Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում շիշը հռետորական նետվեց, և դա պետք է գնահատել. Վարդան Պետրոսյան 


Հետպատերազմյան, հետընտրական Հայաստանի մասին զրուցել ենք դերասան Վարդան Պետրոսյանի հետ։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Դուք խոսում եք ներքին գզվռտոցներից, անցած ամիս մենք տեսանք՝ Ազգային ժողովում ինչ կատարվեց՝ ծեծկռտուք, հայհոյանքներ, միմյանց վրա շիշ էին նետում, մյուս կողմից նկատում ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական լարվածությունն ինչ-որ տեղ նվազել է. փողոցներ չեն փակում, հանրահավաքներ չեն անում: Հիմա մենք ունենք այսպիսի Ազգային ժողով, սա ի՞նչ է տալիս Հայաստանին, ինչ-որ հարցեր կարո՞ղ է այս Ազգային ժողովը լուծել, թե՞ սա էլ է բավարար՝ մարդիկ այնտեղ իրար հայհոյում են, և մենք հնարավորություն ունենք ամեն մեկս զբաղվել իր գործով:

Պետրոսյան. - Նախ, Ազգային ժողովն, ինձ թվում է, արտացոլում է հենց հասարակությունը, ինչ որ պիտի տեղի ունենար Հայաստանի հասարակության մեջ դրսում, տեղի է ունենում սովորական Ազգային ժողովը, և շատ դեպքերում հենց Ազգային ժողովը տարբեր երկրներում, ընդհանրապես աշխարհի բոլոր Ազգային ժողովները ինչ-որ տեղ ծառայում են նաև դրան՝ դրսի տուրուտվեքի փոխարեն ներսում իրար տուրուտվեք են անում այդ մարդիկ: Շատ զվարճալի, բայց փաստ է: Երկրորդ ավելի զվարճալի փաստը, ես որպես երգիծաբան, արտիստ, հեղինակ, չեմ կարող չանդրադառնալ սպեցիֆիկայի վրա, հատկանշական կողմեր կան՝ բոլոր ծեծկռտուքները, եթե տեսնեք ուկրաինական Ազգային ժողովը, իրար ծեծում են ինչպես «Տարաս Բուլբան», լավ ջարդում են, տվածը տված է, ամեն տվածից հեչի պես մի երկու շաբաթ կպառկեն: Եթե ճապոնացիների ծեծկռտուքը տեսել եք, գիտե՞ք, այդքան կուլտուրական ժողովուրդ ոնց որ Ճապոնիան է այսօր, էդքան հարգանքի խոնարհման արժանի...., ակնոցով մարդը մեկին բռնել էր և ինչ-որ պրիոմ էր ուզում անել, չէր ստացվում, որովհետև ամեն դեպքում էն մեկն ավելի չաղ էր:

Հայաստանում ինչպե՞ս եղավ. շիշը շատ անհաջող շպրտվեց, օրինակ, ես կարծում եմ՝ Սեյրան Օհանյանը հաստատ շիշը կարող էր կպցնել, բայց դա ավելի հռետորական նետում էր, և պետք էր գնահատել: Այսինքն՝ ես չեմ տալիս շիշը գլխիդ, որովհետև անհարմար է: Հայերս օջախի մարդ ենք՝ տուն ա, տեղ ա, բաներ կան: Ի դեպ՝ եթե նկատեցիք, ում գլխին շիշը, ես անուն-ազգանունով չեմ հիշում, ում գլխին շիշը գնաց և չկպավ, մի կես րոպե ուշացումով սա էլ հիշեց, շիշը շպրտեց բոլորովին մի ուրիշ տեղ:

«Ազատություն». - Դա ի՞նչ էր նշանակում:

Պետրոսյան. - Դե դա նշանակում է՝ հայերն, այնուամենայնիվ, ավելի քնքուշ են իրար նկատմամբ տրամադրված: Հաջորդ կռիվը, վստահաբար, եղել էր մի հատ պիտիմինուտկա, բժիշկները ոնց են ամեն օր գործի գնում են հիվանդանոցում մի հինգ րոպե հանդիպում, խոսում, չէ՞, էս պիտի անենք, էն պիտի անենք, կարծում եմ՝ իշխանական թևը և էն մյուս թևը էդպես պիտիմինուտկաներ էին արել, երևի ավելի կազմակերպված էր իշխանական թևը, հարձակվեցին, սկսեցին իրար խփել: Մի քիչ ծաղր ու ծանակի էր նման, այդքան կռիվի նման չէր, բայց դե հիմա էլի մի բան էր, ի՞նչ կարող ես անել:

Ինչ վերաբերում է այս Ազգային ժողովին՝ արդյոք սա մի բանի կծառայի՞: Եթե անկեղծորեն խոսեմ և առանց կատակի, ես տպավորություն ունեմ, որ մեր Ազգային ժողովի ընդդիմադիր մասը ամեն ինչ անելու է բոյկոտելու համար կառավարության այս մասի որոշումները: Ես դա ցավով եմ ասում: Դա նրանց որոշած գիծն է, կարծում եմ, իրենք մինչև վերջ տանելու են: Ինչ ասեն, այստեղ պետք է առճակատում լինի, ոնց ասեն, պիտի առճակատում լինի: Միգուցե ես սխալվում եմ, բայց էդպես եմ տեսնում, այսպես եմ զգում, առավել ևս մի քանի անգամ այդ մասին խոսեցին, որ ինչ էլ ասեք մենք ձեր կողքը չենք: Բայց, սիրելի բարեկաներ, սիրելի պատգամավորներ, դուք հասկանո՞ւմ եք, որ ձեզ նայում են միլիոնավոր մարդիկ ոչ միայն այստեղ, դրսից էլ: Մենք միգուցե, ի՞նչ ասեմ՝ պլատոնական սիրով տոգորված մարդ ենք, ռոմանտիկ ենք, լիրիկ ենք, ոնց ուզում եք հասկացեք, բայց այդ մարդիկ հոգու խորքում հասկանալով անգամ այն, ինչ տեղի է ունեցել, համաձայնվելով կամ չհամաձայնվելով, թեկուզ 2-3 մեծ դաշտի բաժանված, հոգու խորքում ասում են՝ լավ, բայց չէ՞ որ դուք կարող եք լեզու գտնել ինչ-որ ձևով, չէ՞ որ կան հարցեր, որոնք բարձր են կուսակցական հարցերից: Չէ՞ որ ներկուսակցական և կուսակցական խնդիրներից ավելի բարձր խնդիրներ կան, և եթե այս ամեն ինչը գնում է անընդհատ այսպես զարգացող ծեծկռտուքներով, սա ոչնչի չի կարող բերել:

Պատկերացրեք մի տուն, մի ընտանիք, ինչ առաջարկում է հայրը, մայրն անպայման բորբոքված կռիվ է անում, այն կողմից էլ երեխաներից 1-2 հոգու հետ արդեն խոսել է, կարծես թե հոր դեմ է ամեն ինչ տրամադրվել, ես հասկանում եմ շատ լավ բոլորին էլ: Ես մի անգամ հենց այստեղ՝ «Ազատություն»-ում այդ օրինակը բերեցի, ներողություն եմ խնդրում, նորից այդ օրինակը պետք է բերեմ, այդ եկավ մտքից, Քեմալ Աթաթուրքը և Էնվերը ատել են իրար, չեք պատկերացնում ոնց են ատել, հատկապես Էնվերը, որովհետև գիտեր, որ ինքը պետք է լիներ Մուսթաֆա Քեմալի փոխարեն, էդպես էր, բայց հետո ինչպես որոշվեց, հասկացան, որ Էնվերն ավելի ռոմանտիկ է կամ ավելի թույլ և ավելի ուժեղ է Մուսթաֆա Քեմալը և նրան դարձրին Աթաթուրք, նրա մեջքին դրեցին այն թամբը քեմալականության, որ նա առաջ տարավ, բայց Էնվերն ու Քեմալն իրար հետ աշխատել են ընդհանուր գործի համար և միասին կարողացել են անընդհատ իրենց նպատակին ծառայեցնելով: Մենք չենք կարողանում երկու թուրքի չափ աշխատել, մենք չենք կարողանում հաղթահարել այդ բաները, պահեք ներկուսակցական գզվռտոցը, ատեք իրար, հասկանում եմ, բայց չէ՞ որ ինչ-որ բան կա, որտեղ դուք կարող եք առանձին հանդիպել, միգուցե հանդիպում են, քչփչալ, շշուկով գծագրել, միգուցե անում են, ես չգիտեմ, բայց դա ինչ-որ ձևով կերևար որոշակի հարցերում գոնե կերևար, որ այստեղ ինչ-որ բան տեղի է ունենում, այստեղ ինչ-որ մի լուրջ գործընթաց կա: Թե չէ մենք էսպես ո՞ւր պետք է գնանք, երբ մեր ղեկավար մասն առավոտից իրիկուն ով ինչ ասի մյուսը պետք է հակադրվի:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG