Մատչելիության հղումներ

ԱԱԾ հայտնում է, որ կանխել է վարչապետի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու փորձ


Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հանցագործության նախապատրաստության փուլում կանխել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պետական գործչի սպանության, բռնություն գործադրելու միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել է մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր:

Համաձայն ԱԱԾ հաղորդագրության, մասնավորապես՝ Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն, ունենալով հակաիշխանական հայացքներ, օգտվելով սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում հակամարտ գոտում առկա զենք-զինամթերքի առկայության հանգամանքից, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով փոխադրել և իրեն պատկանող Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գտնվող շինություններից մեկում պահել է մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ընդ որում, հիշատակված անձը, սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում և դրա ավարտից անմիջապես հետո, Հայաստանում և Արցախում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավարների, հակաիշխանական հայացքներ ունեցող քաղաքական գործիչների և նրանց համախոհների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել ապօրինի պահած զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ պետական գործչի՝ Հայաստանի վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով ապօրինաբար վերջինին դիտավորությամբ կյանքից զրկել և ինչպես այդ կերպ, այնպես էլ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի կառավարության լիազորություններին՝ քննարկելով նույնիսկ ՀՀ վարչապետին փոխարինող հավանական թեկնածուի վերաբերյալ հարցեր:

Արդյունքում, ըստ ԱԱԾ-ի, Ա. Մ.-ն և Հայաստանում ու Արցախում գործունեություն ծավալած կուսակցությունների ղեկավար, հակաիշխանական հայացքներ ունեցող մի շարք քաղաքական գործիչներ և նրանց համախոհներ, նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստելով կատարելու պետական գործչի սպանություն և իշխանության յուրացում, սակայն իրենց գործողություններն ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներով. նախապատրաստվող հանցագործությունները բացահայտվել և խափանվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից:

Հիշատակված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Ա. Վ.-ն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վ. Բ.-ն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Ա. Ա.-ն, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Ա. Մ.-ն:

«Հարկ է նշել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում կասկածյալներին պատկանող բնակարաններում կամ շինություններում հայտնաբերվել և առգրավվել են 3 հատ 7,62 մմ տրամաչափի «ПК» տեսակի /7,62X54/ գնդացիրներ, մեկ հատ «РПК-74» տեսակի 5,45 մմ տրամաչափի ձեռքի գնդացիր, 2 հատ օպտիկական սարքով հակատանկային նռնականետ, 3 հատ ինքնաձիգ, 14 հատ օպտիկական սարքով հրացան, 9 արկղ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ՝ յուրաքանչյուրում 2160 հատ փամփուշտ, 5 արկղ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, 233 հատ 7.62 տրամաչափի փամփուշտներ, 11 հատ պայթուցիչ/կապսուլ/, 8 հատ էլեկտրական պայթուցիչ/զապալ/, 1 հատ նռնակի պայթուցիչ, 13 հատ մեխանիկական պայթուցիչ, 1 կծիկ վառոդաթել /ֆիթիլ/, 2 հատ ՌԳԴ տեսակի նռնակ, 3 հատ ձեռքի նռնակի պայթուցիչ, 1 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ, 1 հատ հակատանկային նռնակի իրան, 1 հատ տրոտիլային խորանարդիկ՝ ինքնաշեն մետաղական շրջանակով, 1 հատ էլեկտրական դետոնացում իրականացնող սարք, ինչպես նաև մեծաքանակ այլ զենք ու զինամթերք, որոնց օգտագործման և նպատակի մասին սույն գործով ներգրավված անձինք մանրակրկիտ քննարկումներ են ունեցել», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել էր, որ իշխանության յուրացման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավարը:

«Ապօրինի խուզարկություններ են իրականացվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում, Արթուր Վանեցյանի բնակարանը խուզարկել չի ստացվել, քանի որ իրավապահ մարմիններն անգամ չեն կարողացել պարզել բնակարանի հասցեն ու խուզարկության թույլտվություն էին ստացել բոլորովին այլ հասցեով։ Ինչից հետո, առանց խուզարկության չհեռանալու միտումով, ձեռնամուխ են եղել նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակի խուզարկությանը, որի թույլտվությունը չունեն», - Ֆեյսբուքում գրել էր փաստաբանը։

Պաշտպանը տեղի ունեցածը որակել է քաղաքական հետապնդում:

XS
SM
MD
LG