Մատչելիության հղումներ

Հայտնի են «Կանթեղ» թարգմանական մրցանակաբաշխության մրցանակակիրները


Ամեն տարի հոկտեմբերին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Թարգմանչաց տոնը, որը նշանավորվում է նաև Հայաստանի գրողների միության հետ համատեղ «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ: Մրցանակների են արժանանում թե՛ վաստակաշատ, թե՛ տարվա ընթացքում լուրջ ձեռքբերումներ գրանցած թարգմանիչները: Ինչպես ընդգծում է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, այս տոնը միությունում նշվել է անգամ խորհրդային տարիներին, հետո էլ վերականգնվել արդեն 2000-ականների սկզբներից:

«Արդեն 17-րդ տարին է, ինչ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հայաստանի գրողների միությունն անցկացնում է Թարգմանչաց տոն` ի հիշատակ Մեսրոպ Մաշտոցի և մյուս Աստվածաշնչի թարգմանիչների», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Այսօր, ինչպես ամեն տարի Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին ծաղիկներ դնելուց և իրենց հարգանքի տուրքը հայ առաջին թարգմանիչների հանդեպ մատուցելուց հետո հայտնի դարձան այս տարվա «Կանթեղ» թարգմանական մրցանակաբաշխության արդյունքները, որոնք վճռվում են Գրողների միության նախագահության անդամների որոշմամբ: «Կանթեղ» մրցանակով պարգևատրվում են ոչ միայն հայ, այլև օտարազգի թարգմանիչները, որոնք թարգմանաբար հայ գրականությունը ներկայացնում են օտարազգի ընթերցողին:

«Շատ լավ թարգմանիչներ են` ըստ իս, և կան նաև շատ արժանահիշատակ գործեր, որոնք արվել են արտասահմանում, հրատարակվել են արտասահմանում», - նկատեց Միլիտոնյանը:

Այս տարի Հայաստանից «Կանթեղ» թարգմանական մրցանակին են արժանացել թարգմանիչներ Կարլեն Մատինյանը, Արտաշես Էմինը, Վահե Արսենը: Մրցանակի է արժանացել նաև իրանահայ թարգմանիչ Գարուն Սարգսյանը՝ հայկական պատմավեպեր, նաև հայ պատմիչների գործերը իրանցի ընթերցողին ներկայացնելու համար:

Գերմանիայում «Լյուդվիգ Բուրգս» հրատարակչությունում տպագրվել է «Հայ ժամանակակից պոեզիայի անթոլոգիա»` գերմաներեն, 450 էջանոց գերմաներեն այս ժողովածուի հեղինակն անվանի բանաստեղծուհի և թարգմանչուհի Բետտինա Վյորմանն է: Այս ժողովածուի համար արժանացել է «Կանթեղ» մրցանակին:

Էդվարդ Միլիտոնյանը ակնհայտ է համարում հետաքրքրությունը հայ ժամանակակից գրականության նկատմամբ. «Հետաքրքրասիրությունը մեր ժամանակի գրականության հանդեպ շատ բարձր է, և մեր հայ ընթերցողներին էլ պիտի դա հուշենք, որ կարդան իրենք էլ, և այսօր ապրող գրողներով հետաքրքրվում են տարբեր երկրներում` Պարսկաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան»:

Նա հայտնեց նաև, որ Բետտինա Վյորմանը Հայաստանում է, հոկտեմբերի 13-ին Գրողների միությունում կկայանա այդ գրքի շնորհանդեսը. «Իսկ Թարգմանչաց տոնը եզակի է աշխարհում` հարգելու հազարավոր տարիներ թարգմանական գործ արած մարդկանց հիշատակը:

Հայաստանը բազմաթիվ հրատարակություններ է արել: Նաև Հայաստանում հրատարակվել են օտար լեզուներով գրքեր: Մեր հայաստանյան թարգմանիչները նաև խորացան այդ թարգմանական արվեստի մեջ, և իրենք Հայաստանում արդեն օտար լեզուներով գրքեր են թարգմանում, նաև գեղարվեստական գրքեր, որոնք տպագրվել են արտասահմանյան հրատարակչությունների կողմից ևս», - ասաց միության նախագահը` շարունակելով. «Շատ մեծ թարգմանական գրականություն է հրատարկվում օտար լեզուներից հայերեն, աշխարհահռչակ գրողների գործեր: Մեր թարգմանական խոսքը համընթաց է աշխարհի այսօրվա գրականությանը: Լավագույն օրինակներն անմիջապես թարգմանվում են, տարածվում են, տպագրվում են: Հայաստանը, կարծում եմ, այս առումով` և՛ հրատարակչական գործի, և՛ թարգմանական գործի տեսակետից շատ բարձր մակարդակ ունի»:

Միլիտոնյանը պատահական չի համարում, որ ԱՊՀ երկրների հրատարակիչների և թարգմանիչների ֆորումն անցկացվել է Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG