Մատչելիության հղումներ

Վճռաբեկի պահանջով դատարանը կքննի Աշոտ Մինասյանին կալանավորելու հարցը


Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է Սիսիանի ջոկատի հրամանատար, «Աշոտ Երկաթ» մականվամբ հայտնի Աշոտ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառման վերաբերյալ դատախազության բողոքը։

Մինասյանին մեղադրանք էր առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես, Հայաստանի վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։

Ըստ Գլխավոր դատախազության՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ առաջադրված մեղադրանքներից մեկի՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված [Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը] հանացագործության կատարմանն Ա. Մ.-ի [Աշոտ Մինասյան] առնչության հետ կապված հիմնավոր կասկածն առկա է, ինչի պարագայում առաջացել է նաև խափանման միջոց կալանքի հիմքերի մասով նոր քննություն իրականացնելու անհրաժեշտություն:

Ուստի Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ստորադաս դատարանների որոշումները, և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության:

2020 թվականի նոյմեբերի 9-ի հրադադարի հայտարարությունից օրեր անց ԱԱԾ-ն հաղորդեց, որ հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Այս գործով ձերբակալվեցին մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Աշոտ Ավագյանը, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ապա ազատ արձակվեցին։

XS
SM
MD
LG