Մատչելիության հղումներ

Երևանում իր գործունեությունը սկսեց Երկլեզու դրամատիկական արվեստանոցը


Ֆրանսահայ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյան
Ֆրանսահայ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, «Ազնավուր», «Ավրորա» և մի շարք այլ հիմնադրամների աջակցությամբ ֆրանսահայ անվանի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի նախաձեռնությամբ և տասնամյակների աշխատանքի արդյունքում Հայաստանում սկսել է գործել Երկլեզու դրամատիկական արվեստանոցը:

Այսուհետ մինչև 30 տարեկան երիտասարդներին հնարավորություն կընձեռնվի աշխատել և կատարելագործվել ֆրանսիացի ռեժիսորների, բեմադրիչների և դերասանների հետ, ովքեր հատուկ այս նպատակով կժամանեն Հայաստան առաջիկա ամիսների ընթացքում:

Այսօր Երկլեզու դրամատիկական արվեստանոցի բացումն ազդարարող Ֆրանսիայի դեսպանատանը հրավիրված ասուլիսի մեկնարկին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ընդգծեց, որ սա մի հրաշալի, առանձնահատուկ նախագիծ է. - «Սա առավելապես կարևոր է հիմա՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ապրած դժվարին ժամանակաշրջանը։ Երկրորդ հերթին, սա աջակցություն է Ֆրանկոֆոնիային, քանի որ աշխատարանները ֆրանսերեն լեզվով են»։

Դեսպանն շեշտեց, որ այս նախագիծը շատ կարևոր է որպես աջակցություն մեր երիտասարդությանը: Այս տարի 27 ուսանողներ մասնակցելու են արվեստանոցի աշխատանքներին՝ դասընթաց-քննարկումներին, որոնք վստահաբար շատ արդյունավետ կլինեն նրանց համար, ասաց դեսպանը։

Սերժ Ավետիքյանն իր խոսքում ասաց. - «Նախ և առաջ ասեմ, որ առանց դեսպանատան ոգևորության այս պրոյեկտի հանդեպ, ես չէի կարող այս գործը հունի մեջ դնել։ Ես չեմ մոռանում, թե ինչեր ենք մենք արել արդեն տասնհինգ տարի առաջ, երբ որ Ալֆրեդ դը Մյուսեի «Մարիանի քմայքները» բեմադրվեց Համազգային թատրոնում, թարգմանվեց հայերեն լեզվով։ Դա նշանակում էր, որ Ֆրանսիան կարողանում էր ներկա լինել ևս հայերեն լեզվով։ Հիմա աշխատանքը երկկողմանի է. մենք աշխատում ենք հայերեն և ֆրանսերեն՝ զուգահեռ»։

Հավելենք, որ այս նախագծի մասնակիցները Հայաստանի և Արցախի տարբեր քաղաքներից են: Նրանք նաև ֆրանսերենի դասընթացներ են անցնելու, որպեսզի կարողանան առավել ազատ շփվել Ֆրանսիացի արվեստագետների հետ:

Այս նախագծում ընդգրկված են նաև ֆրանսերենի ուսուցիչներ և թարգմանիչներ:

«Այն, ինչ որ ակադեմիկ է, քանի որ արդեն էրեխեքը գիտեն, մոտեցել են այդ ակադեմիային։ Էստեղ մատուցումը ոչ թե ակադեմիկ չէ, այլ ուրիշ է, ակադեմիկից դուրս է, երևակայության վրա է հիմնված, ոճերի վրա է հիմնված։ Սա է իմ ցանկությունը, որ էրեխեքը հարստանան այս բոլոր տարբեր ոճերի փորձերից՝ ոչ ակադեմիկական մոտեցումով։ Իմ ցանկությունն է, որ այս գործը շարունակվի։ Հիմա սա տևելու է վեց ամիս, մայիսին կփակվի այս առաջին ցիկլը։ Ես կվերադառնամ, խոսք եմ տվել, և էրեխեքի հետ իրենց աշխատանքից ամեն մեկի հետ մի հատված կվերցնենք, կաշխատենք կառուցել մի բան, որը այս աշխատանքի արդյունքն է, տարբեր ոճերի հետ կապված։ Եթե մեր ընկեր պարտնյորները մեզ շարունակեն օգնել, կամ ուրիշներ մոտենան ևս, եթե արդարացնում է գործը իրեն, մենք կշարունակենք», - ասաց Սերժ Ավետիքյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG