Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը` Հռոմի պապին. Արցախի հարցը մարդու իրավունքների խնդիր է


Մեկնարկել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ: Հենց Ֆրանցիսկոս Պապի հետ առանձնազրույցն է եղել նախագահի առաջին հանդիպումը:

Ըստ նախագահի աշխատակազմի` Արմեն Սարգսյանը, անդրադառնալով արցախյան հարցին, նշել է, որ այն մարդու իրավունքների խնդիր է, «հայ ժողովրդի՝ իր հինավուրց քրիստոնեական բնօրրանում ապրելու, արարելու ու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը իրացնելու պահանջ»։

Նախագահը նաև երախտագիտությամբ նշել է, որ Հայաստանի համար ծանր ու դժվարին մարտահրավերների այս փուլում Վատիկանը համերաշխության ձեռք է մեկնել: Որպես դրա վկայության օրինակներ Արմեն Սարգսյանը բերել է պատերազմի օրերին ու դրանից հետո Հռոմի պապի հնչեցրած խաղաղության ուղերձները, ինչպես նաև հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը:

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը ևս հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել` նշելով, որ նրանք կենտրոնացել են նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մի շարք հարցերի վրա:

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահը պետական այցով մեկնել էր Իտալիա, հանդիպումներ ունեցել երկրի նախագահ Սերջի Մատարելլայի, վարչապետ Մարիո Դրագիի, խորհրդարանի երկու պալատների ղեկավաների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Սուրբ Ղազար կղզում մասնակցել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:

Անցնող շաբաթ Հռոմ է այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Վեհափառը հանդիպել է Պապի հետ:

XS
SM
MD
LG