Մատչելիության հղումներ

«Ոսկե ծիրան». «Կորիզ» մրցույթում երեք հայկական ֆիլմ հաղթեց


18-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունն այս տարի անցավ փակ դռների ետևում։ Միայն իրազեկող տեղեկատվական բուկլետից ու լուսանկարներից հայտնի դարձան ոսկե և արծաթե ծիրանների դափնեկիրները։

Այս տարի Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ հնդկական «Քարեր» վավերագրական ֆիլմը, «Արծաթե ծիրանը» Կոնգո-Ֆրանսիա-Բելգիա համատեղ արտադրության «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա»-ինն էր։ Հատուկ հիշատակման արժանացավ «Նոր հին ներկայացում» կինոնկարը։

FIPRESCI մրցանակ ստացավ շվեցարագերմանավրացական «Սանձումը»։ «Կորիզ» մրցույթում միանգամից երեք հայկական ֆիլմ հաղթեց: «Ոսկե ծիրանի» արժանացավ հայ-ամերիկայն «Աշխարհ»-ը, «Արծաթե ծիրան»-ին՝ ֆրանս-հայկական «Ստորգետնյա» ժապավենը։ Իսկ ռեժիսոր Գենադի Մելքոնյանի անվան Հատուկ մրցանակը ստացավ Հայաստանը ներկայացնող «Գլխիվար»-ը։

Մեծագույն ձեռքբերումը, ըստ փառատոնի գեղարվեստական ղեկավարի, հենց այս էր, որ միանգամից երեք հայ ռեժիսոր լավագույնը ճանաչվեց. «Մենք կարողացանք նաև ոչ միայն հանդիսատեսին և հենց այդ ռեժիսորներին ուրախացնել այդ ընտրությամբ, այլ նաև ժյուրիի կողմից ստանալ մասնագիտական հավաստիացում և գնահատական այդ ընտրությունը լեգիտիմացնելու հենց իրենց կողմից: Այնպես որ հայ կինոյի տեսակետից նույնպես արձանագրումներ ունեցանք, որոնք արդեն պատմության մեջ կմնան»:

«Լեռնային Ղարաբաղ. երկու երեխա պատերազմում» ֆիլմը մրցանակ չշահեց

«Կորիզ» անվանակարգում ներկայացված ֆրանսահայ ռեժիսոր, լուսանկարիչ Ալեքսի Պազումյանի «Լեռնային Ղարաբաղ. երկու երեխա պատերազմում» ֆիլմը մրցանակ չշահեց, բայց ձեռքբերումը պակաս մեծ չէր. ֆիլմի հերոսին՝ 20 -ամյա Էրիկին ռեժիսորը գտավ պատերազմից հետո. «Իմ ֆիլմի հերոս զինվոր Էրիկը կորցեց ոտքն այս պատերազում։ Ես որոշեցի` պետք է շարունակեմ նրա նոր կյանքը նկարել պատերազմից հետո, ինչպես նաև անդրադառնամ բոլոր այն թալիշցիներին, որոնք այլև փախստական են»:

Մրցույթին ներկայացված Ֆիլմը Պազումյանը նկարել էր 44-օրյա պատերազմի մեկնարկից 6 ամիս առաջ։ Պատմում է ապրիլյան պատերազմից հետո Թալիշում շարունակվող կյանքի մասին։ Ֆիլմն ու կյանքը, սակայն, տարբեր սցենարներ ունեցան։ Թալիշն այլևս հայկական չէ, հաշմանդամություն ձեռք բերած 20-ամյա երիտասարդի պայքարն էլ, կտեսնենք` ինչպես կշարունակվի, ասում է ֆրանսահայ ռեժիսորը։

Փարիզում ծնված Պազումյանը ֆիլմն ավելի շատ ֆրանսիացիների, օտարների համար է ստեղծում, որ տեսնեն, ճանաչեն Արցախը, պատմությունը, պատերազմը. «Նախքան պատերազմը ես հասցերցի մեծ քանակությամբ նյութ հավաքել Թալիշից, Մատաղիսից և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ տարածքներից: Հիմա ֆիլմից բացի, մտադիր եմ նաև մի ֆոտոալբոմ ներկայացնել, որտեղ այս ամբողջ կորսվածը ներկայացված կլինի», - ասաց նա:

Ետպատերազմական Հայաստանում` նրբանկատ կինոտոն

«Ոսկե ծիրանի» աստղերի մեծ մասն արդեն Հայաստանը լքել է, այդուհանդերձ «Ազատությանը» հաջողվեց մրցույթի երեք տարբեր անվանակարգերում ժյուրիի անդամների հետ զրույցներում պարզել, որ վերջիններիս հատկապես հիացրել էր այն, որ ետպատերազմական Հայաստանում հնարավոր էր այդքան նրբանկատ կինոտոն կազմակերպել։

«Արվեստը չունի տրամադրություն բարձրացնելու ուղիղ գործառույթ, բայց այն արտացոլում է սոցիալական իրավիճակը։ Ֆիլմի դիտումը համայնքին կապում է։ Նստում են, գինի են խմում, քննարկում են ինչ-որ թեմա անգամ այլ երկրի ներկայացուցչի հետ, ու գուցե խնդիրները, դրանց լուծումները շատ նման են իրար։ Սա նաև կինոների որակն է ավելի բարձրացնում։ Կամուրջներ է գցում», - ասաց ՖԻՊՐԵՍԻԻ ժյուրիի անդամ Դոմինիկ Շմիդը:

«Արվեստը չունի տրամադրություն բարձրացնելու ուղիղ գործառույթ, բայց այն արտացոլում է սոցիալական իրավիճակը։ Ֆիլմի դիտումը համայնքին կապում է։ Նստում են, գինի են խմում, քննարկում են ինչ-որ թեմա անգամ այլ երկրի ներկայացուցչի հետ, ու գուցե խնդիրները, դրանց լուծումները շատ նման են իրար։ Սա նաև կինոների որակն է ավելի բարձրացնում։ Կամուրջներ է գցում», - ասաց ՖԻՊՐԵՍԻԻ ժյուրիի անդամ Դոմինիկ Շմիդը:

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ Քշիշտոֆ Գերատն ու «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամ Ֆիլիպ Ժալադոն էլ «Ազատության» հետ զրույցում ընդգծեցին՝ ինչ կարևոր էր այս կարճ ժամանակահատվածում, այդքան ֆիլմեր դիտելուց հետո բացահայտել, որ կինոաշխարհն այսօր կարող է բարձրագույն մարդկային արժեքների մասին ավելի ազատ, բաց ու կոնկրետ խոսել. «Բովանդակությունը կարևոր է, բայց ստեղծարարությունն` ավելի։ Տեղային խնդիրները շատ էին, իհարկե, պատերազմ, բայց երբեմն դրանք շատ հաճախ շատ ցուցադրաբար են արվում։

Այդ պատճառով մենք լավագույններին ընտրելիս առաջնորդվել ենք բացառապես ստեղծարարությամբ»:

«Խնդիրներ պատերազմի, կլիմայի, ներգաղթյալների մասին...բոլոր այս վավերագրությունները մարդու մասին են, մեր ոչ հեշտ իրավիճակի»:

XS
SM
MD
LG