Մատչելիության հղումներ

Հադրութի գործողությունը հատուկ նշանակություն ունի, հայտարարում է Ալիևը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութում էլեկտրական ենթակայանի հիմքն է գցում, 9-ը հոկտեմբերի, 2021թ.

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ իրականացված գործողությունների թվում Հադրութի գործողությունը հատուկ նշանակություն ունի ինչպես ռազմական, այնպես էլ ռազմավարական տեսանկյունից, հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Այդ գործողության հաջող ավարտը մեզ թույլ տվեց հասնել մեր նպատակին՝ Ղարաբաղի ազատագրմանը», - ասել է Իլհամ Ալիևը երեկ Խոջավենդի շրջանի հասարակայնության հետ հանդիպման ժամանակ:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն ընդգծել է, որ Հադրութի դիրքն առանձնահատուկ նշանակություն ունի ռազմավարական առումով, քանի որ լեռնային տարածք է. - «Ավանը շրջապատող բարձունքները թույլ են տալիս վերահսկել ընդարձակ տարածք: Հադրութը գրավելը շատ բարդ էր ռազմական տեսանկյունից: Միաժամանակ, Հադրութի գրավմամբ նոր հնարավորություններ բացվեցին մեր հետագա ծրագրերի համար»:

Ադրբեջանի նախագահի փոխանցմամբ՝ Հադրութի շուրջ կատաղի մարտեր են ընթացել մի քանի օր, և երեկ «Հադրութն օկուպացիայից ազատագրելու առաջին տարեդարձն էր»:

Ալիևի խոսքով՝ Հադրութի գործողության մեկ այլ նշանակությունն էր այն, որ Հայաստանի ղեկավարությունը և հայկական բանակը չէին սպասում ադրբեջանական բանակի առաջխաղացում Հադրութի ուղղությամբ. - «Նրանք կարծում էին, որ մենք կշարժվենք Ֆիզուլիի ուղղությամբ: [...] Հադրութի գրավումն իրոք պահանջում էր շատ մեծ ինքնազոհություն և պրոֆեսիոնալիզմ: Իրականացնելով այդ գործողությունը՝ մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք Հայաստանին և ամբողջ աշխահին մեր ուժը»:

Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Հադրութի կորուստը Հայաստանի մոտ «հսկայական բարոյա-հոգեբանական ցնցում է առաջ բերել», և հայկական կողմը երկար ժամանակ թաքցնում էր տեղի ունեցածը:

Շուշիում դրոշ բարձրացնելու նպատակը «դրված էր պատերազմի առաջին օրվանից»

«Նույնիսկ պատերազմի ժամանակ, բազմաթիվ հարցազրույցներ տալով, ես չէի կարող խոսել մեր բոլոր ծրագրերի մասին, քանի որ դա ռազմական գաղտնիք էր: Մեր հիմնական նպատակն այն էր, որ լիակատար հաղթանակ տանենք, դրոշ բարձրացնենք Շուշայում [Շուշի]: Այժմ ես կարող եմ ասել, որ այդ նպատակը դրված էր պատերազմի առաջին օրվանից, և մենք այն իրականացրինք», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նաև հայտարարել է Իլհամ Ալիևը:

Նա հայտնել է, որ Հադրութի հետ կապված մեծ ծրագրեր ունեն, ցանկանում են այն վերածել «միջազգային մշակույթի և զբոսաշրջության կենտրոնի»:

Ադրբեջանի նախագահը նաև Հադրութում կառուցվելիք մզկիթի, այլ շինությունների հիմքերն է գցել:

XS
SM
MD
LG