Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը պաշտոնական այց կկատարի Սուրբ Աթոռ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում նախատեսված է Սարգսյանի առանձնազրույցը Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ:

Հայաստանի նախագահը հանդիպում կունենա նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակույթի, գիտության և հումանիտար, ինչպես նաև միջեկեղեցական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում, հանդիպում կունենա և մշակութային ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր կքննարկի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ: Հանդիպմանը կհետևի Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Հոկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահը պետական այցով մեկնել է Իտալիա, հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Սերջի Մատարելլայի, վարչապետ Մարիո Դրագիի, խորհրդարանի երկու պալատների ղեկավաների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, Սուրբ Ղազար կղզում մասնակցել է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը:

Անցնող շաբաթ Հռոմ է այցելել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Վեհափառը հանդիպել է Պապի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG