Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Պուտինին․ Հայաստանի վարչապետը և նախագահը նաև շնորհավորական ուղերձներ են հղել


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է․ - «Ռուսաստանի Դաշնության զարգացման շահերից բխող նպատակների իրագործմանը միտված պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում երկրի դերի առավել ամրապնդմանը միտված Ձեր հետևողական ջանքերը Ձեզ արժանի հարգանք են ապահովել հայրենիքում և արտերկրում»:

«Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Երախտապարտ ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերի համար:

Անկեղծորեն գնահատում եմ մեր միջև ձևավորված փոխըմբռնումը և վստահելի հարաբերությունները», - գրել է Փաշինյանը Պուտինին։

Փաշինյանն այսօր նաև հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մեծապես կարևորում է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ սերտ համագործակցությունը:

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանում տիրող իրավիճակին և տեղի ունեցող զարգացումներին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է․ - «Հայաստանում բարձր են գնահատում Ձեզ և Ձեր նշանակալի ավանդը մեր երկրների միջև համագործակցության զարգացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում: Վստահ եմ, որ դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր եղբայրության և փոխվստահության վրա և ուղղված են ապագային, կշարունակեն նպաստել երկկողմ օրակարգի առաջխաղացմանը և համագործակցության ներուժի գործնական իրացմանը»։

Ռուսաստանի նախագահն այսօր դարձավ 69 տարեկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG