Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն կարճել է Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով քրեական գործը


Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյան (ձ) և ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյան
Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյան (ձ) և ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյան

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հանցակազմի բացակայության հիմքով կարճել է օգոստոսի 25-ին ԱԺ-ում ընդդիմադիր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մասով քրեական գործը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի պատրաստվում բողոքարկել ՀՔԾ-ի այս որոշումը։ Տուժող ճանաչված Գեղամ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ծեծկռտուքը հրահրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթով, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակցիներին խնդրել էր ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից դուրս հրավիրել, դրանից հետո ընդդիմադիր մեկ այլ պատգամավոր հարցրել էր վարչապետին, թե ինչպես է վերաբերվում այդ ընթացքում իշխանական պատգամավորների ռեպլիկներին, վարաչպետն արձագանքել էր՝ զուսպ են արձագանքում, մեղմ են արձագանքում։

Մանուկյանն ասում է, թե ծեծկռտուքը հրահրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթով։ Երբ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին խնդրել էր ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից դուրս հրավիրել, դրանից հետո մեկ այլ պատգամավոր հարցրել էր վարչապետին, թե ինչպես է վերաբերվում այդ ընթացքում իշխանական պատգամավորների ռեպլիկներին, ու վարչապետն արձագանքել էր՝ զուսպ են արձագանքում, մեղմ են արձագանքում։

«Կազմակերպված խուլիգանություն էր իշխող խմբակցության կողմից, որը ուղղակի Ազգային ժողովի դահլիճում տեսախցիկների առաջ սադրեց Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ դեռ ավելի ուրիշ ձև իր պատգամավորները կխոսեն։ Ինձ և մեր գործընկերներին հետաքրքրում էր մեկ փաստ՝ ՀՔԾ-ն իրավական գնահատական պետք է տա՞ր Փաշինյանի կազմակերպած սադրանքին կազմակերպված զանգվածային խուլիգանության դեպքով։ Որը ՀՔԾ-ն ուղղակի չարեց։ ՀՔԾ-ն և Հայաստանի Հանրապետության օրենքն ու Սահմանադրությունը իրար հետ անհամատեղելի են», - ասաց Գեղամ Մանուկյանը։

Խորհրդարանում մոտ մեկ ամիս տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ՀՔԾ-ն ուսումնասիրել էր տեղի ունեցածն ու կարճել հարուցված քրեական գործը, որից անջատվել էր ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի և իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործը։

Չնայած այդ օրվա կադրերում հստակ երևում է, թե ինչպես են իշխանական պատգամավորները հարվածներ հասցնում ընդդիմադիրներին, Հայկ Սարգսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե իրենք դեմ են բռնությանը. - «Մեր ուղիղ ռեակցիան եղել է նա, որ քաղաքական հարցերը իրականում իրավունք չունեն տեղափոխվելու ուժի դաշտ։ Ուժի կիրառումը մենք խիստ դատապարտում ենք։ Մենք մեր գործողություններով ենք ցույց տվել, որ չենք հանդուրժի ուժի կիրառումը»։

Դիտարկմանը, թե կադրերում երևում է, որ իշխանական պատգամավորները նույնպես ձեռք են բարձրացնում գործընկերների վրա, Սարգսյանն արձագանքեց. - «Հիմա մենք «Հայաստանի» խմբակցության մի շարք պատգամավորների հետ աշխատում ենք հանձնաժողովներում, և անընդհատ այս հարցին անդրադառնալը կվնասի մեր հանձնաժողովների աշխատանքին։ Մենք պետք է իրար հետ դեռ հինգ տարի աշխատենք՝ ի նպաստ մեր ժողովրդի»։

Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ազատությանն» ասաց, որ իրենք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՔԾ, հիմա չեն պատրաստվում բողոքարկել, քանի որ տուժող կողմն էլ է հրաժարվում դա անել։

Սա Իոաննիսյանի համար խնդրահարույց է. - «Ինչ-որ սենց գողական քրեական ենթամշակույթին վայել արարքի է սա նմանվում էն առումով, որ, այո, ծեծել են, բայց չէ, մենք բողոք չունենք»։

Առհասարակ, ըստ Իոաննիսյանի, քրեական գործի կարճումն ուղերձ է, որ խորհրդարանում կարելի է ծեծը անպատիժ թողնել. - «Սեյրան Օհանյանի շիշ նետումը ևս անբացատրելի արարք էր, և մենք խնդրել էինք ՀՔԾ-ին դրան ևս քրեաիրավական գնահատական տալ։ Բայց շատ կարևոր էր նաև Նիկոլ Փաշինյանի խոսքը, որը թե' լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ և թե' ընդդիմության նկատմամբ այդ հասունացող բռնության վերաբերյալ օրհնություն էր իր մեջ պարունակում»։

Հայկ Սարգսյանի չի կիսում Իոաննիսյանի այս կարծիքը։

Շատ հարցեր, ըստ Իոաննիսյանի, բաց մնացին ոչ պատշաճ քննության պատճառով. - «Որքանո՞վ է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախապես որոշած եղել այս ակցիան իրականացնելու թե ոչ, որքանո՞վ է Նիկոլ Փաշինյանը էդ որոշմանը մասնակցել կամ դրդել, որ այդ որոշումը կայացվի։ Իհարկե էդ ամբողջը պետք է քննվեր։ Բայց նույնիսկ քրեական գործ չունենք... Ինչ է նշանակում, որ Ալեն Սիմոնյանը փորձում էր ներս հրավիրել, իսկ իրանք հասկացել էին, որ իրենց դուրս են հրավիրում և ներս չեն հրավիրում։ Բոլորիս համար ակնհայտ է, որ դա լուրջ չէ։ Դահլիճում տեղի ունեցողը բոլորիս աչքի առաջ էր»։

Քաղհասարակության ներկայացուցչի կարծիքով, խորհրդարանում էթիկայի հանձնաժողով ստեղծելու կարիք կա։ Այդուհանդերձ, Իոաննիսյանի կարծիքով, այս հարցն այդ տիրույթից դուրս էր լինելու։ Սա, նրա խոսքով, ավելի շատ իրավապահների քննության թեմա էր։

ԱԺ աշխատակազմից «Ազատությանը» հայտնեցին, որ խորհրդարանի նախագահին էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծալու դիմում մինչև այս պահը ոչ մի խմբակցությունից չի ներկայացվել։

XS
SM
MD
LG