունակվեն մի քանի օր։ Ադրբեջանի պատասխանից հետո հայկական կողմն է արձագանքելու, ապա մեկնարկելու են Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի շուրջ լսումները։ Բաքուն իր հայցում պնդում է, թե Հայաստանն է իրականացրել և իրականացնում մի շարք խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:

XS
SM
MD
LG